Մեկուսացման օրերի միֆեր

Մեկուսացման օրերի միֆեր

Գիտությունից ու բժշկությունից, տնտեսական փլուզումներից ու մարդկային կյանքերի կորուստներից, զարմանալի անձնվիրությունից ու նաեւ անտարբերությունից զատ` վիրուսի տարածման օրերին մարդիկ օնլայն տիրույթում ակամա ստեղծում են միֆեր, որոնցով ուզում կամ փորձում են ավելի լավը ներկայանալ, թվալ…

Միշտ թեմայի մեջ լինելն ու հետո արագ մոռանալը 

Մարդկանց մի մեծ խումբ սոցիալական ցանցերում խոսում է վիրուսի մասին: Հետաքրքրվում է, որովհետեւ հիմա է պահը, բայց անմիջապես էլ կմոռանա, երբ խնդիրն ի վերջո լուծվի: Ենթադրաբար, մեդիան էլ կմոռանա պատմել ֆանտաստիկ բժիշկների ու հիվանդների  պատմությունները, օրինակ, թե որքանով է շրջվել նրանց կյանքն այս ամենից հետո: Հետաքրքրության կորուստը սպասելի է, որովհետեւ նախկինում էլ մարդիկ աղոթում էին մի օր Սիրիայի, մյուսը օրը` Փարիզի համար, մյուս օրն էլ ցավում էին ամազոնյան կամ ավստրալական անտառների հրդեհների համար` մոռանալով այդ ամենի մասին շատ արագ:

Որոնողական համակարգերը փաստում են, որ մարդկանց հետաքրքրությունը ձգվում է շատ կարճ: Մոտ մեկ տարի առաջ աշխարհը եւ հայկական օնլայն իրականությունն արտասվում էին Փարիզի Աստվածամոր տաճարի ցավալի հրդեհման համար, բայց, ինչպես մյուս դեպքերում, խնդրով իսկապես հետաքրքրվածները շատ ավելի փոքր շրջանակ էին կազմում, հավաբանար՝  միայն  ֆրանսիացիները: Հայկական մեդիան, իհարկե, պատմում է, թե ինչ է կատարվել այդ հոգեւոր կենտրոնի հետ մեկ տարի անց, բայց մեր հասարակությունն արդեն չի արձագանքում:

Սա մի սխալ է, որ նաեւ օբյեկտիվ հիմքեր ունի, եւ գրեթե բոլորս ենք անում: Ես էլ վեց օրով ֆեյսբուքյան էջիս գլխավոր նկարը փոխեցի` «Փրկել Ամուլսարը» գրությամբ, բայց գիտեմ` այս սարի ճակատագրով «վառվողների» ու անկեղծորեն անհանգստացողների մեջ չեմ: Հիմնականում բնապահպանների ու հենց ջերմուկցիների խումբն է, որ անգամ այս օրերին չի դադարում մտահոգվել այդ խճճված հարցով: Իսկ իմ իրական ներդրումը կլինի հետագայում արշավախմբերից մեկի հետ բարձրանալ այդ սարը` չհանրայնացնելով փաստը: 

Կարդալու ու ինքնազարգանալու միֆը 

Մի կողմից՝ հաճելի, մյուս կողմից` խեղդող ու ճնշող են կոչերը, թե պիտի հասցնել զարգանալ ու անպայման շատ կարդալ: Գրախանութում իմ՝ որպես խորհրդատու աշխատելու փորձառությունը հուշել է ինձ, որ մենք, այնուամենայնիվ, շատ չենք կարդում: Նրանք, ովքեր մեկուսացման օրերին   կարդում են իսկական գրականություն, առաջ էլ ու միշտ կարդում էին․ խոսքը գրական փոքր շրջանակի մասին է, ում ուղղակի հավելյալ ժամանակ է տրվել ընթերցելու համար: 

Տարբեր վեբինարների, դասընթացների, օնլայն համերգների կոչերի միֆը ցնդեց, երբ պարզվեց, որ հայկական սոցցանցերում մարդկանց հսկայական խումբ հետեւում է մի երիտասարդի ուղիղ եթերին` հիմնականում նրան ծաղրելու նպատակով:

Հարազատներին սիրելու ու գնահատելու միֆը

Շատացել են նաեւ սիրելու ու գնահատելու հորդորները, բայց դա հրաշալի է հնչում, օրինակ, Հռոմի պապի անունից: Եվ երբ դառնում է համատարած, մի հարց է առաջանում` ի՞նչն էր խանգարում դա անել մինչեւ այս վարակիչ հիվանդությունը: Մեծ հավանականություն կա, որ եթե մինչեւ այդ չէիք գնահատել ձեր հարազատներին, ընկերներին, ուրեմն դրանից հետո նույնպես կմոռանաք նրանց: Իսկ նրանք, ովքեր իսկապես գնահատում են, հավանաբար, անում էին դա մինչեւ կորոնավիրուսի օրերը: 

Երեւանյան ու աշխատանքային միֆը

Երեւանը նյարդ է, աշխատելն այդ քաղաքում` նույնպես: Հայկական օնլայն հարթակներում այնպիսի կարոտազեղ տեքստեր են հնչում մեր քաղաքի մասին, որ թվում է` դրանք որեւէ այլ իրականության մեջ գտնվող տարածքի մասին են: Երեւանը հակասությունների գեղեցիկ քաղաք է, բայց ժպիտն այստեղ քիչ է, ուրեմն հետագայում ժպտացող Երեւան սպասելը նույնպես միֆ է: Քաղաքում աշխատելն իրոք բարդ է, բայց հիմա աշխատողներն իրենց սոցիալական էջերում բողոքում են, թե կարոտել են Երեւանը, աշխատանքն ու գործընկերներին: Մեկ տարի հետո, երբ նույն ցանցերը կհիշեցնեն իրենց այդ օրերի մասին, նրանք վստահորեն գրառում կանեն այն մասին, թե կարոտել են մեկուսացման այդ օրերը, երբ իրենք իրենց հետ մնալու ժամանակ ունեին:

Մոլորակի ու նյութի միֆը 

Հիմա, երբ հնչում են ոգեւորության ձայներ, թե մոլորակը շնչում է,  օդը մաքրվել է, անգամ բնությունն է պատժում մարդուն, առաջանում են մի քանի հարցեր: Ո՞ւմ համար է մի փոքր ավելի մաքուր դարձած օդը, եթե ոչ` մարդու, ինչքանո՞վ է օդի աղտոտվածության նվազ մակարդակը համապատասխան կործանված մարդկային կյանքերին ու տնտեսություններին: Ակնհայտ է, որ բնապահպանական խնդիրներն ահռելի են, ու թեպետ շատ կարեւոր է անհատական պատասխանատվության դերը, այդ խնդիրները թեթեւացնելու բանալիները, ի վերջո, իշխանությունների ձեռքում են:

Սիրուն են հնչում բնությանը խնամքով վերաբերվելու հորդորները, բայց դրանք կրկին ճշմարտանման են, երբ հնչում են նվիրյալների, գիտնականների, բնապահպանների անունից, ովքեր աշխատում են կլիմայական խնդիրները լուծելու ուղղությամբ: Նյութը չկարեւորելու կոչերն էլ նորից ազնիվ են հնչում Հռոմի պապի անունից, որովհետեւ նրա բնութագրական գծերը հենց զսպվածությունն ու զարմանալի համեստությունն են: Բնության պատժի ու նյութին կարեւորություն չտալու մասին հորդորներն էլ չեն ընկալվում հատկապես, երբ դրանց մասին հիշեցնողները երբեմն ակամա «ստիպված» են բնության տվածը ոչնչացնել, երբեմն էլ մտածել բնության խնդիրների մասին` մոլերից մեկում ծխելով ու էսպրեսսո խմելով: 

Բժիշկները մերօրյա հերոսներն են

Երբեմն նախադասությունները հենց իրենցով մերկ են լինում, այստեղ բանալի բառը «մերօրյա»-ն է, կարծես ուզում ենք ասել, թե նրանք միայն հիմա են հերոս: Բայց լավ բժիշկները մինչեւ այդ էլ հերոսներ էին, հետո էլ կլինեն հերոսներ: Ասում ենք` շնորհակալ ենք բժիշկներին, բայց զուգահեռ իրականությունում դատական գործ է հարուցվել մի դեպքի առնչությամբ, երբ բժիշկը, որ պայքարում է այսօր, որոշ ժամանակ առաջ պահանջել էր իր ՀԴՄ կտրոնը:

Կարծես այս օրերին զուգահեռ իրականություններ են գործում: Մեկուսացման օրերին, երբ մեծ թվով մարդիկ նայում էին մի երիտասարդի ուղիղ եթերը` նրան ծաղրելու համար, գրեթե նույն ժամանակ մարդկանց մի մեծ խումբ վայելում էր Տիգրան Համասյանի համերգը: Մարդկային անտարբերության ու անփութության կողքին, առողջապահական աշխատանքներին կամավորագրվածների աշխատանքը հիացնում է: Այս հակասություններն ինչ-որ առումով գեղեցիկ են ու հետաքրքիր, բայց շատ բարդ է դրանք հաշտեցնելն ու զուգահեռելը:

Երեւի պիտի փորձել կարդալ որակյալ գրականություն մեկուսացման օրերից առաջ ու հետո եւ չձեւացնել, եթե կարդալուց ավելի սիրում ենք նայել ամերիկյան ու բրիտանական սերիալները: Պիտի փորձել գնահատել հարազատներին համաճարակի ժամանակ ու նաեւ դրանից հետո, անել դա առանց շատ հանրայնացնելու: Հնարավոր է նաեւ, որ պոլիէթիլենային տոպրակներ քիչ օգտագործելով՝ ավելի շատ օգնենք բնությանը, քան գրառումներով: Պիտի ջանքեր թափենք՝ հանդիպած վատ բժիշկների տպավորության տակ չմոռանալ այն բժիշկներին, որոնք միշտ էլ հրաշալի են աշխատել: Եվ ցանկալի կլինի, որ հետո էլ մեդիան ու սոցիալական ցանցերը չմոռանան ու շարունակեն պատմել մարդկային բացառիկ ճակատագրերի մասին: 

Լիլիթ ԵՐԱՆՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ