«Որպես «չորրորդ իշխանություն» վերահսկելու ենք մարզային իշխանությունների գործունեությունը»

«Որպես «չորրորդ իշխանություն» վերահսկելու ենք մարզային իշխանությունների գործունեությունը»

«Լինելու յուրաքանչյուր բնակչի տեղեկատվական ուղեկիցը․․․»
 

Ս․թ․ հունվարի 15-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթում Արմավիրի մարզում հաղթող ճանաչվեց «ԱՐԱՆԵԱ» ՍՊ ընկերությանը։ Այս հաղթանակը մեր թիմը  դիտարկում է որպես հնարավորություն ստեղծել եւ զարգացնել  այնպիսի մարզային հեռուստատեսություն, որը պատշաճ լուսաբանելու է  մարզի եւ բոլոր համայնքների  տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքը,  որպես «չորրորդ իշխանություն» վերահսկելու է  մարզային իշխանությունների գործունեությունը, լինելու է յուրաքանչյուր բնակչի տեղեկատվական ուղեկիցը։

ՀՌՀ որոշումից հետո «Մեդիա կենտրոն»  կազմակերպությունում լիցենզավորման արդյունքներին նվիրված քննարկումների ժամանակ  «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Մելիքյանը տարակուսեց,  թե ինչպես է ստացվում, որ  մարզում տասնամյակներ գործող հեռուստատեսությանը գալիս է փոխարինելու  ինչ-որ անհայտ ընկերություն, որը թղթի վրա կարող է «ոսկե սարեր»  խոստանալ, բայց իրականում ոչ ոք չգիտի, թե ինչ է իրանից ներկայացնում։  

Կարծում ենք, ճիշտ կլիներ, եթե  իրեն մեդիամասնագետ համարող անձը հրապարակային ելույթներից առաջ  ժամանակ հատկացներ «անհայտ ընկերության» արմատները փնտրելու և նախորդ տարիների գործունեությանը ծանոթանալու համար։  Այնուամենայնիվ ըմբռնումով ենք մոտենում  պ-ն Ա․Մելիքյանի անտեղյակությանը, եւ նպատակ ունենալով լրացնել  մեր կազմակերպության մասին տեղեկատվության բացը, ներկայացնում ենք հետեւյալ հակիրճ տեղեկանքը։ 

 «Արանեա» հեռուստատեսությունը մշակութային, սոցիալական, բարեգործական, տնտեսական, մեդիա գործունեություն ծավալող մի շարք  ընկերությունների անդամ է, որոնց միավորում են ընդհանուր արժեքները, բիզնես կառավարման մոդելները, հասարակության առջև սոցիալական պատասխանատվության գիտակցումը: Այդ ընկերության  անդամներն են «Արփինետ»  ՍՊԸ-ն,  «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային  կազմակերպությունը,  «Մաչանենց տուն» ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնը,  «Մաչանենց ստուդիան», «Մաչանենց թատրոնը»,  հյուրանոցային համալիրը, ինչպես նաեւ «Առփի» (Նուռ TV) եւ «Արանեա» հեռուստաընկերությունները,  եւ սա դեռ ամենը չէ: 

Այս ընկերության իրականացումը սկսվեց  հիմնադիրների երազանքից ու սիրուց՝ սեր առ մարդը, սեր առ հայրենիքը, սեր առ Աստված, և կարևոր առաքելությունից՝ հայրենիքի և սփյուռքի միասնականության տեսլականից:

«Հայ Միասնության Խաչ»-ը (ՀՄԽ)  նորանկախ Հայաստանի  առաջին հասարակական կազմակերպություններից մեկն էր։ ՀՄԽ-ն առաջնային է համարում կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում, իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական ծրագրեր, որոնք ուղղված են եղել առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքներին եւ ծնողազուրկ երեխաներին։

Մեր գործունեությունը նոր շունչ ստացավ  «Մաչանենց տան» հիմնադրումից ի վեր։ Այն սոցիալական ձեռնարկություն է, որը գործում է Էջմիածին քաղաքում 2010 թվականից։  Սոցիալական ձեռներեցության աշխատանքների արդյունքում Էջմիածնում գործող «Մաչանենց տան» եւ ՀՄԽ ջանքերով  բացվել եւ գործում են երկու մշակութային օջախ` արվեստաց դպրոցը և մանկական պատկերասրահը: Կարիք չկա մանրամասն ներկայացնել «Մաչանենց տան» գործունեությունը, այն հայտնի է ոչ միայն Արմավիրի մարզում, այլ նաեւ Հայաստանում և Սփյուռքում։ Միայն նշենք որ «Մաչանենց տունն»  ու ՀՄԽ-ն նկարահանել են տասնյակ սոցիալական հոլովակներ, հեռուստաներկայացումներ, գյուղական կյանքը ներկայացնող երկու մասից բաղկացած «Դրախտի ափեր» ֆիլմը, «Տիրլիմ բոմ-բոմ», «Բարի գիշեր», «Իմ տատիկը» երաժշտական մուլտերը եւ այլն: 

2007 թ․-ին Գրիգոր Մաչանենց-Բաբախանյանն ու Արմեն Մուրադյանը հիմնադրեցին նաև «Արփինետ» ՍՊԸ-ն: Այսօր ընկերությունը ՀՀ առաջատար ցանցային օպերատորներից է։  «Արփինետ»-ն առաջինը Հայաստանում  ներկայացրեց «օպտիկան գյուղում» լուծումը և տրամադրեց բարձրորակ հեռուստատեսություն (IPTV) և գերարագ ինտերնետ կապ՝ GePON տեխնոլոգիայի միջոցով։

Եւ ահա հենց «Արփինետ» ընկերությունն է  հանդիսանում «Առփի մեդիա» ընկերության հիմնաքարը, որը ներկայացնելու է «ՆՈՒՌ TV» հեռուստաընկերությունը Երևանում և «Արանեա» հեռուստաընկերությունը Արմավիրի մարզում։ 

Մեր թիմը  «ոսկե սարեր»  խոստանալու ավանդույթ չունի։ Մենք ներկայացրել ենք իրատեսական ծրագիր, համոզված ենք, որ արժանի  գնահատական ենք ստացել ՀՌՀ կողմից եւ պատվով իրականացնելու ենք մեր առաքելությունը։ 

«ԱՐԱՆԵԱ» ՍՊ ընկերություն