Ո՞վ կլինի Հարավային Կովկասում «առաջին ջութակը»․ մրցակցությունը սրվում է

Ո՞վ կլինի Հարավային Կովկասում «առաջին ջութակը»․ մրցակցությունը սրվում է

Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցավ ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը, որից հետո ԵԽ նախագահը հանդես եկավ ամփոփիչ հայտարարությամբ։ Դատելով հայտարարության տեքստից՝ կարելի է որոշ դիտարկումներ կատարել․

• Բրյուսելյան եռակողմ հանդիպումները՝ Միշել-Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով, դառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այդ համատեքստում՝ նաեւ ղարաբաղյան հարցի կարգավորման նոր ձեւաչափ, որը պայմանականորեն անվանենք «բրյուսելյան ձեւաչափ»։

• «Բրյուսելյան ձեւաչափը», ակնհայտորեն լինելով Արեւմուտքի կողմից նախաձեռնված հարթակ, հավակնում է դառնալ այլընտրանք հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ այդ համատեքստում՝ նաեւ ղարաբաղյան հարցի կարգավորման «ռուսական ձեւաչափին», որը ձեւավորվել էր ավելի վաղ։

• Հաշվի առնելով այն, որ այս տարվա հուլիսին կամ օգոստոսին դարձյալ տեղի է ունենալու «բրյուսելյան ձեւաչափով» հանդիպում, կարող ենք ասել, որ այն որպես հարթակ սկսել է գործել մշտական հիմունքներով։

• Դատելով ադրբեջանական մեդիայում նախօրեին տեղի ունեցած հանդիպման եւ դրա առնչությամբ Շառլ Միշելի տարածած հայտարարության արձագանքներից՝ «բրյուսելյան ձեւաչափը», ակնհայտորեն, ավելի ցանկալի է Բաքվի համար՝ գոնե հանրային կամ փորձագիտական մակարդակում կամ մեդիա տարածքում հնչած կարծիքներից ելնելով։ Նկատի ունենանք նաեւ, որ ադրբեջանական հասարակության ներսում կա ընդգծված հակառուսականություն, որը հատկապես ցայտուն է արտահայտվում ուկրաինական ներկայիս ճգնաժամի ֆոնին։

• Կարող ենք բավականին հիմնավորված պնդել, որ չնայած տարածաշրջանային քաղաքական եւ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանային նոր ճարտարապետության կերտման գործընթացը շարունակվում է ողջ թափով։

• Հաշվի առնելով Եվրամիության՝ Հարավային Կովկասում նկատելի ակտիվացումը, կարող ենք նաեւ հստակ արձանագրել, որ բավականին սրվել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի (ԵՄ) միջեւ մրցակցությունը Հարավային Կովկասի նոր ճարտարապետության կերտման գործում «առաջին ջութակի» պաշտոնի համար։ Ընդ որում, եթե Ռուսաստանը փորձում է պահպանել ավանդաբար հարավկովկասյան տարածաշրջանի «առաջին ջութակի» դիրքը, ապա Արեւմուտքը, ի դեմս ԵՄ-ի, փորձում է խլել այն Ռուսաստանից։

• Պետք է ենթադրել, որ մինչեւ հուլիս կամ օգոստոս տեղի կունենա նաեւ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում՝ հավասարությունը պահելու համար։ Չպետք է մոռանալ, որ ԵՄ-ն, օրինակ, սեփական զինված ուժեր չունի կամ սեփական անվտանգային համակարգեր, իսկ Ղարաբաղում ռուսական զորակազմն է, եւ, բացի այդ, ԽՍՀՄ բոլոր ժամանակների քարտեզները պահվում են Մոսկվայում։