Անդրեասյանին Հանրային ծառայության մասին օրենքով պետք է պատասխանատվության կանչել

Անդրեասյանին Հանրային ծառայության մասին օրենքով պետք է պատասխանատվության կանչել

Փաստաբան Արա Ղազարյանն ապշած եւ զայրացած է արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հնչեցրած հետեւյալ արտահայտությունից․ «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»։ Միշտ զուսպ Արա Ղազարյանն այս արտահայտությունը մեջբերելիս չէր կարողանում զսպել ծիծաղը։ «Մեր երկրում այս 30 տարվա մեջ որեւէ մեկը նման հարցազրույց չէր տվել, այդպիսի հիմարություն էս 30 տարվա մեջ մեր երկրում ոչ ոք չի ասել, որ, ցավոք, մենք օրենք ունենք։

Դուք երբեւէ լսե՞լ եք, որ նախարարն ասի՝ ցավոք, մենք օրենք ունենք, ցավոք, Սահմանադրությունը մեր ձեռքերը կաշկանդում է։ Լսե՞լ եք նման բան, թեկուզ ամենաանգրագետ նախարարներից։ Ես երբեք նման բան չեմ լսել ու չէի էլ պատկերացնում, որ ինչ-որ մեկը նման բան կասի»։ Նկատեցինք՝ գուցե անհաջող ձեւակերպում է։ Արա Ղազարյան․ «Չէ, ամբողջ ինտերվյուն նրա մասին էր, որ մենք պետք է 40 դատավորից ազատվենք։ Բայց չի ասում, որ ինքն ընդհանրապես կապ չունի էդ դատավորների հետ։ Ու իրեն առնվազն Հանրային ծառայության մասին օրենքով պետք է պատասխանատվության կանչել։ Կարգապահական։ Հիմա սրա հետ կապված՝ պետք է ԲԴԽ-ն խոսի, եթե ինքնասիրություն ունի, որովհետեւ սա էթիկայի ամենակոպտագույն խախտումն է, իշխանության տարանջատման սկզբունքի»։

Արա Ղազարյանի գնահատմամբ՝ արդարադատության նախարարի այս հայտարարությունն ուղղակի նվեր է։ «Որ դատավորի նկատմամբ արդարադատության նախարարի կողմից վարույթ հարուցվի, պետք է ասի, որ խտրական հիմքերով է, որովհետեւ ի սկզբանե կանխակալ մոտեցում է, որովհետեւ նախկինում այ սենց բաներ է ասել։ Հետո մեկ այլ բան էլ կա, որ հասարակությունը դեռ չի հասկանում՝ որ էս նախարարության անունն արդարադատության նախարարություն է, սա ձեւականություն է։ Սա հնացած կոնցեպտ է՝ «արդարադատություն» բառը պետք է հանվի։ Ու էդ նախարարությունը պետք է վերածվի մասնագիտական գործակալության։ Նախարարությունը նրա համար է, որ կոնկրետ ոլորտ կարգավորի։ Ասենք՝ արդյունաբերական, առողջապահական, իսկ արդարադատության նախարարությունը գործակալություն է, որն օրենքներ է մշակում, լիզենզիա է տալիս, բայց ինքը բոլորովին կապ չունի դատական համակարգի հետ։ Կամ՝ էդ 40-ը ո՞նց է վերցնում, էդ ամենը որոշվում է դատական վարույթով, քննությունով, ապացույցներով, ոչ թե սենց հրապարակային հայտարարություններով»։ 

Նկատեցինք՝ բայց չէ՞ որ Անդրեասյանն անուններ չի հրապարակել, ի՞նչ կանխակալ վերաբերմունքի մասին է խոսքը։ «Կապ չունի, էթիկան չի պահանջում ապացույցներ, էթիկան զուտ վարքագծի հարց է։ Ինչպես լրագրողների հարցով․ անկախ արդյունքից, անկախ հայտարարության ճշմարտացի լինել-չլինելուց, ինքը մաքուր վարքագծի խնդիր է բարձրացնում, ու իրեն չպետք է ասեն՝ ապացուցիր ասածներիդ ճշմարտացիությունը։ Չէ»։

Արա Ղազարյանի կարծիքով՝ Կարեն Անդրեասյանը պետք է ներողություն խնդրի դատական համակարգից։ Եթե նա անուններ տար, ավելի կոռե՞կտ կլիներ։ Ոչ՝ ասաց Ղազարյանը, եթե ասեր, որ դատական համակարգում, ամենայն հավանականությամբ, կան կոռումպացված դատավորներ, ապա սա կլիներ համաչափ հայտարարություն, բայց 40 ավազակների մասին իր հայտարարությամբ Անդրեասյանը՝ որպես գործադիր իշխանության մաս, մյուս թեւի մասին է խոսում։

Ընդ որում, այդ իշխանությունը պաշտպանվելու համար չունի ո՛չ ոստիկանություն, ո՛չ քննչական մարմիններ։

Կարեն Անդրեասյանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ էլ է արել, մասնավորապես, որ համակարգում շարունակում են աշխատել 40 փչացած դատավորներ (Ալի բաբան եւ 40 ավազակները), որոնց պատճառով տուժում են մյուս 240-ը։ Նրանք փորձում են քաղաքական հոտառությամբ շարժվել՝ հույսով, որ նախկին շեֆությունը գալու է, չեն վախենում նորերից, որոնք նրանց չեն հետապնդում, «պադյեզդներում» չեն ծեծում, չեն զանգում, իրենք էլ ազատ են արձակում մարդկանց՝ լավ իմանալով, որ դա քաղաքական նոր ղեկավարության դուրը չի գա։ Օրինակ՝ Չարչյանին էլ գրավով ազատեցին։ Եվ կաշառք էլ են վերցնում։ ԲԴԽ-ն էլ վերցնում ու վարույթները կարճում է։ Եվ Անդրեասյանը խոստացավ ամեն ինչ անել, որ այդ 40 ավազակներին հատ-հատ բացահայտեն ու նրանցից ազատվեն։ Անդրեասյանի ախտորոշումով՝ դատական համակարգում նախկինում 80 տոկոսն էր փչացած, հիմա 280 դատավորից 40-ն է փչացած։ 

Ինչ վերաբերում է Իզմիրլյանի տնօրեն Արմեն Չարչյանի հետ կապված դատավորի վճռին, փաստաբանն ասում է՝ դատավորն ազատ է արձակել, քանի որ դատաքննության փուլում կալանքն անհրաժեշտ միջոց չէ, մանավանդ, որ բոլոր ապացույցներն արդեն հետազոտված են, եւ երկրորդ՝ Չարչյանն ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիր։ «Դուր գալու» մասով էլ ասաց, որ էլի չափազանց կոշտ հայտարարություն է, «բայց լավ, կարող է մի քիչ տեղավորվել որպես քննադատական խոսք»։ 

Արա Ղազարյանին հարցրինք՝ գուցե Կարեն Անդրեասյանն ասի, որ սկզբունքային է, Սերժ Սարգսյանի տարիներին էլ չի լռել ու ներկայացրել է դատական փչացած համակարգն իր գնացուցակներով։ Ղազարյանն ասաց՝ մեկ բան է, երբ դա ասում է ՄԻՊ-ը, մեկ այլ բան՝ արդարադատության նախարարը։ 

Կարեն Անդրեասյանը նաեւ բավականին իրարամերժ եւ ոչ տրամաբանական բաներ էլ ասաց։ Օրինակ, որ ԲԴԽ-ն մերժում է վարույթների հարուցումը, բայց 40 ավազակներից ազատվելու են կարգապահական ճանապարհով եւ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով։ Անունը չշեշտեց, բայց շեշտեց ԲԴԽ նախագահի ԺՊ-ին ու ասաց, որ նա ունի պատասխանատվություն համակարգի առաջ։ Նաեւ Կարեն Անդրեասյանը մեծ հույսեր է կապում մի օրենքի նախագծի հետ, որը դեռ ՍԴ-ն չի հաստատել։ Այն դրույթի, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է  յուրաքանչյուր դատավորի հարցով ուղիղ դիմել ԲԴԽ։ 

Սա էլ, ըստ Ղազարյանի, չի կարելի։ Ասաց՝ եթե ամեն քաղաքացի գնա ԲԴԽ, ԲԴԽ-ն կհեղեղվի ակնհայտ անհիմն, արկածախնդրային դիմումներով, ու, ի վերջո, նորից ֆիլտրեր են մտցնելու։
«Ախր պետք է հասկանալ՝ կարգապահական պատասխանատվության նպատակը պատժելը չէ, ընդհանուր էթիկական միջավայր ստեղծելն է։ Հիմա, Կարեն Անդրեասյանի խոսքն ամբողջովին պատժողական բնույթ ունի։ Պատժել, ազատել, հեռացնել։ Դա ծայրահեղ միջոց է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ում այս հիմքերով 2 գործ է շահել։ Եվ մյուս խնդիրն էլ այն է, որ դատավորը չի կարող իր որոշման համար կարգապահական տույժի ենթարկվել, այլ միայն վարքագծի համար։

«Իսկ նախարարն ամեն ինչ խառնել է իրար։ Վենետիկի հանձնաժողովի պոստուլատներ կան, հիմնարար սկզբունքներ, եվրոպական հանրային կարգ կա, որ դատավորին  չի կարելի պատասխանատվության ենթարկել իր որոշման համար։ Այսինքն՝ ինքը չի պատկերացնում, որ դու չես կարող ընդհանուր պատժողական քաղաքականություն վարել դատարանի նկատմամբ, միայն քրեական գործերով»։

Այնպես որ, ըստ Արա Ղազարյանի, Կարեն Անդրեասյանի առաջին հրապարակային հարցազրույցում ասվածը կա՛մ  նախատրամադրվածություն է 40  դատավորի հանդեպ, կա՛մ՝  պոպուլիզմ։ Երկուսն էլ շատ վատ են։