Կենսաթոշակների շուրջ աղմուկն առոչինչ է

Կենսաթոշակների շուրջ աղմուկն առոչինչ է

Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ վերջին 2 տարում Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են 44 տոկոսով: Սա, ըստ Անանյանի, նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե 2 տարվա ընթացքում երկիրը հնարավորություն ունի բյուջետային մուտքերն ավելացնել 30-40 տոկոսով, փաստորեն, արդարացվել է: Ինչպես հայտնի է, հունվարի մեկից կենսաթոշակներն ավելացել են միջինը 10 տոկոսով: Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ աճը 2019 թվականի եկամուտների մոտ 20 տոկոս ավելացման արդյունքն է: Սակայն հիմնավոր կարծիքներ կան, որ աճ իրականում չկա: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, դեռ անցյալ տարի հայտարարել էր, որ կենսաթոշակների բարձրացումն արդեն «խժռված» է գնաճի կողմից: Մոտավորապես այդ բարձրացման չափով բարձրացել են նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների գները: 

4-6 հազարական հարստությունը՝ մարդկանց գլուխներում 

Որքան ավելի հաճախ է վարչապետ Փաշինյանն ընդգծում իր կառավարության տնտեսական հաջողությունները, այնքան ավելի հաճախ է հասարակ մարդու գլխում հարց ծագում, թե ինչու ինքն իր մաշկի վրա չի զգում այդ հաջողությունները: Այս հարցին դասական պատասխան ժամանակին տվել է էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ասելով. «Երեւի, մաշկի խնդիր կա»: Հիմա մոտեցումը փոխվել է՝ ոչ թե մաշկի, այլ գլխի խնդիր կա: Աղքատությունը մարդու գլխի մեջ է: Նշանակում է՝ հենց մտածեցիր, որ աղքատ չես, վիճակդ կտրուկ լավանալու է: Քիչ էր մնում, որ մեր կես միլիոնից ավելի թոշակառուները հարստանային այս սխեմայով: Հուլիսին, երբ թոշակառուների սիրելի Փաշինյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից 10 տոկոսով բարձրանալու են թոշակները, նրանք արդեն համարյա հաղթահարել էին աղքատությունն իրենց գլխում: Այդ չնչին կոպեկները հարազատ, ազնիվ կառավարությունից նրանք ընդունեցին մեծ ուրախությամբ, ու շատերն ամիսներն էին հաշվում, թե երբ է գալու հունվարի մեկը, որ իրենց ձեռքում տեսնեն ու շոշափեն այդ 4-6 հազարական երջանկությունը: 

Եվ ահա, երբ աղքատությունը համարյա լրիվ դուրս էր եկել թոշակառուների գլխներից, շատերը հանկարծ պարզեցին, որ ոչ մի 10 տոկոս էլ իրենք չեն ստանալու, իսկ թոշակի ավելացումը հաճախակի 4000-ից էլ պակաս է, քանի որ կա հաշվարկի որոշակի ձեւ, տարիքային կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժից, իսկ 10 տոկոսը միջինացված թիվ է: Սոցապնախարարի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե թոշակներն ավելանալու են ոչ թե 10 տոկոսով, այլ՝ միջինը տասը տոկոսով: Երեւի, նա ուղղակի չի լսել վարչապետի ելույթները եւ հերքելով՝ փորձում է փոխել դրանց բովանդակությունը: 
«Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար, սահմանվում է 950 դրամ (800 դրամի փոխարեն) եւ նվազագույն կենսաթոշակն աճել է 1000 դրամով՝ 25.500-ից հասնելով 26.500 դրամի»: «Նախատեսվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կավելանա 10 տոկոսով: Սա նշանակում է, որ առանձին դեպքերում կենսաթոշակը կավելանա 10 տոկոսից քիչ, իսկ որոշ դեպքերում՝ 10 տոկոսից ավելի չափով»: Պարզաբանումներն այս գտնում ենք սոցապնախարարության կայքում: Սա նշանակում է, որ նվազագույն կենսաթոշակ ստացողները կկարողանան ամիսը մի տուփ կարագ գնեն: Իսկ նրանք, ովքեր, ասենք, մոտ 36․ 000 էին ստանում, հիմա կստանան 39.000 դրամ ու ամսական կկարողանան մեկ կիլոգրամ միս գնել: Դրանից պակաս ստացողներն էլ կկարողանան միս գնել, բայց արդեն՝ աղացած: 

Որքա՞ն միս է գնել Զարուհի Բաթոյանն իր պարգեւավճարներով

Թե որքանով են այս թվերը համադրելի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների ստացած պարգեւավճարների հետ, քանի կիլո միս եւ կարագ կկարողանա գնել նախարար Բաթոյանը, հաշվեք ինքներդ: 
Նախարարի աշխատավարձը մոտ 793 հազար դրամ է, եւ մայիս ամսից, կառավարության հայտնի եւ «գաղտնի» որոշումից հետո, նա ամեն ամիս որպես պարգեւատրում ստացել է մոտ 1 մլն 343 հազար դրամ: Նրա առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը 987,277-ից 1,744 դրամ պարգեւավճարներ է ստացել, իսկ ամբողջ նախարարությանը, ընդհանուր առմամբ, տրամադրվել են 237 մլն 148 հազար դրամ պարգեւավճարներ (թվերը բերում ենք ըստ սոցապնախարարության՝ antifake.am կայքին տված պատասխանի): Նիկոլ Փաշինյանի տեսակետը սույն հարցի հետ կապված, հայտնի է եւ անբեկանելի։ «Պետք չի ասել, այդ ոնց է, որ նախարարը թոշակառուից չգիտեմ քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում: Որովհետեւ նախարարի աշխատանքից է կախված, թե այդ թոշակառուի կենսաթոշակը կավելանա, թե չի ավելանա եւ ինչ կարգով»,- հայտարարել է վարչապետն ԱԺ-ում:  
Հետեւություն՝ եթե նախարարության աշխատակիցները 237 մլն դրամից ավելի պարգեւավճար չստանային, եթե  նախարարն ամեն ամիս մոտ երկու մլն դրամ չունենար, թոշակառուներն այդ 1000-5000 դրամները չէին ստանա: Բայց արդյո՞ք համաչափ է բյուջեի եկամուտների ավելացումը, որի մասին խոսեց նաեւ ՊԵԿ նախագահը, թոշակների բարձրացմանը:

Կենսաթոշակը կարելի էր բարձրացնել 50 տոկոսով

 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը, որը մանրամասն զբաղվել է կենսաթոշակների խնդրով եւ ունի հրապարակումներ այդ թեմայով, պատասխանում է. «Համաչափ չի: Նախ, եթե դիտարկում ենք, որ երկու տարում եկամուտներն աճել են 44 տոկոսով, նշանակում է, տարեկան աճը կազմել է 22 տոկոս, իսկ թոշակներն ընդամենը միջինը աճելու են 10 տոկոսով, այն էլ՝ 2020 թվականից»: Թադեւոս Ավետիսյանը հիշեցնում է, որ գործող իշխանությունը, երբ որ նոր էր եկել իշխանության, պարտադիր կուտակային բաղադրիչը խնդրահարույց էր համարում, եւ իր նախնական ծրագրում այդ համակարգի վերանայման դրույթը կար: «Բայց, փաստացի, 2018-ին այդ համակարգը ներդրվեց եւ արմատավորվեց: Դրան ուղղվող միջոցները 2020 թվականին 78 մլրդ դրամ են լինելու: Միայն այդ միջոցներով հնարավոր էր 25 տոկոսով եւս բարձրացնել կենսաթոշակները»: 

Թադեւոս Ավետիսյանը հաշվարկել է, որ եթե մի շարք բարեփոխումներ արվեին, այդ թվում, օրինակ, վերացվեր կեղծ ստաժների հավելագրման պրակտիկան, ապա եւս 5-10 տոկոս միջոցներ կխնայվեին, որոնք կարելի կլիներ ծառայեցնել թոշակների բարձրացմանը: «Ես վերջերս հաշվարկել եմ, որ ամենանվազագույնը 50 տոկոսով կարելի է ավելացնել կենսաթոշակը, բայց մենք ունենք ընդամենը 10 տոկոսի ավելացում: Չմոռանանք նաեւ, որ 2018-2020 թվականներին առաջին անհրաժեշտության ապրանքների գներն առնվազն 5-6 տոկոսով բարձրացել են, եւ եթե սա եւս հաշվի առնենք, ապա այդ 10 տոկոսը գոյություն չունեցող բարձրացում է»,- ասում է տնտեսագետը: Հարցին, թե միջինը տասը տոկոսը ճշգրիտ թի՞վ է, նա պատասխանում է. «Կան թոշակների տեսակներ, որոնք 10 տոկոսով են բարձրացել, բայց, օրինակ, նվազագույն կենսաթոշակի չափը 1000 դրամով է բարձրացել, իսկ սա տասը տոկոսից շատ քիչ է: Ցավոք, այդ նվազագույն կենսաթոշակ ստացողների մեջ աղքատներն ավելի բարձր տեսակարար կշիռ ունեն, եւ այստեղ պետք էր ավելի առաջանցիկ բարձրացում»: