ԱԱԾ-ն ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերել, սա պետք է հասկանանք

ԱԱԾ-ն ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերել, սա պետք է հասկանանք

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը բավականին անորոշ եւ անհասկանալի, ինչու չէ՝ նաեւ Հայաստանի համար վտանգավոր մի հայտարարություն է տարածել՝ նշելով թշնամի պետության գործողությունների, մասնավորապես` Սյունիքում առաջխաղացման մասին: Ուշագրավ է, որ ԱԱԾ-ի այդ հայտարարության մեջ ակնարկ է արվում նաեւ ադրբեջանական ինչ-որ քարտեզների մասին: Թե ինչ նպատակ է հետապնդում ԱԱԾ-ի այս հայտարարությունը, ինչու է ԱԱԾ-ն որոշել խոսել այդ մասին, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:

- ԱԱԾ-ի հայտարարությունը` ըստ Ձեզ, ինչի՞ մասին էր: Ինչո՞ւ հանկարծ ԱԱԾ-ն որոշեց այսպիսի հայտարարություն անել:

- Անկեղծ ասած՝ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է ԱԱԾ-ն նման հայտարարությամբ հանդես եկել: Դա ԱԱԾ-ին բացարձակապես չվերաբերող թեմա է: Խոսում են 2022 թվականի օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածության մասին: Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը, ովքե՞ր են պայմանավորվել, ինչի՞ մասին են պայմանավորվել, գրավո՞ր, թե՞ բանավոր են պայմանավորվել: ԱԱԾ-ի հայտարարությունը նման էր նրան, որ ինչ-որ մի փողոցային տղա իր ֆեյսբուքյան էջում մի բան է գրել, եւ դա վերցրել՝ ԱԱԾ-ի անունից հրապարակել են: 2022 թվականի օգոստոսին ովքե՞ր են բան պայմանավորվել, ինչո՞ւ այդ մասին հստակ չեն խոսում:

- Ինչո՞ւ ԱԱԾ-ն որոշեց ներքաշվել այդ ամենի մեջ:

- Ինձ թվում է` ԱԱԾ-ին պարտադրել են: Պարտադրողը Հայաստանի քաղաքական ղեկավարությունն է: Նիկոլը սովոր է, որ հետո ասի` դե չե՞ք հիշում, որ էն ժամանակ ԱԱԾ-ն էսպիսի բան էր հայտարարել.... բա եթե, ժողովուրդ, դուք դրան դեմ էիք, բա էն ժամանակ ասեիք: Նա միշտ այդպես է անում: Օրինակ ասում է՝ չե՞ք հիշում՝ պատերազմի էսինչ օրն ասեցի էսինչ բանը, բայց դուք չասեցիք՝ պատերազմը կանգնեցրու, հողերը տուր՝ պրծնենք: Այս մարդը սովոր է դրան: ԱԱԾ-ի պետը պրոֆեսիոնալ է: Ես գիտեմ, որ նա եթե Հայաստանի քաղաքական ղեկավարության բոլոր պահանջները կատարեր, Հայաստանն այսօր չէր լինի, վաղուց կործանված կլիներ, բայց ինչո՞ւ է այս մի բանն անում: Դելիմիտացիա չի եղել, ի՞նչ քարտեզների, ո՞ր թվականների քարտեզների մասին է խոսքը: Բոլոր հարցականները, ցավոք, հայ ժողովուրդը հանդուրժում է, սիրում է, մեր հայ ժողովուրդը կորցրել է պետականության զգացողությունը, ես տպավորություն ունեմ, որ մեր ժողովրդին պետականություն ընդհանրապես պետք չէ: Ուրիշ էլ ո՞նց հասկանանք: Ցանկացած մեկին պետք է հարցնել, թե ինչ պայմանավորվածություն է ԱԱԾ-ն ձեռք բերել 2022-ի օգոստոսին: Այդ հարցը, օրինակ, կարող եք տալ Հայաստանի Հանրապետության անվտանգության քարտուղարուհուն: Հայաստանը մաս-մաս ծախում են թուրքերին եւ ամեն անգամ ինչ-որ մեկին ասում են՝ հայտարարություն արա: Այս անգամ ԱԱԾ-ն է: Այս ամենը սկսվեց Գորիս-Կապան ճանապարհի դեպքից: Նիկոլը հայտարարեց, որ միջպետական ճանապարհն ադրբեջանական տարածք է, բա արժե՞ր էդտեղի լիճը, որ դրա համար պայքարեն, էդ ի՞նչ լիճ է որ։ Բա էդ բարձունքները մեզ հարյուր տարի պե՞տք էին, տարին 7 ամիս ձյուն կա վրան նստած: Հիմա էլ նորից մի պայմանավորվածություն, եւ չեն ուզում էսկալացիա.... էդ ո՞նց է ստացվում, որ եթե մի ընդդիմադիր քաղաքական գործիչ «ա»-ն «բ» է ասում, քրեական գործ են հարուցում, բայց որ թշնամին եկել հասել է՝ մեր երկրի ներսում «տրակտոր» է անում, դա ոչինչ, էսկալացիա չեն ուզում: Էսկալացիա չեն ուզում, թող հետույքները մաքրեն, գնան կանգնեն ադրբեջանցիների դիմաց:

- Կարծում եք՝ իշխանավորները մտածվա՞ծ են նման քայլեր անում, թե՞ չեն հասկանում իրենց քայլերի հետեւանքները:

- ԱԱԾ-ն ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերել, սա պետք է հասկանանք: ԱԱԾ-ն, թե՞ քաղաքական ղեկավարությունն է պայմանավորվածություններ ձեռք բերում այս երկրում: Ինչո՞ւ է այդ հարցերին անդրադառնում ԱԱԾ-ն: Ես գիտեմ, որ ԱԱԾ-ն քաղաքական իշխանություններին կարողանում է համոզել, որ ինչ-ինչ բաներ չանեն, սակայն այս դեպքում եւս ԱԱԾ-ն նման քայլի չպետք է գնար:

- Այսօր, այս պարագայում ի՞նչ պետք է աներ ԱԱԾ-ն: Փաշինյանը նաեւ խոսում է ԱԱԾ սահմանապահ զորքերի տեղակայման մասին: Ի՞նչ ասել է՝ տեղակայել ԱԱԾ սահմանապահ զորքերը: Իսկ ինչի՞ համար է բանակը:

- Քաղաքական իշխանությունը գծե՞լ է այն սահմանը, որը ցանկանում է պաշտպանել: Հայ ժողովրդի թիկունքում մեծագույն դավադրություն է տեղի ունենում: Մի օր Գագիկ Մելքոնյանն է Պուտինի մասին խոսում, մի օր ԱԱԾ-ն նման հայտարարություն է անում, վաղն էլ մի ուրիշը նման հայտարարություն կանի: Այս մարդիկ հայտարարություններով հայրենիք են ծախում: Ուրիշ բան ես չեմ տեսնում:

- Ո՞րն է ԱԱԾ սահմանապահ զորքի ու զինված ուժերի տարբերությունը: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ցանկանում ԱԱԾ սահմանապահ զորքերին տեսնել սահմանում:

- Հայաստանում եթե Փաշինյանի տեսանկյունից մոտենանք, ապա չորս կողմը սահման է: Այսինքն` մենք զինված ուժեր չպե՞տք է ունենանք, որովհետեւ որ կողմը նայում ենք, սահման է: Սյունիքի ողջ մարզը սահման է: