Բարեկիրթ հումորի եւ տխուր կատակի ժանրում
- Մի թոշակառու ընկեր ունեմ: Ամեն անգամ հանդիպելիս խնդրում է մի հարցում օգնել իրեն: Նույնիսկ հիմնավորում է` «քանի դեռ ապրում եմ»: Խնդիրն այն է, որ ընկերոջս գրավոր խնդրանքը պետք է հավուր պատշաճի ձեւակերպել եւ ինչ-որ կերպ հասցնել ՀՀ վարչապետին: Մի օր էլ․ «Լավ կլինի, որ իմ խնդրանքը տեղ հասնի տպագիր մամուլի միջոցով: Այդպես ավելի թափանցիկ կլինի»,-հիմնավորեց ընկերս: Մտածեցինք, մտածեցինք, գուցե փորձե՞նք…Փորձն էլ հո փորձանք չէ:
Ահա այդ խնդրանքը. «Հարգելի պարոն վարչապետ, բոլորս էլ ժամանակի հորձանուտի մեջ ենք ապրում: Մի օր էլ աչքներս թարթում ենք ու տեսնում, որ հասել ենք թոշակի տարիքին: Խնդրում եմ, երբ Դո՛ւք թոշակի գնալու լինեք, Ձեզ հետ Գնելին էլ տարեք»:
Հարգանքներով՝ շարքային թոշակառու Եփրեմ Պողոսյան
(գրի առավ Արամայիս Ասլանյանը)
- Անցած 25 տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն այնպես «լվացին» հանրության միջին վիճակագրական ուղեղը, որ բոլոր քաղաքացիները դարձան ամնեզիայով տառապող «անմեղսունակներ»: Այդ տարիներին հանրությունն այնքան «հիմարացավ», որ պետության ղեկավարը ստիպված էր աշխատանքային օրվա ժամին «վարպետության դասեր» տալ հանրությանը՝ ինչ ասել է դպրոց, որ դպրոցն ունի հաշվապահ, տնտեսվար, հավաքարար... Նույնիսկ այդ «պատասխանատու» գործը չվստահեց կրթության ոլորտի պատասխանատուին՝ նախարարին: Տեսնես հասկացող եղա՞վ...
- Տեսարան Եռաբլուրից:
Ծնողը նստած է որդու շիրմի եզրաքարին: Նրանք զրուցում են:
- Ո՞նց է կյանքդ, բալա ջան, այդտեղ:
- Լավ է, հեր ջան, ո՛չ շոգ է, ո՛չ ցուրտ: Համա մի բան վատ է՝ մութ է:
ՀԳ․ Ներողամտություն ենք հայցում բոլոր զոհված զինվորների հարազատներից եւ մտերիմներից՝ կատակի համար:
Արամայիս Ասլանյան
Կարծիքներ