Ի՞նչ հանցագործություն էին կանխում ոստիկանները կառավարության շենքի մոտ

Ի՞նչ հանցագործություն էին կանխում ոստիկանները կառավարության շենքի մոտ

Կառավարության շենքի շուրջբոլորը հավաքված բազմահազար ոստիկաններից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ում անվտանգությունն են ապահովում, որ մեզ թույլ չեն տալիս մոտենալ կառավարության 3-րդ մասնաշենքին: Արդյոք քիչ առաջ շենք մտած Նիկոլ Փաշինյանի՞ անվտանգությունն են ապահովում, ինչին ի պատասխան` ոստիկաններից մեկն ասաց. «Մեզնից լավ գիտեք` ում»: Հետո ասացին` անվտանգության նկատառումներից ելնելով` միջոցառում են իրականացնում, դրա համար էլ արգելվում է մեր ազատ տեղաշարժն այս տարածքում:

Այդ ընթացքում նկատեցինք, որ ոստիկաններից մեկը տեսանկարահանում էր իրենց հետ զրուցող լրագրողներին: Երբ խնդրեցինք պարզաբանել, թե ինչ հիմքով և ինչ նպատակով են տեսանկարահանում, որևէ հոդաբաշխ բացատրություն չներկայացրին` ասելով, թե դիտարկման համար է:

Ոստիկանության լրատվական բաժնից մեր այս հարցին այսպիսի պատասխան ուղարկեցին` հղում անելով հոդված 22-ին` ոստիկանության իրավունքները հասարակական կարգը պահպանելիս «Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում, կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձևով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի»:

Մնում է հասկանալ, թե ինչ հանցագործություն էին կանխում ոստիկանները լրագրողներին տեսանկարահանելով: