Ակամայից դառնում եմ մի որոշման մեղսակից, որին մասնակից չեմ եղել

Ակամայից դառնում եմ մի որոշման մեղսակից, որին մասնակից չեմ եղել

Մնջախաղի պետական թատրոնին Գեւորգ Քոչարի 21 հասցեում գտնվող նախկին գրապալատի շենքի հատկացումը մի քանի օր է՝ բուռն քննարկումների տեղիք է տվել։ Ի սկզբանե խոսակցությունը բացեց մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ մեր թերթին տված հարցազրույցում նշելով, թե այն միջամտությունը, որ կատարվել է շենքի հարցում, չի արժեւորում հուշարձանը, բացի այդ՝ տրվել է շինթույլտվություն առանց կառավարության որոշման։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Տ․ Գալստյանի գրառումներին սկսեցին արձագանքել ճարտարապետական հանրույթի այլ մասնագետներ եւս, որոնք կա՛մ մտահոգություն էին բարձրաձայնում, կա՛մ հերքում իրենց մասնակցությունը գիտամեթոդական խորհրդի նիստին, որտեղ հաստատվել էր թատրոնի նախագիծը։

Ի դեպ, գիտամեթոդական խորհրդի նիստի արձանագրության քաղվածքն այս օրերին հատվածաբար հանրայնացվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում․ նախ հրապարակվեցին նիստին մասնակցած խորհրդի անդամների անունները, իսկ այն բանից հետո, երբ մշակույթի փոխնախարարներ Արա Խզմալյանն ու Նարինե Թուխիկյանը հրավիրված ասուլիսի ընթացքում հակադարձեցին, թե շենքի այն հատվածը (Գ․ Քոչարի 21 հասցեն), որ հատկացվել է Մնջախաղի թատրոնին, հուշարձան չէ, ուստի տեղին չեն մտահոգությունները, նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց արձանագրության այն հատվածը, որտեղ Խզմալյանն իր ստորագրությունն է դրել այն որոշման տակ, որտեղ Գ․ Քոչարի 21 հասցեի դիմաց գրված է․ «հանրապետական նշանակության հուշարձան-շենք»։ Այսինքն՝ բանավոր մակարդակում նախարարությունը հերքում է, որ այն հուշարձան է հանդիսանում, իսկ գրավոր մակարդակում համաձայնում է շենքի՝ հանրապետական նշանակության հուշարձան լինելու հետ։  

 

Հետաքրքիր է, որ գիտամեթոդական խորհրդի քարտուղար Կարինե Հակոբյանը նույնպես նշել էր, որ չի մասնակցել նիստին, եւ իր ստորագրությունը չէ արձանագրության մեջ։ Հաջորդիվ, միաժամանակ նշելով, որ դա կեղծիք չէ․ «Արձակուրդում գտնվելու պատճառով ինձ փոխարինել են եւ ստորագրել՝ ազգանունիս դիմաց գծիկ դնելով, ինչպես ընդունված է»։

Նախօրեին հրավիրված ասուլիսի ժամանակ, ի պատասխան մեր այն հարցին, թե խորհրդի անդամներից շատերը բարձրաձայնում են, որ չեն մասնակցել նիստին, Ն․ Թուխիկյանն ասաց, որ գիտամեթոդական խորհրդի կազմը 23 հոգուց է բաղկացած, եւ միշտ չէ, որ բոլորը կարողանում են մասնակցել․ «Ամենակարեւորը քվորում ունենալն է, եւ եթե կա մեկը, ում անունը կա արձանագրության ցուցակում, բայց ինքը չի եղել, թող արձագանքի»։

Գիտամեթոդական խորհրդի անդամներից Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում արձագանքեց․ նախ՝ այդ ժամին երբեւէ նիստի չի գնացել, հետո էլ․ «Այդ մարդկանց, օրինակ՝ Խզմալյանին, երբեւէ հանդիպած չկամ, Գյուրջյանի հետ որեւէ անգամ նիստի չեմ եղել»։ Թե այդ դեպքում ինչպես է իր ազգանունը հայտնվել արձանագրության մեջ, ապա կարծում է՝ կա՛մ ուրիշ մարդու մասին է խոսքը, կա՛մ էլ թյուրիմացություն է․ «Ամռանը մասնակցել եմ նիստերի, բայց աշնանը՝ ոչ»։    

Գիտամեթոդական խորհրդի անդամներից ճարտարապետ Արտակ Ղուլյանը նույնպես ներկա չի եղել նիստին, թեպետ նրա անունը գրված է արձանագրության մեջ՝ մասնակիցների շարքում։ «Թուխիկյանն ասում է, որ ես ինչ-որ բան շփոթում եմ, բայց ես ոչ մի բան չեմ շփոթում, տարիներ չեն անցել, որպեսզի շփոթեմ, ես այդ նիստին չեմ մասնակցել։ 2 անգամ է քննարկվել հարցը, առաջին անգամ ներկա եմ եղել, հիշում եմ՝ Արտյոմ Գրիգորյանի դիտողություններն ուղարկվեցին լրամշակման, բայց այն նախագիծը, որ այսօր կա ու ներկայացված է, ես չեմ տեսել, ինչպես որ չեմ տեսել Արա Խզմալյանին այդ օրը։ Ես ակամայից դառնում եմ մի որոշման մեղսակից, որին մասնակից չեմ եղել»,- ասում է Ղուլյանն ու հավելում, որ խիստ կասկածում է, թե ճարտարապետներից որեւէ մեկն այս նախագծին «այո» կասեր։  

Ղուլյանի կարծիքով, եթե անգամ Գ․ Քոչարի 21 հասցեն հուշարձան չէ, բայցեւայնպես շենքը գտնվում է պահպանական գոտում, ինչը նշանակում է, որ այն անձեռնմխելի է․ «Այդ շենքը հուշարձան է, եւ, ի դեպ, նախկին փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ էր գրել, որ դա ինչ-որ պատճառով դուրս էր մնացել ցանկից, քանի որ այդ 2 մասնաշենքերը սյունաշարով կապված էին իրար, ու երբ սյունաշարը քանդել, բարձրահարկ են կառուցել, այդ մի կտորը թյուրիմացաբար դուրս էր մնացել, բայց եթե անգամ այդ հատվածը ցուցակում չկա, ուրեմն պետք է մտնի ցուցակ՝ որպես այդ շենքի օրգանական մաս։ Այսինքն՝ շենքի մի մասը հուշարձան չհամարել, ինչ է թե կտրված է, աբսուրդ է, ուրեմն Հաղարծինի մի մատուռ եթե 500 մետր այն կողմ լինի, պետք է ասեն՝ հուշարձա՞ն չէ։ Հետո՝ հուշարձանի պահպանության գոտում է, ուրեմն պարտավոր են ենթարկվել միջավայրին։ Իսկ հուշարձանի միջավայրում կառուցվող շենքի ճարտարապետական, գեղարվեստական որակը պետք է գոնե պատշաճ լինի, ոչ թե այսպիսի պատահական մի բան, որը կառուցելու բան չէ թե՛ որպես թատրոն, թե՛ որպես շենք։ Այսինքն՝ այնքան անորակ է, որ բոլոր հարցերը մի կողմ ենք դնում․ քաղաքի կենտրոնում ո՞նց է պատահել դա։ Հետո՝ քաղաքի կենտրոնում կառուցվող թատրոնի համար ինչո՞ւ մրցույթ չի հայտարարվում․  որովհետեւ, երբ հայտարարում են, ապա պետական պատվեր տալիս են նվազագույն գին առաջարկողին, իսկ նվազագույն գին առաջարկում է ամենաանփորձն ու սկսնակը, բայց այդպես չի կարելի։ Մշակույթի նախարարությունը պատասխանատո՞ւ է այդ շենքի որակի համար, թե՞ ոչ»։