Աուդիտը կպարզի, թե համահայկական խաղերի համար որքան գումար է ծախսվել

Փետրվարի 1-7-ը Ջերմուկում անցկացվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց մասնակցեց աշխարհի 18 պետությունների 88 քաղաքների ավելի քան 1340 պատվիրակ, իսկ խաղերը սպասարկեցին 76 մրցավարներ: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Համահայկական ձմեռային խաղերի դրոշը բարձրացրեց Հռիփսիմե Խուրշուդյանը, կրակը վառեց Վարազդատ Լալայանը։ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվեցին հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ եւ սպորտային պարեր մարզաձեւերից:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով Ջերմուկի ճոպանուղին 2022-ից չէր գործում, քանի որ վնասվել էր ճոպանը, որը, սակայն, խաղերին ընդառաջ, ամբողջովին փոխվել է, եւ տեղադրվել է նորը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ ձմեռային երկրորդ խաղերից մի քանի օր առաջ ճոպանուղին գործարկվել է եւ աշխատել անխափան։ «Անվտանգության մարմինները տվել են բացարձակապես դրական գնահատական, իսկ ճոպանուղուց այս ընթացքում արդեն իսկ օգտվել են հարյուրավոր մարզիկներ ու զբոսաշրջիկներ»,- փոխանցեցին մամլո ծառայությունից՝ նշելով, որ պատվիրակությունների անդամները ճանաչողական այցերով եղել են նաեւ ՀՀ պատմամշակութային տարբեր վայրերում, հիմնականում՝ Տաթեւում եւ Նորավանքում, որոնք մոտ են Ջերմուկին։
Համահայկական խաղերին ընդառաջ, շատ էին խոսակցություններն այն մասին, որ ոչ բավարար ձյան պատճառով հնարավոր է որոշ մարզաձեւերի մրցումներ տեղափոխվեն Ծաղկաձոր, սակայն կոմիտեից նշեցին, որ դրա կարիքը չի եղել․ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրում ընդգրկված 7 մարզաձեւերից՝ կանանց եւ տղամարդկանց դահուկավազքը, ձնամարտը, շախմատն ու սպորտային պարերն անցկացվել են Ջերմուկում, սնոուբորդն ու լեռնադահուկը՝ «Մայլեռում», եւ միայն հոկեյը՝ Երեւանում։
Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե համահայկական խաղերի անցկացման համար որքան գումար է ծախսվել, սակայն խուսափողական պատասխան ստացանք, մասնավորապես. «Խաղերի ավարտից հետո, որպես կանոն, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն անցկացնում է աուդիտ։ Գլխավոր աուդիտն իրականացնելու է Սամ Նաճարյանը (Ֆրանսիա)։ Նրա կողմից աուդիտն անցկացվելուց հետո արդյունքները կտեղադրվեն կոմիտեի կայքում»։
Ի դեպ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հաղթող մարզիկներին պարգեւատրելու համար դրամական խրախուսումներ չի նախատեսել։
Կարծիքներ