Ի՞նչ նպատակի է ծառայելու Կապանին նվիրված JAC T8 «պիկապը»

Ի՞նչ նպատակի է ծառայելու Կապանին նվիրված JAC T8 «պիկապը»

Կապանի քաղաքապետարանի տեղեկացմամբ, քաղաքապետ Գեւորգ Փարսյանի ընկեր «Ապառաժ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը համայնքին է նվիրել JAC T8 մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը 14 միլիոն դրամ է: Խոսքը լուսանկարում պատկերված մեքենայի մասին է: «Պիկապ» անունով հայտնի այս դասի մեքենաները փոքրիկ բեռնատարներ են: Սա հարմար մեքենա է անհատ գյուղատնտեսի կամ փոքր խանութի սեփականատիրոջ համար: Կապանը խոշորացված համայնք է, միավորում է մեկ քաղաք եւ 37 գյուղ: JAC T8 եւ նման մեքենան Կապանի նման համայնքի կարիքների համար հարմար մեքենա չէ, չի կարող ծառայել որեւէ նպատակի՝ աղբատար, դպրոցական մեքենա, հանրային տրանսպորտ, բայց կարող է դառնալ քաղաքապետի ծառայողական մեքենա:

Անկեղծորեն տեղեկացնելով համայնքի (իսկ իրականում քաղաքապետի) ստացած նվերի մասին՝ քաղաքապետարանը չի ասում, թե ինչ նպատակի է ծառայելու JAC T8-ը:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, համայնքապետը հանրային ծառայող է: Նույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերների ցանկը. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը, հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները, սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետեւանքով: 14 միլիոն դրամ արժեքով մեքենան թույլատրելի նվեր չէ:

Կապանի քաղաքապետարանում այս օրենքից տեղյակ են ու դրա համար են ասում, որ նվերը համայնքինն է: Բայց, կրկնենք՝ ի տարբերություն համայնքի ստացած նախորդ նվերների, չեն ասում, թե ինչ նպատակի է ծառայելու: Օրինակ, 2019-ի սեպտեմբերին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Կապանին նվիրեց «ՄԱԶ-5905A2-390» մակնիշի կոմբինացված (բազմաֆունկցիոնալ) ճանապարհային մեքենա։ Քաղաքապետարանն ու Գեւորգ Փարսյանն ասացին. կծառայի կոմունալին՝ ձնամաքրում, աղ ու ավազ ցանել, ջրցան: Նույն տարվա հոկտեմբերին «Ֆոր դիրեքշնս մոթորս» ընկերությունը Կապանին նվիրեց JCB 155 մակնիշի ամբարձիչ։ Ասացին՝ մեքենան կշահագործի կոմունալ ծառայությունը։ Ո՞վ է շահագործելու JAC T8 մակնիշի «պիկապը»: Չի ասվում: Ուստի ճիշտ է պնդումը, որ Կապանի քաղաքապետը գտել է արգելված նվերներ ընդունելու եւ պատասխանատվության չենթարկվելու ձեւը:                

Արեգ Մարգարյան