«Համալսարան չզբաղվել պոլիտիկա»

«Համալսարան չզբաղվել պոլիտիկա»

Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցների՝ վարչապետի եւ կառավարության հրաժարականի պահանջին շտապել է արձագանքել համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը։ Եվ առաջին բանը, որ աչքի է զարնում արձագանքում, իշխանությունների եւ մասնավորապես Նիկոլին կապկելու ռեկտորի գավառական պահվածքն է։ Նրա համոզմամբ եւս, ինչպես որ Նիկոլի, այդ պահանջի ետեւում բուհի ամբողջ «ժողովուրդը» չի կանգնած, այլ ընդամենը․․․ 52 հոգի։ «Ոչ մեկը բուհի անունից իրավունք չունի քաղաքական հայտարարություններ անել»,- փիլիսոփայել է ռեկտորը՝ հիմնավորապես մոռացած, որ ինքն ամիսներ առաջ ռեկտոր է «ընտրվել» հենց քաղաքակա՛ն որոշմամբ, ավելի ստույգ՝ ՔՊ-ական-սորոսական մի բախտախնդիր խմբակի ջանքերով, եւ «ընտրվել» է այն պարագայում, երբ մինչ իր հայտնությունը ՎՊՀ 410 աշխատակիցներից գոնե մեկն իր անունը լսած չի եղել, իսկ ընտրվելու ժամանակ ներկայացված գործունեության ծրագիրը, սեփական կենսագրությունն էլ հետը, ներծծված է եղել մեծախոսությամբ ու մեծամտությամբ։

Ասել կուզի՝ ինքը չի՛ ընտրվել, իրեն ռեկտորի աթոռին բազմեցրե՛լ է Արայիկ Հարությունյանը՝ նախկին ԿԳՄՍ նախարար, եւ ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակված՝ սորոսական Դիանա Տեր-Ստեփանյանը՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլից»՝ բավականաչափ համեստ մի տիկին (գրագիտությունից)։ Հիմա այս պարոնը խոսում է ոչ միայն իր ղեկավարած բուհի 52 աշխատակիցների՝ քաղաքական հայտարարություններ անելու անթույլատրելիությունից, այլեւ անուղղակի սպառնում է․ «Եթե արել են, դա իրենց պրոբլեմն է»։ Փաստորեն, նրա գիտակցության մեջ քաղաքացիական կեցվածքի դրսեւորումն ամրագրվում է որպես «պրոբլեմ»՝ իր «պրոբլեմատիկ» հետեւանքներով։

Ռուստամ Սահակյան անվանյալն այնքա՛ն «ներկա» չէ իր երկրում, որ հարյուրավոր եւ հազարավոր կառույցների նույնաբնույթ պահանջի համապատկերում համարում է, որ ինչպես ինքը, այնպես էլ իր «համալսարան չզբաղվել պոլիտիկա»։ Կասկած չկա, իշխանությունների հեռացումից հետո կգա նաեւ բուհական համակարգում բույն դրած սորոսականներից ազատվելու ժամանակը։