Ջնջվող թանաքով գրիչներն արգելված չեն. մանկապարտեզների գործը պայթում է

Ջնջվող թանաքով գրիչներն արգելված չեն. մանկապարտեզների գործը պայթում է

Շենգավիթի մանկապարտեզների վերաբերյալ հարուցված քրեական գործով անցնում են 5 տնօրեններ՝ «Ժպիտների քաղաք» մանկապարտեզի տնօրեն Լենա Լեւոնյանը, 133-րդի տնօրեն Հասմիկ Գեւորգյանը, 142-րդի տնօրեն Սոնա Խաչատրյանը, թիվ 131 մանկապարտեզի տնօրեն Գայանե Վարդանյանը եւ 143-րդ մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Դանիելյանը։ Այս մասին մենք տեղեկացանք դատախազության աղբյուրից։

Ինչպես հայտնի է, տնօրենների դեմ նյութեր սկսեցին նախապատրաստվել Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի մոտ փետրվարի 7-ին անցկացված խորհրդակցությունից հետո։ Թաղապետը, կասկածելով, որ տնօրենները չարաշահումներ են կատարել, նրանց գրանցամատյաններով հրավիրել էր թաղապետարան, պահել այնտեղ, որից հետո կանչել էր ոստիկաններին, որոնք էլ առգրավել էին մատյանները։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ թաղապետի գրության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածով։
Մեզ հաջողվեց զրուցել տնօրենների հետ։ Նրանք բոլորը վիրավորված են եւ տհաճությամբ են խոսում քրեական գործի մասին։ «Մենք դիմել էինք ՄԻՊ, տարբեր մարմինների, հայտնելով, որ մեր իրավունքը խախտված է, բայց արձագանքեցին միայն լրագրողները։ Հիմա ի՞նչ։ Մեղադրանքն առաջադրված է, գործն ընթացքի մեջ է, ինձ համար տհաճ է այս ամենի մասին խոսել»,- ասաց 133-րդ մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Գեւորգյանը, շեշտելով, որ, իհարկե, չի ընդունում մեղադրանքը։ Ըստ Քննչական կոմիտեի, պաշտոնական կեղծիքը տնօրեններն իրականացրել են ջնջվող թանաքով գրիչների միջոցով։ Հենց այսպիսի գրիչներ են տնօրեններն օգտագործել գրանցամատյաններում սննդի վերաբերյալ նշումներ անելիս։ Մեր տեղեկություններով, նրանք նախաքննության ընթացքում չեն հերքել, որ ջնջվող թանաք են օգտագործել, սակայն նշել են, որ դա արվել է փաստաթղթերում ջնջումներից խուսափելու համար, եւ որ նման գրիչների օգտագործումն օրենքով արգելված չէ։

Ճի՞շտ է, որ գրիչների միջոցով կեղծիքներ եք թույլ տվել։ Այս հարցին պատասխանելով, տնօրեններից մեկը՝ Լենա Լեւոնյանը, ասաց․ «Քննություն է ընթանում, ես չեմ ուզում այդ մասին հիմա խոսել։ Ես վստահում եմ մեր իրավապահներին, համոզված եմ, որ նրանք ի վերջո կհամոզվեն, որ ես իմ բազմամյա աշխատանքի ընթացքում օրենքի սահմանները չեմ անցել»։ Ինչպե՞ս եք գնահատում թաղապետի գործողությունները, մատյաններն առգրավելու եղանակը։ «Կարող եմ ասել, որ այս ամենը թյուրիմացություն էր։ Կային մեզ հսկող կառույցներ, որոնք կարող էին դա անել։ Ինչ վերաբերում է իմ մեղադրանքին, ես վստահ եմ, որ այն վերացվելու է, հավատում եմ հեղափոխությանը, որ արդարությունը կհաղթի»։ Լենա Լեւոնյանը հիշեցրեց, որ արդեն 40 տարի աշխատում է նույն մանկապարտեզում, դեռ «մութ ու ցուրտ» տարիներից, եւ միշտ մաքուր է եղել երեխաների ու օրենքի առաջ։

142-րդ մանկապարտեզի տնօրեն Սոնա Խաչատրյանն ավելի թեթեւ է տանում «մանկապարտեզների գործը»։ Նրան առայժմ չեն հարցաքննել։ Սկսել են տնտեսվարից։ «Պարապ են մնացել, ինչ ուզում են՝ անեն, չեմ էլ հետաքրքրվում»,- ասաց նա։ Սոնա Խաչատրյանին հարցրինք, թե ինչու է օգտագործել ջնջվող թանաքով գրիչ, որը քննչականին պաշտոնական կեղծիքի մեջ կասկածելու հիմք է տվել։ «Այդ գրիչներն օգտագործելն օրենսգրքով արգելված չէ։ Աշխատանքային օրենսգրքում այդ մասին ոչ մի տառ, ոչ մի կետ չկա։ Այդ գրիչներն օգտագործում են ոչ միայն Շենգավիթում, այլ բոլոր շրջանների մանկապարտեզները, ամբողջ համակարգը, նախարարությունը։ Դա արվում է անհրաժեշտության դեպքում թվային սխալները վերացնելու, ջնջումներից խուսափելու, օրվա վերջում երբեմն թիվ է փոխվում, դրա համար։ Բոլորն էլ ջնջվող գրիչներ են օգտագործում, պարզապես այս հինգս ավելի շատ ենք օգտագործել, դրա համար այս հինգիս են մեղադրանք առաջադրել»,- պատասխանեց Սոնա Խաչատրյանը։