Արդյոք Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը կարող են լինել ԲԴԽ անդամ 

Արդյոք Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը կարող են լինել ԲԴԽ անդամ 

Արդարադատության գործող նախարար Կարեն Անդրեասյանը եւ նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։ ԱԺ-ն, նշենք, ըստ Սահմանադրության, ընտրում է ԲԴԽ 10 անդամներից 5-ին՝ իրավաբան գիտնականներին, մյուս 5 անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը։ Այսինքն՝ ԱԺ-ն Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրելու է որպես ԲԴԽ իրավաբան գիտնական անդամներ։ Ընդ որում, խոսվում է, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ է գործուղվում խորհրդի նախագահ դառնալու համար։ 

Ըստ Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից»։ 

Կարեն Անդրեասյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1997 թվականից, նրա կենսագրության մեջ որպես աշխատանքային գործունեություն են ներկայացված տարբեր սեմինարներին դասախոսություններով հանդես գալը, ինչպես նաև «Արմենիա» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններում հաղորդումներ վարելը, մինչդեռ Սահմանադրությունը հստակ նշում է 15 տարվա մասնագիտական աշխատանքի մասին։ Կարեն Անդրեասյանը 1997-2000 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանում, ՊՆ-ում, առաջին ատյանի դատարանում, սակայն թե կոնկրետ ինչպիսի աշխատանք է կատարել, նրա կենսագրության մեջ չի նշվում։ Ընդհանուր առմամբ, Կարեն Անդրեասյանն ունի 25 տարվա աշխատանքային փորձ, որից մասնագիտական աշխատանքի փուլերը դժվար է առանձնացնել։ 

Ինչ վերաբերում է Անդրեասյանի գիտական գործունեությանը, ապա նա, ըստ կենսագրության, շուրջ 20 հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների և այլ աշխատությունների հեղինակ է։ Անդրեասյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, իսկ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է «Մարդու տեղեկատվական իրավունքների վարչարարական ապահովումը» թեմայով: Նշենք, որ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է թեկնածուների անհամատեղելիության դեպքերը, 1-ին մասում նշվում է, որ «Ազգային ժողովի կողմից ընտրված` Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից», մինչդեռ Կարեն Անդրեասյանն ընդամենը 3 ամիս առաջ է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և դարձել կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահ։ 
Այսինքն՝ անդամագրվելուց 3 ամիս անց Կարեն Անդրեասյանը պարտավոր է լքել կուսակցության շարքերը, որպեսզի իրավունք ունենա ընտրվել ԲԴԽ անդամ։ Ինչպես հասկանում եք՝ սա այն դեպքը չէ, որ նա նախընտրի կուսակցական պատկանելությունը։ 

Ինչ վերաբերում է Երանուհի Թումանյանցին, ապա նրա աշխատանքային գործունեությունը սկսվում է 2008 թվականից, և եթե հաշվենք, որ իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում զբաղվել է բացառապես մասնագիտական աշխատանքով, ապա նույնիսկ այդ դեպքում նրա փորձը չի բավարարում, քանի որ նրա աշխատանքային փորձը 14 տարի է, իսկ Սահմանադրությունը նվազագույն շեմ է սահմանում 15 տարին։ Երանուհի Թումանյանցն էլ է իրավաբանական գիտությունների թեկնածու, նա ատենախոսություն է պաշտպանել «Ինքնուրույնության սկզբունքը դատական իշխանության համակարգում` սահմանադրական բարեփոխումների համատեքստում» թեմայով։