Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ․․․ Արայիկ Հարությունյան

Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ․․․ Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության ու մի շարք այլ հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր դեմ իրականացվող բողոքի ակցիաներին՝ նշելով, որ իրենք պատրաստ են այդ խմբերին ընդունել, իրենց պահանջները լսել, բացատրել։ Այդ խմբերն էլ, ըստ նախարարի, դաշնակցական երիտասարդներն են.

«Բայց ես ինչքան երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածն են հակված որևէ պահանջ ձևակերպելու և դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Hraparak.am-ի հարցին՝ իսկ հրաժարական տալ պատրա՞ստ է, Հարությունյանը պատասխանեց․

«Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում»։

Դիտարկմանը, թե խնդիրն իր լիազորությունները չեն, այլ այն, որ նախարարն իր լիազորություններն այլ կերպ է օգտագործում, ինչը վտանգում է մեր արժեքները, նախարարը նշեց՝ ավելորդ է դրան պատասխանել։

Նկատեցինք, որ միայն Դաշնակցությունը չի աղմկում, այլ խմբեր կամ ուժեր էլ կան, և հիմնական խնդիրը, ըստ իրենց ձևակերպումների, այլասերվածության քարոզն է, տարօրինակ երևույթների և արժեքների պրոպագանդումը, որը խրախուսվում է հենց կրթության նախարարության կողմից։

«Նման բան չկա։ Իրենք էդ ձևակերպումները տալիս են նաև որոշակի ազդեցությունների տակ ընկնելով։ Էն խմբերը, որոնք ունեն ազնիվ մտահոգություններ, մենք պարբերաբար էդ խմբերին ընդունում ենք և բացատրում ենք և պատրաստ ենք դա անել, որոնք որոշակի քաղաքական շահարկումների համար չեն անում էդ ամեն ինչը։ Երեկ առավոտյան էլ ես էլի մեր հին կուսակցություններից մեկի՝ Հնչակյան կուսակցության պատվիրակությանն եմ ընդունել, և մենք երկար քննարկում ենք ունեցել նաև էս հարցերի շուրջ, և ես կարծում եմ, որ մենք կարողացել ենք էդ բացատրությունները տալ նրանց հարցադրումներին։ Մենք պատրաստ ենք խոսել բոլոր նրանց հետ, ովքեր ունեն նման հարցադրումներ։ Էս խմբերի կողմից կամ նրանց մի մասի կողմից նման պատրաստակամություն չկա, և դա իրենց գործն է»,-ասաց Արայիկ Հարությունյանը։