«Էրդողանը շուտով լուծարվելու է»․ ինչի՞ է պատրաստվում Դավութօղլուն

«Էրդողանը շուտով լուծարվելու է»․ ինչի՞ է պատրաստվում Դավութօղլուն

Թուրքիայի Հանրապետության ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ երկրի նախագահ, «Արդարություն ու զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Փետրվարի 28»-ի (1997 թվականի փետրվարի 28-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջում) մնացորդների խնամակալության ներքո է, և որ ինքը վախենում է Էրդողանի դաշինքի գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության («Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևը) նախագահ Դևլեթ Բահչելիից:

Պատասխանելով «Քարար» հեռուստաընկերության հարցերին՝ Դավութօղլուն ասել է (17․01․2021), որ Բահչելին շատ վտանգավոր հաղորդագրություններ է հղում։ «Դևլեթ Բահչելին մերժեց նաև դաշինք կազմելու իմ չորս առաջարկները: Մենք նախարարի համար դիմեցինք, նա նրան էլ չտվեց։ Թուղրուլ Թյուրքեշն ընդունեց իմ՝ նախարարի այն ​​ժամանակվա առաջարկը և կոտրեց Բահչելիի խաղը: [...] Բահչելին հրահրում է նաև բևեռացման լեզուն: Թուրքիան փորձում է վերափոխել բռնության պարույրը: Այս միտումը շատ մտահոգիչ է»,- նշել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարը։

Դավութօղլուն «Ապագա» կուսակցության վրա հարձակումները (օրերս հարձակման էր ենթարկվել ԱԿ փոխնախագահ Սելչուկ Օզդաղը մայրաքաղաք Անկարայում իր տան դիմաց՝ հրազենով և փայտերով զինված մի խումբ մարդկանց կողմից) պայմանավորել է այն հանգամանքով, որ կուսակցության ստեղծամբ քաղաքական խաղի հոսքը փոխվել է: 

«Էրդողանն այժմ խնամակալության տակ է: Նա «Փետրվարի 28»-ի մնացորդների խնամակալության տակ է: Ես նախազգուշացնում եմ ձեզ, պարոն Էրդողանը շուտով լուծարվելու է: Պարոն Էրդողանը խաչմերուկում է: «Ժողովրդական»դաշինքի [«Արդարոթյուն և զարգացում» և «Ազգային շարժում» կուսակցությունների դաշինքը] հետ ընտրություններում հաղթելը շատ դժվար է: Թուրքիան փոխել է քաղաքական հավասարումը «Ապագա» կուսակցությունում: Էրդողանը սկզբունքորեն չի ընկալում քաղաքականությունը: Այն շարժվում է ցիկլորեն: Այլ դերակատարների հետ նրանք փորձում են արգելափակել «Ապագա» կուսակցությունը»,- ընդգծել է Էրդողանի նախկին գործընկերը։

«Փետրվարի 28» հեղաշրջումը հայտնի է նաև «Ռազմական հուշագիր Թուրքիայում», «Հետարդիական հեղաշրջում» անվանումներով։ Հուշագիրն ընդունվեց Թուրքիայի ռազմական հրամանատարության կողմից 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Անվտանգության ուժերի ղեկավարների հանդիպման ընթացքում ընդունվեց հուշագիր, որը ենթադրում էր Թուրքիայի վարչապետ, «Բարօրություն» ծայրահեղ իսլամիստական կուսակցության ղեկավար Նեջմեթթին Էրբաքանի և իր ամբողջ կոալիցիոն կառավարության հրաժարականը։

Էրբաքանի կառավարությանը հեռացնելու գործողությունը ծրագրավորվել էին երկրի ազդեցիկ գեներալները՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Իսմայիլ Հաքքը Կարադայըն, Թուրքիայի Ժանդարմեայի գլխավոր հրամանատար Թեոման Քոմանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Չեվիկ Բիրը, Ժանդարմեայի հասարակական կարգի պահպանման հրամանատար Չեթին Դողանը և այլք:

1997 թվականի հունվարի 17-ին երկրի նախագահ Սուլեյման Դեմիրելն այցելեց Թուրքիայի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել էր գեներալներին։ Հանդիպման ժամանակ Բանակի գեներալ Կարադայըն ներկայացրեց 55 խնդրահարույց կետ, որոնց վերաբերյալ Դեմիրելը պետք է զեկույց ներկայացներ մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ գեներալներն իրենց լուրջ մտահոգությունն հայտնեցին թուրքական հասարակության հետեւողական իսլամացման եւ երիտասարդական հասարակական կառույցների արմատականացման կապակցությամբ: Հուշագիրը մշակելիս վարչապետ Էրբաքանին առջև խնդիր էր դրվել էին, ի թիվս այլ բաների, ստորագրել պայմաններ, որոնք ուղղված էին քաղաքացիական հասարակության աստիճանական իսլամացմանը մեղմելուն։

Այնուամենայնիվ, վարչապետը ստիպված եղավ հրաժարական տալ, որից հետո պաշտոնապես 5 տարով արգելվեց նրա քաղաքական գործունեությունը: Հրաժարականից հետո նոր կառավարություն ձևավորվեց Էրբաքին նախորդած Մեսութ Յըլմազի գլխավորությամբ։ 1997-ի հունիսի 30-ին ձևավորված նոր կառավարությունում ընդգրկվել էին Բուլենթ Էջևիթը (փոխվարչապետ)՝ «Ժողովրդավարական» ձախական կուսակցության առաջնորդը, Հուսամեթին Ջինդորուքը, որը հետագայում ստեղծեց «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ «Բարօրություն» կուսակցությունը պաշտոնապես լուծարվել էր միջկրոնական բախումներ հրահրելու և սահմանադրությունը խախտելու մեղադրանքով: Այդ տարիներին Ստամբուլի այդ ժամանակվա քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտվեց ազատազրկման հրապարակավ իսլամիստ-ազգայնական բանաստեղծություն կարդալու համար՝ բռնության ու կրոնական կամ ռասայական ատելության հրահրելու մեղադրանքով։

Էրդողանը բանտում մնաց 1999 թվականի մարտի 24-ից մինչև հուլիսի 27-ը։ Այս գործի պատճառով նա ստիպված հեռացավ քաղաքապետի պաշտոնից: 2001-ի հուլիսին Էրդողանը ստեղծեց «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը հաղթեց 2002-ի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում: Դատվածությունը խանգարում էր Էրդողանին դառնալ վարչապետ, բայց Իրաքի դեմ գործողությունների սկսվելուց հետո ԱՄՆ-ի կողմնակից թուրքական էլիտան համաձայնվեց փոխել օրենքները, և Էրդողանը գլխավորեց կառավարությունը (2002-03, Ահմեթ Սեզերի նախագահության օրոք)։

Ահմեդ Դավութօղլուն համարվում է Թուքիայի ներկայիս նախագահի «նորօսմանականության» քաղաքականության գաղափարախոսներից մեկը։  Ռեջեփ Էրդողանի վարչապետության օրոք Դավութօղլուն զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի (2009-14), իսկ նախագահության օրոք (2014-16) վարչապետի պաշտոնը։ 2016-ի ապրիլ-մայիս ամիսներին նրանց միջև հարաբերությունները կտրուկ լարվել էին ու հասել իրենց գագաթնակետին։ 

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Դավութօղլուն քննադատում էր Էրդողանի՝ գործադիր նախագահական կառավարման համակարգ ունենալու ցանկությունը: «Ապագա» կուսակցության ղեկավարը նաև դեմ էր Էրդողանի քաղաքականությանը՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարում միայն ռազմական լուծում տալուն, ԱԶԿ-ի ներկուսակցական խնդիրներ և այլն։ 2019-ին Թուրքիայի նախկին վարչապետը հեռացավ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից և հիմնեց ընդդիմադիր «Ապագա» կուսակցությունը։

Թե ինչ կփոխվի Հայաստանի համար Էրդողանի հնարավոր հեռացումով կամ հաջորդ ընտրություններում իշխանության չգալով, դժվար է ասել։ Այս շրջանում թուրք բարձրաստիճան գործիչները հայտարարում են Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու պատրաստակամության մասին։ 2020-ի դեկտեմբերի 14-ին «Հրապարակի» հետ զրույցում պոլսահայ լրագրող, «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասել էր, որ Ահմեդ Դավութօղլուն, ի թիվս Թուքիայի այլ ազդեցիկ գործիչների, գաղափարախոսական առումով ազգայնականության նույն գետնի վրա է կանգնած։ «Իրենք գաղափարախոսական որևէ տարբերություն չունեն, այլընտրանք չեն ներկայացնում, հետևաբար որևէ բան ակնկալել կարելի չէ։ Դավութօղլուն կարճ ժամանակ առաջ այդ նույն կառավարության վարչապետն էր: Իրենք անհատաբար խնդիրներ են ունեցել, շարքերից դուրս են մնացել, և հիմա իրենց այդ անհատական խնդիրներով է, որ եկել են նոր կուսակցություն կազմելու։ Բայց գաղափարախոսական առումով ի՞նչ ունենք։ Նույնը կարելի է ասել ուրիշների համար ևս։ Հետևաբար նրանցից որևէ ակնկալություն չենք կարող ունենալ։ Մի քիչ հոռետես է պատկերացումը, բայց ըստ ինձ՝ իրավիճակն այսպիսին է»,- նշել էր պոլսահայ լրագրողը։ 

Դավութօղլուի այսպիսի հայտարարությունները նաև կարելի է դիտարկել հնարավոր արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստման ու ձայների հավաքագրման համածիրում։ Իսկ Թուրքիայում հնարավոր իշխանափոխական սցենարների դեպքում «Ապագա» կուսակցության ղեկավարը պատրաստակամություն էր հայտնել լինել այնտեղ, «որտեղ պետք է»։