Քվեի դիմաց խոստացել են երեխայի մանկապարտեզի հերթն առաջ գցել

«Հրապարակի» զրուցակիցը Փարաքարի ընտրություններին մասնակցող «Կայունություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Գոռ Սարիբեկյանն է:
-Ինչո՞ւ պիտի Փարաքարի բնակիչներն ընտրեն Ձեզ։
-Ուզում եմ նշել, որ մասնագիտությամբ իրավաբան եմ, ուսումս շարունակել եմ Մոսկվայի իրավաբանական համալսարանում, ստացել եմ միջազգային մասնավոր իրավունքի մագիստրոսի կոչում և ուսումս շարունակել եմ՝ ավելի բարձր գիտական աստիճան ստանալու համար: Ես փորձել եմ ամեն ինչ անել՝ համայնքում փոփոխություններ բերող անձ լինելու համար: 400 և ավելի տարի է իմ ընտանիքը ապրում է Փարաքար բնակավայրում և Փարաքարն ինձ համար իմ բնօրրանն է: Եվ ունեմ մի շարք նվաճումներ, որոնք ուղիղ ազդեցություն են ունեցել իմ բնակչի ճակատագրի վրա: Ուզում եմ դրանցից ամենաարտասովորը նշել՝ ինը տարվա ստրկությունից ազատել եմ մի երիտասարդի, ով ուներ հոգեկան խնդիրներ և ով ինը տարի ապրել էր ստրկության մեջ: Դա երկու տարի առաջ էր, մենք նրան տեղափոխեցինք հատուկ վայր, և այլ օրինակներ, որոնց մասին կբարձրաձայնեմ անհրաժեշտության դեպքում: Այդ փոքրիկ հաջողությունները ես դիտարկել եմ որպես ուղենիշ, որով պարտավոր եմ քայել և իմ ընդունակությունները, գիտելիքները ծառայեցնել իմ համայնքին: Ես անկուսակցական եմ և իմ կուսակցությունն իմ համայնքն է, իսկ կուսակիցները՝ իմ համայնքի բնակիչներն են, որոնց շահը ինձ համար գերակա է յուրաքանչյուր բդեշխական խմբակի կամ ինչ-որ կուսակցական շահի նկատմամբ: Կարծում եմ, սրանք բավարար պայմաններ են, որպեսզի ես ունենամ բավարար համարձակություն լոկալ քաղաքականությամբ ակտիվություն ցուցաբերելու համար:
-Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավը: Քննադատելի պահվածքով աչքի ընկնողներ կա՞ն:
-Ինքս լինելով իրավաբան, ինձ համար ընդհանրապես ընդունելի չէ որևէ հակաօրինական արարք, մասնավորապես, երբ որ բռնանում են մարդու իրավունքների, ազատ ընտրության, ապրելու և ընտրվելու իրավունքին: Օրինակ, ես դեպքեր եմ ունեցել, երբ որ անուղղակի ճնշումներ են եղել իմ թեկնածուներից մի քանիսի վրա՝ ես այդ մասով դեռ կոշտ քաղաքական և իրավական գնահատական տալու եմ ապագայում, որովհետև պետք է ճշտեմ, թե որ կողմից է այդ քամին գալիս: Ցանկացած նման իրավախախտում ուղղված է նաև պետության դեմ, հետևաբար մենք պարտավոր ենք այդ մասին բարձրաձայնել: Ընդհանուր առմամբ, մեր համայնքում կա վախի մթնոլորտ, մարդիկ վախենում են իրենց կարծիքն արտահայտել: Դա գալիս է նրանից, կարծում եմ, որ մարդիկ կաշկանդված են ինչ-որ վարչական ռեսուրսներ օգտագործող քաղաքական ուժերի պահվածքից: Օրինակ, մեկին ասել են՝ ընտրությանը մեզ կընտրես՝ հետո կգաս քաղաքաշինական գործերդ կանենք:
-Իսկ ո՞վ է նման առաջարկ արել բնակչին:
-Նույնիսկ բնակիչներն այնքան կաշկանդված են, որ չեն ուզում դրա մասին բարձրաձայնել: Կարծում եմ, խոսքն այն մարդու մասին է, ով այսօր ղեկավարում է մեր համայնքը: Քաղաքացիներն են ինձ հայտնել, իրենց փաստացի ասել են՝ ձեր գործերով կզբաղվենք ընտրություններից հետո, այսինքն, ստացվում է այս պահին մարդիկ իրենց իրավունքները չեն կարողանում իրացնել: Մեր բնակիչներից մեկին առաջարկել էին, որ մանկապարտեզ ընդունելու հերթը առաջ բերելու համար նա պետք է ընտրի կոնկրետ թեկնածուին:
-Ո՞ւմ, ո՞ր թկենածուին:
-Ենթադրում եմ, որ խոսքը Լյուդվիգ Գյուլնազարյանի մասին է:
-Դուք հայտարարել էիք, որ համայնքի բյուջեն 700 միլիոն դրամով թերակատարվել է:
-Ընդհանուր առմամբ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում համայնքի բյուջեն կազմում է մոտ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն: Մենք տեսնում ենք, որ 2024 թվականին այդ մեկ միլիարդ աշխատավարձի և այլ ծախսերի բյուջեն իրականություն է, կատարված է, իսկ այն յոթ հարյուր միլիոնի բյուջեն, որը որ պետք է կատարվեր՝ դա չգիտես ինչու թերակատարված է: Այստեղ հարց է առաջանում, ո՞վ է սրա պատասխանը տալու: Ինչո՞ւ չի կատարվել ու արդյոք այդ չկատարումը համայնքին ու պետությանը վնաս չի հասցրել: Չէ որ այդ ժամանակահատվածում չարված աշխատանքները անհնար են կատարել 2025 թվականին: Բայց 2024 թվականին չկատարածը հնարավոր չի կատարել: Դրա համար ռեսուրսներ են պետք, և թեկուզ և գումարը կա, սակայն այդ ժամանակահատվածը բաց է թողնված:
-Կմանրամասնեք, թե Ձեր աջակիցների վրա ինչպե՞ս էին փորձել ազդել:
-Ես ունեմ երկու ավագանու անդամներ, ում հորդորել են դուրս գալ իմ թիմից: Համենայնդես, ինձ ճնշումների մասին չեն ասում, բայց ենթադրում եմ, որ դրանք ճնշումներ են եղել, հորդորել են, որ նրանք ցուցակից դուրս գան և նրանք ցուցակից դուրս են եկել: Ես կարող էի կանգնեցնել այդ պրոցեսը, բայց իմ սկզբունքներին համապատախան ես երբեք մարդու կամքին հակառակ նրան չեմ պահել իմ ցուցակում: Ես իմ համաձայնությունը տվեցի, որ նա դուրս գա՝ շատ լավ հասկանալով, թե որ կողմից է քամին փչում: Սակայն հույս ունեմ, որ իմ բոլոր մրցակիցները չեն թաթախի իրենց ապօրինությունների մեջ, ինչքան թաթախել են՝ բավարար է, որովհետև մենք ապրում ենք մի բնակավայրում, որտեղ մենք դեռ իրար հանդիպելու ենք: Եվ յուրաքանչյուր քաղաքացի, ով հանդիպում է նման խնդիրների, նա ունի հիշողություն և նա հիշեցնելու է մարդկանց, թե ինչպիսի ճնշումներ են եղել:
-Հնարավո՞ր է, որ հետո ՔՊ-ի կամ մյուս թեկնածուների հետ կոալիցիա կազմեք:
-Ցավոք սրտի, ուզում եմ արձանագրել փաստը, որ նախկինում մեր ունեցած կոալիցիոն գործընկեր Լյուդվիգ Գյուլնազարյանը, երբ որ ստանձնեց իր պաշտոնը, ասաց, որ մենք չունենք որևէ համաձայնություն և մեր կոալիցիոն կառավարումը չի կարող լինել, քանի որ ինքն արդեն իշխանության եկավ: Դա փաստ է, որ ես հուլիս ամսից արդեն չեմ հանդիսացել Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ, ինչպես որ նախկինում՝ 2022 թվականից բանավոր համաձայնությունով մենք որոշել էինք, որ ես լինելու եմ համայնքի ղեկավարի տեղակալ և դա շարունակվելու է նաև Գյուլնազարյանի պաշտոնավարումից հետո: Փաստորեն մենք տեսանք, որ Գյուլնազարյանի պաշտոնավարումից հետո ես չվերանշանակվեցի, այսինքն, Գյուլնազարյանն անվստահելի գործընկեր է և ես ունեմ փորձ նրա հետ կոալիցիոն համագործակցության: Բացի դրանից, ես չեմ էլ դիտարկում որևէ մեկի հետ կոալիցիոն համագործակցություն ունենալ, ինչո՞ւ, որովհետև համայնքում տիրում է հակաիրավական, հանցավոր մի իրավիճակ, երբ որ բոլոր կլանները մեկը մյուսին անընդհատ հետապնդելով, սպանություններով, տարբեր սպառնալիքներով են զբաղված: Ես ուզում եմ նշել, որ որևէ կլանի անդամ չեմ հանդիսանում և իմ ժողովրդին պետք է հենց այն մեկը, ով որ բալանսավորելու է բոլորի իրավունքներն ու պարտականությունները:
-Այսինքն, ՔՊ-ի հետ կոալիցիան բացառում եք Գյուլնազարյանի անձնային հատկանիշների պատճառո՞վ:
-Ես ընդհանրապես չեմ դիտարկում որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու գաղափարը: Ես ունենամ մեկ մանդատ, թե քսանմեկ մանդատ, մենք առաջադրելու ենք իմ թեկնածությունը և պածտպանելու ենք իմ թեկնածությունը: Բոլոր նրանք, ովքեր կուզենան քվեարկել մեր օգտին և կընդունեն մեր կողմից առաջ քաշված սկզբունքները` համայնքի զարգացման և համայնքում օրինականության հաստատման մեր սկզբունքները, մենք կողջունենք այդ փաստը, բայց ես ասում եմ, որ ես իմ թիմակիցներով պաշտպանելու ենք բացառապես իմ թեկնածությունը:
-Նշեցիք, որ համայնքում կրիմինալ մթնոլորտ է տիրում: Մտավախություն չունե՞ք, որ Դուք էլ դրա հետ կբախվեք։
-Իրավաբան լինելով, ես առավել քան երբևէ կարող եմ պաշտպանել ինձ և իմ թիմին և հարկ եղած դեպքում կարող եմ օգտագործել նաև միջազգային հարթակները, եթե հանկարծ իմ իրավունքները խախտվեն: Որևէ մեկը, ինչ-որ խմբակով կամ խմբակներով ես կաշկանդված չեմ: Մենք օգտագործելու ենք բոլոր իրավական նորմերը, որոնք կոչված են պաշտպանելու ՀՀ քաղաքացուն:
-Ձեր նշած կրիմինալի, վախի մթնոլորտի հետևում ովքե՞ր են կանգնած:
-Իրականում դրանք ոչ միայն նախընտրական պրոցեսների հետ են կապված, այլև ունեն խորը արմատներ ու կրում են ընտանեկան կլանային բնույթ: Կարծում եմ, սոլիդ չէ իմ կողմից դրանց անդրադառնալը: Կարևորում եմ մեր համայնքի բնակիչներին ներկայացնելը, թե որքանով է կարևոր իմ ու իմ թիմի ընտրվելը, որպեսզի մենք կարողանանք կայունություն ու փոխըմբռնում թելադրելու: Դրանով մենք յուրօրինակ այլընտրանք բալանս ենք հանդիսանալու բոլոր ուժերի միջև: Մեծ հաշվով, բնակչին կարևոր չէ, թե ով է զբաղեցնում համայնքի ղեկավարի պաշտոնը՝ համայնքի բնակչին հետաքրքրում է մի բան, որ իր զավակին ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ պատերի տակ չգտնեն այն բանի համար, որ նա ինչ-որ մեկի բարեկամն է, ընկերն է կամ էլ ինչ-որ մեկին բարև է տվել և այլն, սա թերևս ամենակարևոր հարցն է:
-Բայց եթե տարիներով արմատացած կրիմինալ, կլանային արմատներ կան, այդ ի՞նչ գործիքակազմ պիտի ունենաք, որ կարողանաք դրան հակազդել:
-Քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը ոչ պատշաճ իրավական գիտելիքների է տիրապետում, ոչ պատշաճ բարձրագույն կրթություն է ստացել, նրանցից շատերն իրենց դիրքն օգտագործել են խուլիգանական մղումներով, դիմացինին ճնշելու և ստորացնելու գործիք, այդ կետից սկսում է կրակը մխալ և վերջում առաջանում է հրդեհ: Նրանցից յուրաքանչյուրը չպետք է զբաղեցնի համայնքի ղեկավարի պաշտոն, որպեսզի մեր համայնքում լինի խաղաղություն: Եվ դա տիրելու է, և մենք խաղաղությունը բերելու ենք Փարաքար համայնք։
Կարծիքներ