Մարդիկ ընտրություններին մասնակցելու են ըստ ծանոթ-բարեկամների խորհուրդների

Մարդիկ ընտրություններին մասնակցելու են ըստ ծանոթ-բարեկամների խորհուրդների

Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամլո ասուլիս տվեց եւ ներկայացրեց Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ «Գիշեր է, բոլորը փակում են աչքերը» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 30-ը: Հարցումներն իրականացվել են հեռախոսային զանգերի միջոցով։ Հարցվել են 805 քաղաքացի։ Oրինակ՝ հարցին, թե որ կուսակցությանը կամ դաշինքին եք պատրաստվում քվեարկել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում, հարցվածները պատասխանել են հետեւյալ կերպ․ 15.1%-ը կքվեարկի ՔՊ-ին, 9.6%-ը՝ Մարությանին, 3.8%-ը՝ «Մայր Հայաստանին», 3%-ը՝ «Հանրապետությանը», 2.7%-ը՝ «Հանրային ձայնին», 2,5%-ը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը եւ այլն: Այս արդյունքները շատերին կասկածելի թվացին, եւ մարդիկ հիշեցին, թե ինչքան հեռու էր «Գելլափի» հայկական տարբերակը 2021 թվականի ընտրությունների արդյունքները կանխատեսելուց:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով` նման հարցումներն իրականում այնքան էլ վստահելի չեն: Նա չի կարողանում ընկալել, թե ինչու են նմանաբնույթ հարցումներ արվում, սակայն պնդում է, որ դրանք իրականությունը չեն արտացոլում, քանի որ ընտրություններին քաղաքացիները մասնակցում են լրիվ այլ տրամաբանությամբ։ «Ես չունեմ որեւէ վստահություն Հայաստանում անցկացվող ցանկացած հարցման հանդեպ: Հատկապես, եթե դրանք հեռախոսային հարցումներ են: Չեմ կարծում, թե նման հարցումները ճշգրտորեն են արտացոլում իրավիճակը: Անկեղծ ասած` չարժե նման հարցումներին լուրջ վերաբերվել, որովհետեւ, որպես կանոն, ընտրությունների արդյունքները պայմանավորված են լինում բոլորովին այլ գործոններով, ինչը կապ չունի հասարակության քաղաքական դիրքորոշման հետ»,- նշում է քաղաքագետը:

Նրա կարծիքով` իշխանությունները, որպես կանոն, մշտապես վարչական լծակներ են կիրառում եւ ամեն գնով փորձում իշխանությունն իրենց ձեռքում պահել. «Համայնքային ընտրությունների պարագայում վարչական լծակների կիրառման հնարավորությունն ավելի մեծ է, քանի որ հասարակությունն ավագանու ընտրությունները չի դիտարկում որպես պետության ճակատագրի ընտրություն, այլ ավելի շատ դիտարկում են քաղաքի մենեջերի ընտրություն: Այսինքն` քաղաքական մոտեցում չկա, մարդիկ ընտրություններին մասնակցելու են ըստ նպատակահարմարության, ըստ ծանոթների եւ բարեկամների խորհուրդների կամ էլ առհասարակ չեն մասնակցելու: Ավագանու ընտրությունների դերը հանրային ընկալման մեջ բավականին ցածր է, ուստի ցածր է նաեւ պատասխանատվության մակարդակը: Համապետական ընտրությունները լրիվ այլ կերպ են դիտարկվում»:

Նա դժվարանում է ասել, թե, ի վերջո, որ ուժն է լինելու առաջատար, եւ որ ուժերն են հաղթահարելու ավագանի դառնալու շեմը, սակայն համոզված է, որ իշխող ՔՊ-ն ամեն հնարավոր ձեւով մայրաքաղաքում իշխանությունն իր ձեռքում է պահելու. «Իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց թեկնածուն հաղթի: Եթե դա էլ չլինի, նրանք պահեստային տարբերակներ ունեն` կոալիցիա կազմելու համար: Եթե այս ընթացքում ընդդիմությանը չհաջողվի գեներացնել քաղաքական լուրջ պայքար, գործող իշխանությունները վերարտադրվելու որեւէ խնդիր չեն ունենալու: Կան նաեւ այլ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժեր, որոնք, սակայն, մեծ շանսեր չունեն: Օրինակ, Հայկ Մարությանը որպես ընդդիմադիր չի ընկալվում, իշխանության կողմից էլ չունի վստահություն: Անկեղծ ասած, երեկվա հրապարակված հարցումների արդյունքները զարմացրին ինձ, որովհետեւ ես չեմ կարծում, թե Մարությանը զբաղեցնի երկրորդ տեղը: Նրա հույսը խարիզման է: Նա սեւ ու սպիտակի տարանջատման ակունքներում է եղել»,- եզրափակեց Արմեն Բաղդասարյանը: