Սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտությունը

Սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտությունը

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը մի շարք փոփոխություններ է նախատեսում գիտության եւ կրթության ոլորտներում, որը միանշանակ չի ընդունվել ոլորտի մասնագետների կողմից։  

ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով ԳԱԱ-ի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկին, նկատում է՝ իզուր են մտահոգված գիտությունը բուհեր տանելու համար, որովհետեւ գիտությունը բուհերում արդեն կա։ «Ակադեմիայում ովքեր իրենցից մի բան ներկայացնում են, բոլորը դասավանդում են, այսինքն՝ գիտության եւ կրթության կապն արդեն գոյություն ունի, թող իզուր չմտահոգվեն։ Գիտությունների ակադեմիան պետք է լինի, եւ նրանք, ովքեր ասում են, թե Գիտությունների ակադեմիան սովետական ժառանգություն է, խորապես սխալվում են, նրանք չեն պատկերացնում՝ ինչ է ակադեմիա, նրանք չգիտեն, որ Գիտությունների ակադեմիայի ձեւը, կերպը նախահեղափոխական Ռուսաստանից է վերցված, իսկ նրանք էլ Գերմանիայից են վերցրել։ Թե՛ Գերմանիայում, թե՛ Ավստրիայում կան գիտությունների ակադեմիաներ, եւ թող ոչ մեկը չփորձի ակադեմիա ասվածն ամեն գնով կապել սովետական կարգի հետ»,- ասում է նա ու հավելում, որ շատ կուզեր իմանալ, թե որ ինստիտուտը որ բուհին են ուզում միացնել։

«Սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտությունը։ Երկիրը պետք է ունենա ակադեմիա։ Եթե սա քաղաքակիրթ երկիր է, եւ մենք քաղաքակիրթ ազգ ենք, ուրեմն ունենք մեր սիմվոլները, որոնք միայն սիմվոլ չեն։ Գիտությունների ակադեմիա, օպերային թատրոն, պատկերասրահ, Մատենադարան, սիմֆոնիկ նվագախումբ․ սրանք պարտադիր են, իսկ եթե որոշ խավարամոլներ ինչ-որ անձնական նպատակներով ուզում են բաներ քանդել, թող մտածեն իրենց մասին։ Ժամանակը կգա՝ իրենց իսկ իրենց տեղը ցույց տալու։ Մարդու մեկը, որին չեն քվեարկել, եւ չի դարձել ազգային ակադեմիայի անդամ կամ թղթակից անդամ, որոշել է կռիվ տալ ակադեմիայի դեմ»։ Թե ում նկատի ունի՝ Հովհաննիսյանը չասաց, միայն հավելեց․ «Չեմ ուզում անունը տալ, նա կհայտնվի, քանի անգամ ես դա ասել եմ, այդ թվում՝ 2 տարի առաջ ակադեմիայի ընդհանուր ժողովում, եւ բոլորը նայեցին այդ մարդու կողմը։ Մի խոսքով, դա վրդովեցնող բան է, հակազգային եւ խավար շարժում է ակադեմիայի դեմ։ Գուցե ակադեմիայում կան նաեւ ավելորդ մարդիկ, ինչպես ամեն տեղ կան, սա առանձին հարց է, բայց ակադեմիան մնում է ակադեմիա։ Պետք է լինի մի հաստատություն, որտեղ մարդիկ զբաղվեն միայն գիտությամբ։ Եթե միայն գիտությամբ չեն զբաղվում եւ ունեն կողմնակի գործեր, կողմնակի զբաղմունքներ, գիտությունը տուժում է։ Այսօր, ցավոք, մենք այն վիճակում ենք, որ ստիպված ենք գիտության հետ միասին անել ուրիշ աշխատանքներ, որովհետեւ գիտաշխատողի աշխատավարձն ակադեմիական ինստիտուտում ամենացածրն է»։

Այն, որ, համաձայն խոսակցությունների, ինստիտուտները միավորելով բուհերի հետ, ցանկանում են այդկերպ ազատվել նաեւ ինստիտուտների տնօրեններից, Հ․ Հովհաննիսյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ ումից եւ ինչու են ազատվում։ Մարդիկ կան, որոնցից, այո, պետք է ազատվել։ Շատերը կան, որոնցից պետք է ազատվել, որոնք ակադեմիայից դուրս գիտության հարց եւ գիտության ճակատագիր են ուզում որոշել, ակադեմիայի ճակատագիրը։ Հույս ունեմ, որ կառավարությունը մի օր կնկատի այդ կարգի մարդկանց եւ դրանցից կազատվի, եթե արդեն չեն նկատել»։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում նախանշված փոփոխության համաձայն՝ այլեւս բուհերում «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ, եւ բուհի ղեկավարությունն է որոշելու՝ ներառե՞լ դրանք ուսումնական պլանում, թե՞ ոչ։ «Ես ավարտել եմ 1958թ․, Թատերական ինստիտուտը, եւ այնտեղ մենք չենք անցել ո՛չ հայոց լեզու, ո՛չ հայ գրականություն, ո՛չ էլ հայոց պատմություն։ Բայց հիմա կարիք կա, որ հայոց լեզուն մտցվի ամեն տեղ, որովհետեւ լեզուն վատ վիճակում է։ Երբեք մեր լեզուն այսքան անպաշտպան, այսքան խեղաթյուրումների չի ենթարկվել։ Զարմանալի է, բայց սովետական ժամանակ լեզուն շատ լավ պահպանվեց, իսկ հիմա ինչ պատահեց՝ չգիտեմ։ Մարդիկ զարդարվում են իրենց չիմացած անգլերենով, եթե պիտի ասեն «վարիչ», ասում են «մենեջեր»․ դա քաղաքակրթություն է նրանց համար, պարզապես չեն հասկանում, որ մարդու կրթվածության առաջին աստիճանը մայրենի լեզվին տիրապետելն է։ Հայոց լեզուն այսօր բոլոր բուհերում պետք է լինի ամենապարտադիրը, իսկ հայոց լեզվի ուսուցիչը՝ ամենակարեւոր մարդը։ Լեզուն է որոշում ազգի գոյությունը, կեցությունը, իմաստը»։

ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը վտանգավոր է համարում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով նախանշված փոփոխությունները, հատկապես այսօր, երբ տոնում ենք Թումանյանի եւ Կոմիտասի 150-ամյակները։ «Նրանց ամբողջ ստեղծագործության հիմքն այն է, որ մենք պինդ բռնենք հայոց լեզուն, հայ գրականությունը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Առանց այդ 3 առարկաների հայը կդադարի հայ լինելուց»։

Բազմաթիվ անգամ լինելով արտերկրում՝ Դոլուխանյանը նկատել է, որ մեծ երկրներն ազգայինի հարցում ավելի զգույշ են․ «Գնացեք Լուվր եւ որեւէ տեղ, բացի ֆրանսերենից, չեք տեսնի որեւէ գրություն։ Նույնը՝ Պրադոյում, որտեղ, բացի իսպաներենից, այլ գրություն չես հանդիպի։ Սա շատ մեծ հետընթաց է մեր ազգի համար։ Նույնիսկ Չինաստանը շահագրգիռ է իր լեզվի, գրականության հարցում, երբ ունի 1 մլրդ 400 մլն բնակչություն։ Ավելին՝ Կորեայում ունեն իրենց հիերոգլիֆների թանգարանը, քանի որ, ինչպես կորեացիներն են ասում, այս թանգարանը ստեղծել են, որպեսզի իրենց չշփոթեն չինացիների հետ։ Մաշտոցը մեզ տվել է այս աստվածատուր գիրը, եւ հիմա այդ որոշումը ես անարգանք եմ համարում Մաշտոցի հանդեպ։ Ես՝ ինքս, պրոգրեսի կողմնակից եմ, բայց ո՛չ ազգայինի հաշվին»։

Ինչ վերաբերում է ակադեմիային ու նրա ինստիտուտներին, ապա․ «Ֆրանսիայի ամենահարուստ հիմնարկը Ֆրանսիայի ակադեմիան է, որն ունի 40 շենք Փարիզում, Ֆրանսիայի ակադեմիկոսի հագուստը միայն արժե 60 հազար դոլար, որը նա ստանում է ընտրվելուց հետո։ Իսկ նրանք ընտրվում են այդ պաշտոնում 60-ից հետո, այնտեղ բոլորը 70-ից բարձր են։ Ոչ ոք իրավունք չունի խելացի, փորձված տարեց մարդկանց ասպարեզից հանել, դրանով մեր ազգը նույնպես կաղքատանա»։ Նա ընդգծում է, որ կատեգորիկ դեմ է ամբիոնի վարիչների պաշտոնավարումը մինչեւ 65 տարեկանը սահմանափակելը։

«Ինչ վերաբերում է ակադեմիան ցրելուն, ապա դա նշանակում է թուրքերին եւ ադրբեջանցիներին մեծ աչքալուսանք տալ․, ուրիշ բացատրություն չունեմ։ Եթե Ֆրանսիայի, Գերմանիայի նման երկրները պահում են ակադեմիա, իրենց պարծանքն են համարում եւ ահռելի գումարներ են հատկացնում, մեզ ի՞նչ է պատահել։ Մի քիչ շփոթահար եմ այս սպասվող փոփոխություններից, որովհետեւ այս թավշյա հեղափոխությունը մեզ շատ հույսեր տվեց, բայց ո՛չ հայկական դիմագիծը կորցնելու հաշվին։ Ես կողմ եմ եղել այս հեղափոխությանը, եւ ինձ թվում էր, որ այս հեղափոխությունը մեր ազգայինն ավելի պետք է բարձրացնի, ոչ թե թուլացնի։ Մենք հեռանում ենք մեր եկեղեցուց, մեր ավանդական ընտանիքից, կորցնում ենք մեր լեզուն, պատմությունն ու գրականությունը»,- խոսքը եզրափակում է Աելիտա Դոլուխանյանը։