Բայդենը Թրամփին կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ

Բայդենը Թրամփին կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը կոչ է արել գործող նախագահ եւ առաջիկա նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Ղարաբաղյան հակամարտության հարցով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Մեկ ամիս մարտական գործողություններից հետո նախագահ Թրամփը հարկ է, որ ուղիղ երկխոսություն սկսեր Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ, որպեսզի հնարավոր լիներ հասնել անհապաղ լիցքաթափման եւ դադարեցներ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Լեռնային Ղարաբաղում»,- ասված է Բայդենի հայտարարությունում։ Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է անձամբ միջամտի, որպեսզի դադարեցնի պատերազմը ԼՂ-ում։ Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է կոչ անի Ռուսաստանին եւ Թուրքիային դադարեցնել հակամարտության հրահրումը՝ զենքի մատակարարումով, իսկ Թուրքիային հատկապես՝ նաեւ վարձկանների մատակարարումով։ Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է գլխավորի այն դիվանագիտական ջանքերը, որոնք ներդրվում են տառապանքներին վերջ տալու համար։ Ընդ որում, դա պետք է արվի եվրոպացի գործընկերների հետ միասին։