Էքսկուրսիա ԱԱԾ-ո՞վ

Էքսկուրսիա ԱԱԾ-ո՞վ

Կամավորներ կա՞ն... Էքսկուրսիան միանգամայն անվճար է... Չե՞ք ուզում, արդյոք, տեսնել, ուսումնասիրել ԱԱԾ արխիվի նյութերը, ծանոթանալ այդ նյութերով անցնողներին ու նրանց ճակատագրերին, հարցեր տալ ԱԱԾ-ի աշխատակիցներին, հետաքրքրվել, թե ինչպես են աշխատում նրանք և նրանց հիմնարկը... 

ԱԱԾ` որքան խորհուրդ ու խորհրդավորություն են իրենց մեջ պարունակում այս երեք տառերը: Համեցեք, քաղաքացի զբոսաշրջիկներ, ավտոբուսը շարժվում է` մուտքը` Նալբանդյան փողոցի դարպասներից, ելքը, եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, չոռնի խոդի դռնակից` մեկիկ-մեկիկ:

Էքսկուրսիայի կազմակերպիչները` ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն` վստահեցնում են, որ մարդիկ ուզում են ավելին իմանալ ԱԱԾ գործունեության, կատարած աշխատանքների, երկարատև ու վաստակ ունեցող ծառայակիցների կենսագրության, նրանց անցած ճանապարհի մասին, ուզում են հավասարակշռված, ճիշտ գնահատականներ լսել ներքաղաքական և արտաքին զարգացումների վերաբերյալ, հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ստանալ հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի, իրադարձությունների մասին, որոնց առնչվել է ԱԱԾ-ն: Այո, մարդիկ շատ են ուզում ԱԱԾ-ի մասին ավելին իմանալ, բայց, արդյո՞ք ԱԱԾ-ն նույնպես ուզում է, որ մարդիկ էլ իր մասին ավելին իմանան, քան գիտեն: Չէ, եղբայր, ես շատ հարգում եմ մեր ԱԱԾ-ին, բայց ոչ այն աստիճան, որ իմ ոտով գնամ ԱԱԾ` ավտոբուսով ներս մտցնեք, ես էլ մի անզգույշ հարց տամ ու ընկնեմ ք..-ի մե՞ջ: Վերջում էլ ոտքերս առաջ դուրս բերեք հետնամուտքի՞ց: Չէ, դա ինձ պետք չի 1000 տարի:

Ժամանակին` 1940-ական թվականների վերջերին, հայրենադարձ պապս էր մի այդպիսի անզգույշ քայլ արել ու հայտնվել բանտում: Ուրեմն գյուղսովետի նախագահի անունով նամակ է եկած լինում Երևանից: Հավաքվում են գյուղամիջում, որ իմանան` ինչ է գրված նամակի մեջ: Ամբողջ գյուղն անգրագետ է լինում: Բա ո՞վ կկարդա... Պապս` էրգրում գրել-կարդալ սովորած, առաջ է գալիս, թե ես կկարդամ: Վերցնում է թուղթն ու ծայրից ծայր կարդում: Բոլորի բերանը բաց է մնում` ո՞նց թե, գյուղի հովիվը տառաճանաչ ա՞... Լուրն իսկույն հասնում է Երևան, այնտեղից պսպղան աստղերով մարդիկ են գալիս, պապիս հավաքում ու տանում Երևան` ուղիղ ԿԳԲ: Այնտեղ պարզում են, որ պապս անգլիական շպիոն է` ծպտված հասարակ տավարածի յափնջու տակ: Այդ հոդվածով էլ դատում են, տանում Երևանի բերդը, որտեղից էլ ազատվում է աննախադեպ ջրհեղեղի պատճառով:
Ասելս ի՞նչ է... Դեռ փոքր ժամանակներից ինձ հետաքրքրել է շպիոնների թեման` ի՞նչ տեսակ մարդիկ են դրանք, ինչո՞ւ են զբաղվում այդ գործով, ինչո՞ւ բոլոր շպիոններին չեն բացահայտում ու բռնում, այլ դա անում են ընտրողաբար կամ բարձրագույն իշխանության ցուցումով: Եվ պատկերացրեք` ես հանկարծ այս հարցը տամ ԱԱԾ-ում: Իսկույն ինձ անգլիական շպիոնի թոռ կհանեն ու...

Մեկ-երկու օր առաջ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը քացու տակ էր գցել Արման Բաբաջանյանին: Վերջինս, որքան հասկացա, ինչ-որ բաներ էր բլթացրել ոչ այն է ԱԱԾ-ի, ոչ այն է ԱԱԾ պահեստազորի սպաների միության հասցեին և հայտնվել նրանց ուշադրության կենտրոնում: Հարց է առաջանում` ինչո՞ւ է հանրահայտ շպիոն Արման Բաբաջանյանը ազատության մեջ, որ մի հատ էլ ԱԱԾ-ի դեմ բաներ է խոսում: Այսքանից հետո ես ի՞նչ հավեսով էքսկուրսիա գնամ ԱԱԾ, հը՞ ԱԱԾ պահեստազորի հարգելի սպաներ:   

Ահավասիկ` հայտարարում եք, որ դուք շատ կարևորում եք այդ էքսկուրսիան, քանի որ այն նպաստում է ԱԱԾ կառույցի և աշխատակիցների հեղինակության բարձրացմանը, հայրենիքին նվիրյալ սերնդի դաստիարակմանը, նման էքսկուրսիաներով կոտրվում են կարծրատիպերը, այն թյուր կարծիքը, որ կառույցը միայն բռնաճնշման գործիք է իշխանության ձեռքում: Կրկնում եմ` ես շատ հարգում եմ ԱԱԾ-ին, բայց ոչ այն աստիճան, որ այդ կառույցի մասին իմ ունեցած կարծրատիպերը փշրեմ: Ես, կարելի է ասել` ԱԱԾ-ին հարգում եմ իմ ունեցած կարծրատիպերի պատճառով: Եվ, Աստված մի արասցե, ԱԱԾ պահեստազորի հարգելի սպաներ,այդ կարծրատիպերին որևէ բան պատահի: Ես կսկսեմ հավատալ, որ մեր ԱԱԾ-ում սատանաներ բռնելու հատուկ վարչություն կա, իսկ ԱԱԾ-ի պադվալներն էլ լիքն են բռնված սատանաներով: Այնպես որ մի արեք, խնդրում եմ, իմ կարծրատիպերի հետ գործ չունեք, ԱԱԾ-ն եղել է, կա և կմնա որպես բռնաճնշումների գործիք ՀՀ իշխանությունների ձեռքին:

Ամենայն հարգանքով ԱԱԾ պահեստազորի սպաների միության ՀԿ-ի հանդեպ` Էդիկ Անդրեասյան