Ուշի համայնքի ղեկավարի գործը դատարանում է

Ուշի համայնքի ղեկավարի գործը դատարանում է

Արագածոտնի մարզի Ուշի համայքնի ղեկավար Սիմոն Սիմոնյանի գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանին։

Նա մեղադրվում է ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Յուրացնելը կամ վատնելը՝ խոշոր չափերով)։
Սիմոնյանի խափանման միջոց ընտրվել է՝ ստորագրություն չհեռանալու մասին: 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սիմոն Սիմոնյանը 2016 թվականի նոյեմբեր ամսից աշխատելով Արագածոտնի մարզի Ուշի համայքնի ղեկավար եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով յուրացման եղանակով հափշտակություն կատարելու հանցավոր մտադրություն, իր պաշտոնավարման ընթացքում՝ 2017 թվականի նոյեմբերի 14-ին, 17-ին, 18-ին յուրացման եղանակով Ուշի համայնքի բյուջեից հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 592.800 ՀՀ դրամ արժեքի գույք։ Ինչպես նաեւ, 2019 թվականի փետրվարի 8-ին, այլ անձնական դրդումներով ստորագրել եւ կնիքով հաստատել է հետին ամսաթվով կազմված եւ հանձնաժողովի կողմից ստորագրված կեղծ գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակտ։