«Այիբս կդնեմ քեզ վրա`կմղկտաս»

«Այիբս կդնեմ քեզ վրա`կմղկտաս»

Թուրքական կամ թուրքերին վերագրվող այս ասացվածքը մտաբերեցի, երբ լրատվական կայքերում կամ ֆեյսբուքում կարդացի նիկոլական «պողոսների» մեկնաբանությունները Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Ընդ որում, կապ չունի, թե ինչ հարցի շրջանակում է շրջանառվում ՀՀ երկրորդ նախագահի անունը: Մեկնաբանություններում, բնականաբար, ամենամեղմ բնորոշումը թուրքի զավակ լինելն է: Անկեղծ ասած, արդեն չեմ կողմնորոշվում՝ թուլեքի նման այդ արարածներին քսի տալը որևէ կենտրոնի՞ց են անում՝ շարունակաբար, թե՞ դրանք գործում են դեռևս երեք-չորս տարի առաջ ստացված հրահանգի համաձայն: Որովհետև մեկնաբանություններում որևէ փոփոխություն չի զգացվում, իսկ դրանց հեղինակների գրագիտության մասին խոսելն անգամ ավելորդ է: 
Ի՞նչն է այստեղ զարմանալին: Զարմանալին այն է, որ այդ զառանցանքը շարունակվում է՝ 2020 թվականի պատերազմում «գերագույն գլխավոր» Նիկոլի հրամանատարությամբ մեր պարտության ֆոնին:

Չմոռանանք, որ այդ հրամանատար կոչվածին պարտության մատնած թուրք Իլհամը իր գլխավոր հակառակորդ է համարում ոչ թե Նիկոլին, այլ հենց Ռոբերտ Քոչարյանին: Բնականաբար, Սերժ Սարգսյանի հետ մեկտեղ: Բայց այդ երևույթին հասու չեն Նիկոլի կողմից զոմբիացված «մեկնաբանների» ուղեղները: Որովհետև եթե հասու լինեին, ապա Իլհամի այդ հայտարարության լույսի ներքո կփոխեին ձայնապնակը (հուսով եմ, որ հասկանում են արտահայտության իմաստը՝ եթե, իհարկե, ընթերցում են իմ հոդվածները): Որովհետև չի կարող թուրք լինել այն հայը, որ Արցախում ղեկավարելով հայրենասեր հայերի պատերազմը, խեղճացրել է թուրքին: Բայց թուրքից հազար գլուխ ավելի բեթար է այն հայը, որ թուրքին պարտվելը բավարար չէ, պատերազմից հետո էլ է խեղճանում թուրքի առաջ՝ ինչ է, թե պահպանի իր իշխանությունը:

Դա՝ մեկ, և երկրորդ. նման մեկնաբանություններ գրողներր, եթե մի փոքր ուղեղ ունենային, ապա կընկալեին «Այիբս (արատս) կդնեմ քեզ վրա, դու կմղկտաս» ասացվածքի իմաստը: Թեկուզ և չիմանալով այն՝ կհասկանային, որ թուրքին խեղճացնողին թուրք անվանելով՝ վատություն են անում ոչ թե նրան, այլ իրենց «կուռքին» կամ գործատուին, ով խեղճացվել է թուրքի կողմից: Հասկանալի է, որ նրանց ուղեղներն այնպես են լվացել, որ նրա խեղճանալը ևս բարդում են Քոչարյանին-Սարգսյան զույգի վրա: Մոռանալով, որ 2020 թվականի հուլիսի Տավուշի դիրքերից մեկի հաղթական մարտից հետո այդ անձը, որը դեռևս զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, իրեն դրել էր 100 տարի առաջվա Սարդարապատի հերոսամարտի ղեկավարների տեղը: Ու 2020 թվականի աշնանային պատերազմից երկու-երեք ամիս առաջ գլուխ էր գովում, թե Սերժ Սարգսյանի ունեցած 80-ականների զենքի փոխարեն ինքը բանակը համալրել է գերժամանակակից սպառազինությամբ: Ինչը նշանակում է, որ մեր խայտառակ պարտության մեջ մեղավոր են ոչ թե նախկինները, այլ հենց իրենց «խեղճ հայվանը»՝ ինչպես իրենք են բնորոշում իրենց երբեմնի «փրկչին»:

Այնպես որ, մարդուն ուղեղը տրված է անասունից տարբերվելու համար: Ու եթե որևէ մեկն իրեն մարդ է համարում, ապա դա իրեն իրավունք չի տալիս նախկիններից սրան կամ նրան հայհոյելու: Հատկապես որ իրենց բերանը փակել չկարողացող արարածների մեծամասնությունը նախկինների օրոք 10 կամ 20 հազար ընտրակաշառք էին վերցնում ու նրանց ձայն էին տալիս: Թքած ունենալով իրենց և իրենց զավակների ապագայի վրա: Եվ այսօր էլ նիկոլական «ապագային» ձայն տալով ու երկիրը կործանման տանելով՝ կրկին հիշում են նախկիններին: Առանց հասկանալու, որ վաղը թուրքի ճորտը դառնալու դեպքում մեղավոր են լինելու հենց իրենք և ոչ թե նախկինները: Ի դեպ, դա ասում է մի մարդ, որ նախկինների օրոք շուրջ 20 տարի կռիվ է տվել նրանց դեմ փողոցում և ընտրատեղամասում: 

Հ. Գ. Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից դահուկ քշելուն և ոտքը վնասելուն, ապա ենթադրում եմ, որ կան պահեր, երբ հանրային հետաքրքության օբյեկտ հանդիսացող ընդդիմադիր անձը պետք է հրաժարվի իր թեկուզ ավանդական դարձած սովորույթներից: Հանրահավաքային շարժում սկսելու որոշումը հենց նման պահերից մեկն է: