Նախաքննության գաղտնիության պատրվակի տակ ամենաթողություն է լինելու․ Վարդազարյան

Նախաքննության գաղտնիության պատրվակի տակ ամենաթողություն է լինելու․ Վարդազարյան

Արդարադատության նախարարությունն օրենսդրական փոփոխություններով առաջարկում է Քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ եւ գործուն զղջման ինստիտուտը կիրառել նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Այսինքն՝ եթե անձը, որը ծանր ու առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ է մեղադրվում, ընդունի իրեն առաջադրված մեղադրանքը, ասի, որ զղջում է, կազատվի քրեական պատասխանատվությունից։ Նախկինում այս նորմը գործել է միայն ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հարցնելով, թե ինչո՞ւ նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում այս ինստիտուտը չէր կիրառվում։ 

«Դա ավելի շատ իրավաբանական մշակույթի հարց էր․ երկար ու ձիգ տարիներ այդ ինստիտուտը չի տարածվել ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների վրա, մեր հասարակությունը այդ եղանակով է զարգացել և բոլորը իմացել են, որ գործուն զղջալու հիմքով երբևիցե չեն կարող ազատվել քրեական պատասխանատվությունից, և երկար տարիներ այդ նորմի գործողության ընթացքում մեր հասարակությունը նման մշակույթի պայմաններում ավելի ձիգ և զգոն է եղել»։

- Օրենսդրական փոփոխությունների հիմնավորումն այն է, որ նախաքննության մարմիններն ու դատարանները ծանրաբեռնված են, և դա արվում է վերջիններիս ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ Ինչո՞վ են ծանրաբեռնված նախաքննական մարմիններն ու ինչպե՞ս է դա թեթևացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը։

- Դա պատրանք է, որ ծանրաբեռնվածության դեմ այս եղանակով են պայքարում, իմ խորին համոզմամբ սա մի գործիք է, որը փորձում են օգտագործել, որպեսզի այն կոռուպցիոն դրսևորումները, որոնք անհրաժեշտ էին նախկինում թաքցնել, այժմ չեն թաքցնելու, դա թղթին են տալու, և այդ կոռուպցիոն գործողությունները արդեն, այսպես ասած, օրինականացվելու են։ Ես ահռելի ռիսկեր եմ տեսնում․ օրենքի նախագծից առնվազն երկու միտք մեջբերեմ՝ «բացառիկ հանգամանքներ», որը պարզաբանված չէ, թե ինչ է նշանակում, և «վնասը հատուցված է, կամ այլ կերպ վնասը հարթվել է»։ Սա նույնպես սուբյեկտիվ մեկնաբանության լայն սպեկտոր է տալիս․ ի՞նչ է նշանակում՝ այլ կերպ է հարթվել, արդյոք դա կաշառք տա՞լն է, արդյոք դա համագործակցե՞լն է, արդյոք դա ընկերոջ, գործընկերոջ վրա ցուցմունք տա՞լն է, արդյոք դա, ժողովրդական լեզվով ասած, հանձնվե՞լը չէ։ Ամենամեծ վտանգը, որը ես տեսնում եմ, հետևյալն է․ քրեական վարույթի շրջանակներում գաղտնիության ռեժիմ է պահպանվում՝ նախաքննության գաղտնիությունը։ Այս նախաքննության գաղտնիության պայմաններում ձևակերպվում է, որ անձը համագործակցեց քրեական հետախուզման մարմինների հետ, այնուհետ գործուն զղջաց, մեկ-երկու բացառիկ հանգամանք նշեցին կամ չնշեցին, «վնասը այլ կերպ հարթվեց», որոշում կայացվեց քրեական պատասխանատվությունից ազատել։ Հանրությունը, հասարակությունը, ես, Դուք, մյուսները, մեր քաղաքացիները այդ գործողությունների մասին ընդհանրապես տեղյակ չեն։ Այսինքն՝ սա գաղտնիության ռեժիմով, նախաքննության գաղտնիության պատրվակի տակ ամենաթողություն է լինելու։ Իսկ ինչո՞ւ դատարանը չեն ներառում․ շատ պարզ պատճառով, որովհետև եթե գործը հասնի դատարան, նշանակում է, որ այդ գործը «Դատալեքսում» երևալու է, դռնբաց դատական նիստ է տեղի ունենալու, դատական ակտը հրապարակվելու է դատական իշխանության պաշտոնական կայքում, և մեր հանրությունը իմանալու է, թե ով ինչպես համագործակցեց, ինչպես զղջաց, ինչի համար զղջաց և ինչպես վնասը հատուցեց կամ ինչպես հարթեց։ Երբ դատարանը հանում ենք այս շղթայի մեջից, գաղտնիության ռեժիմը պահպանվում է, և մենք չենք իմանում, թե ինչ հարուցվեց, ինչպես հարուցվեց, ինչպես զղջաց, ինչպես հարթվեց վնասը։

- Այսինքն՝ նախաքննական մարմինը միայնա՞կ է որոշում, որ անձը գործուն զղջացել է, դատարանները դո՞ւրս են մղված գործընթացից։

- Այո։ Եթե Դուք ուշադիր ծանոթացել եք նախագծին, ապա այնտեղ դատարան չկա, իսկ եթե դատարան չկա, ապա դա նշանակում է, որ հրապարակայնություն չկա։

- Ըստ Ձեզ՝ որո՞նք են այս փոփոխությունների քաղաքական դրդապատճառները։

- Տեղեկատվության պակասի պատճառով ես այժմ չեմ կարող հստակ ասել, թե քաղաքական բաղադրիչը այստեղ որտեղ է, բայց ավելի քան վստահ եմ, որ կա որևէ քաղաքական բաղադրիչ, կա քաղաքական դրդապատճառ, բայց այն, ինչ ես տեսնում եմ այս նախագծում, առնվազն կոռուպցիան ակնհայտ է։ Թե դրա հիմքում քաղաքականությո՞ւն է, թե՞ որոշ անձանց գրպանները լցնելն է, թե՞ քաղաքական դիվիդենտ ստանալն է, թե՞ մեր ժողովրդի որոշակի զանգվածին լռեցնելն է։ Սա կարող է համադրությունը լինել այս իմ ասած հանգամանքների, որոնք կարող են մեկտեղվել մեկ վարույթով կամ մեկ գործուն զղջալու գործի շրջանակներում։

- Այս նույն իշխանության օրոք մեկ տարի առաջ խոսվում էր պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու մասին, հիմա խոսվում է գործուն զղջալու հիմքով պատժից ազատելու մասին, այն դեպքում, երբ պետական դավաճանությունը ևս առանձնապես ծանր հանցագործություն է։ Այստեղ հակասություն չկա՞։

- Շատ բարդ և ծավալուն հարց եք տալիս, դա պետք է կոնկրետ գործի շրջանակներում ուսումնասիրել, բայց չեմ կարծում, որ դրդապատճառը, կամ հիմնական ուղղությունը պետական դավաճանության մեջ մեղադրվող անձանց գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելն է, որովհետև դա այնքան բարդ և խնդրահարույց է մեր հանրության համար, որ․․․։ Այսպես ասեմ, դա կարող է վերաբերվել այն չարաբաստիկ «11 հազար դասալիքներին», կարծում եմ, որ նաև նման մարդկանց կարող է վերաբերել։ Մի հարց, որը շատ խիստ կարևոր է, և օրենքում բացակայում է, և դա անթույլատրելի է, խոսքը տուժողների կարծիքը հաշվի չառնելու մասին է։ Դա մի ինստիտուտ է, որը ահռելի խնդիրներ կարող է առաջացնել այս օրենքի կիրառման դաշտում։ Եթե տուժողի կարծիքը հաշվի չի առնվում, ապա պատկերացրեք, թե ինչպիսի հանրային անվստահություն կգեներացնի այս օրենքի կիրառումը։ Տուժող ասելով նկատի ունեմ և դատավարական իմաստով տուժողներին, և՛ այն քաղաքացիներին, որոնց դատավարական կարգավիճակը տուժողի չէ, բայց իրենք իրենց տուժած են համարում։