Ծրագի՞ր, թե՞ պատահականություն

Ծրագի՞ր, թե՞ պատահականություն

Երբ առանձին-առանձին անդրադառնում ես վերջին մեկ տարվա «աղմուկներին», դրանք բնականոն կյանքի դրսեւորումներ են թվում, բայց երբ այդ դեպքերը տեղավորում ես մի ներկապնակի մեջ եւ, այսպես ասած, «մոզաիկան» զննում ես, տագնապի զգացումից ազատվել չի հաջողվում։

Իրոք, ոչ մի վատ բան չկա, երբ հանրությունը մերժում է բռնությունը, եւ պետությունը ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված են բռնության անթույլատրելիությունը ցանկացած անձի ու խմբի նկատմամբ, անգամ տրանսգենդերների եւ սեռական փոքրամասնությունների։ Ի վերջո, բռնությունը միայն վայրենի հասարակությունը կխրախուսի՝ ում հանդեպ ուզում է այն լինի, անգամ մարդասպանի։ Մասնագետների մի մասը համաձայն է, որ հայ եկեղեցու պատմությունը տեղակայվի պատմության դասագրքերում եւ ոչ թե առանձին դիսցիպլինի տեսքով ուսուցանվի։

Ինչպես ոմանք կարծում են՝ ճիշտ կլինի բուհերում հայոց պատմություն եւ հայոց լեզու չդասավանդելը՝ դպրոցն ի՞նչ է անում 12 տարի շարունակ, եթե տարրական գրագիտություն եւ գիտելիքներ չի փոխանցում։ Մել Դալուզյանի մասին ֆիլմն էլ, ինքնին վերցրած, մեծ ողբերգություն չէ, եւ Մելը, իրոք, լավ մարդ է եւ ոչ վատ սպորտսմեն։ Այնպես, որ 20 միլիոն այդ ֆիլմի վրա ծախսելն էլ համազգային ողբերգություն չի կարելի համարել։ Ինչպես մեծ ողբերգություն չպետք է համարվի տրանսգենդերների խնդիրների բարձրաձայնումը խորհրդարանի ամբիոնից։ Ի վերջո, նրանք եթե ՀՀ քաղաքացիներ են եւ ընտրողներ, իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու։ «Զուգընկեր» բառն էլ, առանձին վերցրած, վատ բառ չէ, եւ եթե կոնտեքստից կտրես, դրանից էլ պետք չէ ողբերգություն սարքել, եթե այն հանգրվանել է ինչ-որ օրինագծում։ Բայց այս ամենը մի շղթայի մեջ արդեն որոշակի քաղաքականության եւ ծրագրի տպավորություն է թողնում։