Օտար խաղեր

Օտար խաղեր

«Որոշ երկրների, այդ թվում` Իրանի Իսլամական Հանրապետության հակադրումն ԱՄՆ-ի թշնամական ու միակողմանի գործողություններին, հանգեցրեց կոպիտ ու անմարդկային պատժամիջոցների կիրառմանը։ Վերջին տարիներին ԱՄՆ-ն շատ երկրների է հետապնդում, որոնց թվում են անգամ Ռուսաստանն ու իր մի շարք գործընկերները` ոտնահարելով միջազգային պարտավորություններն ու երկկողմ համաձայնությունները», «ԱՄՆ-ի պարտադրանքի քաղաքականությունն ու դոլարի` որպես զենքի կիրառումն աշխարհում կհանգեցնեն տնտեսական ահաբեկչության»․ «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է Իրանի նախագահ  Հասան Ռոհանին։

ԱՄՆ-ի հասցեին աշխարհաքաղաքական, միջազգային սկանդալ հրահրող այս մեղադրանքն Իրանի նախագահը նետել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Հերթական անգամ պաշտոնական Երեւանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության տարածքն օգտագործվում է հակաամերիկյան հայտարարությունների համար: Հայաստանի դեպքում սա թեպետ ցավալիորեն ծանոթ, սակայն օտար եւ վտանգավոր խաղեր են:

Իրանի դիրքորոշումը պարզ է. Թեհրանը դաշնակիցներ է փնտրում ԱՄՆ-ի դեմ պայքարում, եւ ԵԱՏՄ պետությունները դրա համար քաղաքական գտածո են, իսկ երեւանյան կայարանը հարմար վայր է այդ պայքարին միասնականության ձեւ հաղորդելու համար: Սակայն ԱՄՆ-ի դեմ պարզած դրոշի կողքին կանգնելը Երեւանի համար անհեռանկար է եւ վտանգավոր:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Միացյալ Նահանգներից վերադարձած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ հասցրել էր Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի վեհաժողովին լուսանկարվել ԱՄՆ նախագահի եւ նրա տիկնոջ հետ, Թեհրանի այս քաղաքական մեդադրանքը երրորդ պետության հասցեին, բնականաբար, անարձագանք է թողել: Եվ ոչ այն պատճառով, որ հյուրընկալության կանոններն են դա պահանջում, այլ որովհետեւ դա է պահանջում եվրասիականությունը, դա է պահանջում ԵԱՏՄ այն քաղաքականությունը, դեպի ուր հրել է Հայաստանը Սերժ Սարգսյանը, եւ դեպի ուր ընթանում է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ձախողելով ամերիկյան այցը, ավելի ճիշտ՝ այնտեղից վերադառնալով զրոյական քաղաքական արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ԵԱՏՄ ֆորպոստի է վերածում: Մոսկվան դեմ չէ, որ Հայաստանը լինի ոչ միայն ռուսական, այլեւ եվրասիական ֆորպոստ: Մանավանդ որ, Հայաստանի հեղափոխական վարչապետն այժմ ԵԱՏՄ առաջամարտիկ է դարձել:

2019թ. հոկտեմբերի 1-ին Երեւանում կայացած ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, շարունակում է տարեցտարի ավելի ամուր դառնալ: Այն արդեն ցույց է տվել իր կենսունակությունը եւ գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միություն։ Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ այս պատասխանատու գործառույթն արդյունավետ իրականացնելու համար»: 

Իհարկե, կարելի էր վարչապետի մամլո խոսնակի հանգույն հարցնել, թե այդ որտեղ է գրվել նրա այդ զեկուցումը, սակայն ակնհայտ է այն վտանգավոր ուղղությունը, դեպի ուր ընթանում է  Հայաստանը:

Համացանցը եւ ժամանակը, բարեբախտաբար, հիշողություն ունեն, որոնք պահպանում են 2014թ. դեկտեմբերի 3-ի Ազգային ժողովի՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության օրակարգային նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից հանդես եկած Նիկոլ Փաշինյանի ելույթը, ուր նա ընդգծում էր. «Մի մեծ սուտ կա՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի մասին: Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե սա ինտեգրացիոն պրոցես է: Իրականում Հայաստանի համար սա ոչ թե ինտեգրացիոն, այլ մեկուսացման պրոցես է: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանը մեկուսացրել են արեւելքից ու արեւմուտքից, ԵԱՏՄ-ն Հայաստանը մեկուսացնելու է հյուսիսից ու հարավից:  Ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին համարում են անթույլատրելի: ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է իր ռազմավարական հեռանկարներն ու մոտիվացիաները՝ դառնալով Եվրասիական տնտեսական տարածքի մի խղճուկ տնվոր: Եվ, ուրեմն, ես դեմ եմ քվեարկելու ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին ոչ թե այն պատճառով, որ չեմ սիրում Ռուսաստանը, այլ որովհետեւ հավատում եմ Հայաստանի ինքնիշխան ապագային»: 
ԱԺ դեկտեմբերի 4-ի ամոթալի նիստում Փաշինյանը խիզախ քայլ արեց՝ մերժելով ԵԱՏՄ-ին եւ «դեմ» քվեարկելով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը:  

Հինգ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը դեռ «վարչապետի՝ ժողովրդի թեկնածու» չէր, եւ ԵԱՏՄ-ի դեմ հանդես գալը չէր խանգարում իր չունեցած իշխանությունը պահելուն, մինչդեռ այսօր ԵԱՏՄ-ի մերժումը նա սեփական իշխանության ուժգին ցնցում է ընկալում: Նաեւ այդ պատճառով է իր իսկ կենսագրությունն ու քաղաքական ուղին մոռացած Փաշինյանը հայտնվել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության «անշրջելիության» օտար եւ վտանգավոր, ողբերգական խաղի որոգայթում՝ Հայաստանի պետությունը դարձնելով թիրախ օտար պետությունների հակասությունների՝ օտար խաղերի համար: Նիկոլ Փաշինյանին հավանաբար թվում է, թե հենց ինքն արդեն Հայաստանի ինքնիշխանության գրավական է, թե թավշյա հեղափոխությունը վերջ դրեց Հայաստանի կախյալությանը Ռուսաստանից, մինչդեռ իրական քաղաքականությունն ապացուցել է հակառակը. Երեւանն աշխարհում ինչպես ընկալվել, այնպես էլ շարունակում է ընկալվել որպես անհուսալի գործընկեր, որպես ռուսական ուղեծրում պտտվող քաղաքական արբանյակ-պետություն:

ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ սկիզբ դրվեց Հայաստանի արտաքին քաղաքական ձախողումների նոր շրջափուլի, որ շարունակվում է հետհեղափոխական Հայաստանում:  Արտաքին քաղաքականության մեջ Նոր Հայաստանը նույնքան հին է, որքան ռուսական ծայրագավառ դարձած հին Հայաստանը: 
Ի սկզբանե Եվրասիական տնտեսական միությունը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կառույց է եղել՝ թուլացնելով Հայաստանի ինքնիշխանությունը, հեռացնելով մեր երկիրը եվրոպական ինտեգրացիայից, մեր պետությունը մղելով բռնատիրական կառավարման հավաքատեղի: Նաեւ որպես տնտեսական կառույց՝ ԵԱՏՄ-ն Հայաստանի զարգացման արգելակ է: 

Հայաստանի արտաքին քաղաքական երթեւեկությունը նման է Երեւանի երթեւեկությանը, ուր տիրում է վտանգավոր խառնաշփոթ, ուր ոչ թե կանոններն ու ողջամտությունն են գործում, այլ պահի թելադրանքն ու տարերայնությունը: Հայաստանի արտաքին քաղաքականությունն ինչպես եղել է, այնպես էլ մնացել է միակողմանի երթեւեկության փողոց, ուր երթեւեկությունն ընթանում է մեկ՝ եվրասիականության ուղղությամբ: Ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Բրյուսել, Միացյալ Նահանգներ, ո՛չ ԱԺ պատգամավորների «զբոսաշրջային փաթեթները» Հայաստանի արտաքին քաղաքականությանը փոփոխություններ չհաղորդեցին: Մեկ գիշերում Մոսկվայի նախաձեռնած Մաքսային միությանը, ապա եւ ԵԱՏՄ-ին անդամակցած Հայաստանն այնուհետ հայտնվեց ԵԱՏՄ-ի «անշրջելիության» բանդագուշանքի մեջ:  

Նոր Հայաստանն այժմ դառնում է քաղաքական կրակապաշտության մեհյան, եվրասիական «անշրջելիության» թիրախ եւ աշխարհաքաղաքական օտար խաղերի հրապարակ: