«Ձայն հայրենյացը» որոշել է «մշակույթով ապրեցնել»

«Ձայն հայրենյացը» որոշել է «մշակույթով ապրեցնել»

«Գոյ» թատրոնը փետրվարի 7-ին իր թատերաշրջանը բացեց մի նախաձեռնությամբ, որը միտված էր արցախյան պատերազմին հաջորդած այս բարդ ու ծանր ժամանակներում մարդկանց մշակույթով ապրեցնելուն: «Ձայն հայրենյացի» ու «Գոյ» թատրոնի նախաձեռնությամբ «Գոյի» թատերաշրջանի առաջին ներկայացմանը` «Դեկորներ» (Աղասի Այվազյան, մեկ գործողությամբ կատակերգություն), հրավիրվել էին արցախյան երեք պատերազմների մասնակիցներ, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ կամավորներ, պատերազմում հաշմված զինծառայողներ, 2016-ի ապրիլյան պատերազմում զոհված հերոսների` Մերուժան Ստեփանյանի, Արգիշտի Գափոյանի, Տիգրան Պողոսյանի, Նարեկ Մարգարյանի, Գոռ Հովհաննիսյանի եւ հայրենի սահմանների պաշտպանության համար նահատակված մյուս հայորդիների ծնողները: Նպատակը նրանց բարոյական աջակցություն ցուցաբերելն էր եւ վերջին շրջանի բարոյահոգեբանական ծանր վիճակն ինչ-որ չափով թեթեւացնելը:

«Ձայն հայրենյացը» մտադիր է նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական դարձնել: Առաջիկայում նախատեսվում է մշակութային միջոցառում կազմակերպել Երեւանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների համար։ Ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ պատերազմի օրերին ճակատամարտում եւ թիկունքում հրաշքներ գործած ու բազում կյանքեր փրկած բուժաշխատողները։