Ռուս լիբերալին, հայրենիքը սիրել սովորեցնելու համար, պետք է ուղարկել Արեւմուտք

Ռուս լիբերալին, հայրենիքը սիրել սովորեցնելու համար, պետք է ուղարկել Արեւմուտք

Ազգային անվտանգության սպառնալիք դիտարկելով ռուսական ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաալիքի գործունեությունը՝ Լատվիայի իշխանությունները որոշել են հետ կանչել նրա արտոնագիրը: 

Հեռուստաալիքը Ռուսաստանում գործում էր 12 տարի, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում պատճառաբանելով, թե Ռուսաստանում ազատ խոսքն արգելված է, եւ հնարավոր չէ այդ մթնոլորտում աշխատել, 4,5 ամիս առաջ լքել էր Ռուսաստանի Դաշնությունն ու տեղակայվել Լատվիայում: Սակայն պարզվեց՝ խոսքի ազատությունը ոչ միայն Ռուսաստանում է սահմանափակվում։ Մեկ-երկու օր առաջ «Դոժդ»-ի ուղիղ եթերում ինչ-որ «սխալ» արտահայտություններ են հնչել, օրինակ, փոխանակ ասվեր՝ ռուսական զորքը, ասվել է՝ մեր զորքը, եւ մեկ-երկու՝ «քաղաքականապես վնասակար» (ինչպես կորակեին խորհրդային երկրում ստալինյան ռեժիմի օրոք) այլ արտահայտություններ: Արդյունքում ժողովրդավարական Լատվիայի իշխանությունները եթերազրկել են (կամ, ավելի ճիշտ՝ կաբելազրկել) հեռուստաալիքը:  

Արտոնագրի հետկանչը նշանակում է, որ «Դոժդ»-ը դեկտեմբերի 7-ին, ժամը 24.00-ին կդադարեցնի կաբելային հեռարձակումը՝ մնալով YouTube-ի ոչ լատվիական հատվածում։ Հեռուստաալիքի երեկվա թվիթերյան գրառման մեջ նշված էր, որ «իրենք անարդար ու անհեթեթ են համարում իրենց հասցեին հնչող բոլոր մեղադրանքները»: Իմ կողմից ասեմ, որ երբ հասարակական կազմակերպության աշխատակից եւ անդամ էի, հաճախ եմ նայել (ավելի ճիշտ՝ լսել) այս հեռուստաալիքի հաղորդումները: 

2018 թվականի իշխանափոխությունից հետո շատ բան փոխվեց նաեւ իմ ընկալումներում եւ դիրքորոշումներում: Սկիզբը դրվեց հանրահայտ հեռախոսազրույցների գաղտնագրման եւ հրապարակման պատմությամբ: Երբ վարչապետ կարգված Նիկոլն ուղիղ հրահանգավորում էր ձերբակալել, գործ հարուցել Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ, եւ նրա ենթակաները զեկուցում էին, թե ինչպես են փորձում կատարել նրա հրահանգները։ Ավելի ուշ Փաշինյանը զարմանում էր, թե կլինի՞ արդյոք այնպիսի դատավոր, ով չկատարի իր կամքը: Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմում արեւմտյան երկրների վարքագիծն ամբողջացրեց իմ ընկալումներում առկա փոփոխությունները: 

Այնպես, որ վաղուց չեմ հիշել «Դոժդ»-ի գոյության մասին: Ինչը բնական էր, քանի որ հեռուստաալիքն արեւմտամետ է, իսկ ես արդեն հրաժեշտ էի տվել իմ երբեմնի արեւմտամետի հայացքներին: Դա եւս բնական էր, քանի որ 44-օրյա պատերազմից հետո արեւմտամետ հայացքների առկայությունը կարող է վկայել միայն քաղաքական տհասության կամ առնվազն կուրության մասին: Իսկ ես ինձ այդպիսին չեմ համարում:

Ի դեպ, արեւմտյան ամենախոշոր պետական գործիչներից Ուինսթոն Չերչիլն (1874-1965) է ասել, որ հիմար է այն մարդը, որ երբեք հայացքներ չի փոխում: Հայաստանյան արեւմտամետներից շատ ավելի գիտակից էր «Դոժդ»-ի աշխատակիցներից մեկը՝ Նատալյա Սինդեեւան, ով արտոնագրի հետկանչի լուրն իմանալուց հետ լայվ էր մտել եւ լատվիական ժողովրդավարությունից հիասթափված՝ ընկել էր հիստերիկ լացի գիրկը: Ի դեպ, ռուսական իրականությունում գոյություն ունի նման մի ասացվածք. «Ռուս լիբերալին, հայրենիքը սիրել սովորեցնելու համար, պետք է թույլ տալ ապրելու Արեւմուտքում»։