«Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունը հակասում է կառավարության ծրագրին

«Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունը հակասում է կառավարության ծրագրին

Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի պատասխանատու նախարարությունը զբաղվածության պետական աջակցության համակարգի բարեփոխումների տրամաբանական շարունակականություն ապահովելու փոխարեն՝ հետևողականորեն իրականացնում է այնպիսի փոփոխություններ, որոնք ոչ միայն վերացնում են այդ համակարգի նպատակային կառավարման հնարավորությունը, այլև ուղղակիորեն հակասում են օրվա կառավարության հռչակած ծրագրային նպատակադրումներին:

Իրականում այս ամենը կատարվում է միայն մեկ «նպատակով»՝ ամեն գնով ապահովել զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը և ծախսել պետական բյուջեից հատկացված միջոցները, որ հետագայում գոնե առերևույթ չարձանագրվեն 2018 թվականի (75 տոկոս թերակատարում) և 2019 թվականի 9 ամիսների (50 տոկոս թերակատարում) փաստացի ձախողումները:

Իրական արդյունքի ու հասցեկանության խորացող խնդիրներն էլ պատասխանատուները ցրում են բազմաժանր մանիպուլիացիաներով:

Իհարկե, արատավոր այս գործընթացը չի համապատասխանում նաև զբաղվածության ոլորտում գործող օրենսդրությանը: Այդ անհամապասխանությունը վերացնելու համար էլ ոլորտի պատասխանատուները նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ, որը հակասում է տարածքային համաչափ զարգացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական նպատակադրումներին, որոնք ձևակերպված են նաև գործող կառավարության հնգամյա ծրագրում:
Ավելին՝ այս նախագծով առաջարկվող փոփոխությունները հակասում են նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված զբաղվածության պետական քաղաքականության հիմնական հետևյալ սկզբունքներին` սոցիալական ներառման և ըստ առաջնահերթությունների` պետական աջակցության ապահովում: Ի դեպ, օրենքի 10-րդ հոդվածով էլ նախատեսված է զբաղվածության պետական կարգավորման, տարածքային զարգացման և ժողովրդագրական քաղաքականությունների փոխադրաձ կապի ապահովման անհրաժեշտությունը:

Իսկ քաղաքականության պատասխանատուները զբաղվածության ոլորտում իրենց կատարողական ցուցանիշները բարելավելու համար, օրենսդրական իրնեց նախագծով առաջարկում են ուղղակի վերացնել ըստ տարածքների՝ զբաղվածության պետական ծրագրերի տեղաբաշխման և դրանց ակնկալվող արդյունքների թիրախավորման պահանջները:

Փոփոխության արդյունքում՝ հեռավոր բնակավայրերում զբաղվածության պետական աջակցությունն առաջնահերթ տրամադրելու համար օրենքով սահմանված պահանջը կփոխարինվի պատասխանատու պետական մարմնի անսահման հայեցողությամբ: Եվ վերջապես, հնարավոր կլինի առանց լրացուցիչ ջանքերի ապահովել յուրաքանչյուր մարզի կատարողականը՝ միայն տվյալ մարզի խոշոր քաղաքներում զբաղվածության ծրագրեր իրականացնելով:
Նախագծով առաջարկվում է մեկ այլ խնդրահարույց փոփոխություն ևս:
Գործող օրենքով մինչև երեք տարեկան երեխա խնամող ծնողն ունի պետական աջակցության իրավունք, եթե վերադառնում է աշխատանքի: Այս իրավունքն իրացնելու համար ներկայումս իրականացվում է զբաղվածության պետական առանձին ծրագիր՝ օրենքի պահանջով: Այս ծրագիրն ունի նաև ժողովրդագրական բնույթ, ըստ որի մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը ստանում է դրամական աջակցություն՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար:

Նախագծով առաջարկվում է նշված դրույթը վերանայել՝ վերացվում է երեխա խնամող ծնողների համար օերնքով սահմանված կարևորագույն երաշխիք: Փոխարենը նախատեսվում է, որ նրանք «կարող են ստանալ աջակցություն»: Այսինքն՝ կարող է նաև չստանան այդ աջակցությունը:
Այսպիսի փոփոխությունը միանշանակ հետ քայլ է երեխա խնամող, աշխատող ծնողների համար առկա պետական սոցիալական երեաշխիքների ապահովման գործընթացում:

Եվ վերջում, զբաղվածության ոլորտում քաղաքական որոշում կայացնողների համար.
այս նախագծի ընդունման պարագայում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերը կհակասեն նույն օրենքի 17-րդ հոդվածին, քանի որ գործնականում կվերանա նաև տարածքային համաձայնեցման կոմիտեների անհրաժեշտությունը, որոնք ձևավորված են զբաղվածության տարածքային ծրագրերի մշակման և իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ