Ինչու՞ են ձերբակալել ադրբեջանցուն, կհանձնե՞ն ՀՀ-ին․ դեսպանի արձագանքը

Ինչու՞ են ձերբակալել ադրբեջանցուն, կհանձնե՞ն ՀՀ-ին․ դեսպանի արձագանքը

«Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքացուն. այս պահին մեր հյուպատոսը Քամիլ Զեյնալիի կողքին է»։ Այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն՝ մեկնաբանելով ՀՀ-ի պահանջով ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալիի՝ Մոսկվայում ձերբակալության մասին տեղեկությունը։

Դեսպանի խոսքով, Զեյնալին ձերբակալվել է Հայաստանի խնդրանքով՝ ԱՊՀ միջպետական ​​համաձայնագրի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

«Հետախուզումը հայտարարվել է դեռևս 2023 թվականի մայիսին։ Այսօր առավոտյան Մոսկվայի Դոմոդեդովոյի շրջանի դատախազը կորոշի՝ գործը տեղափոխել դատարան, թե՝ ոչ։ Ամենայն հավանականությամբ, գործը կուղարկվի դատարան, բայց դա չի նշանակում, որ նրան անմիջապես կնստեցնեն ինքնաթիռ և կուղարկեն Հայաստան։ Սա երկար գործընթաց է»,- ընդգծել է Ադրբեջանի դեսպանը։