Ով է ջնջել «Ռեգինա Պռազյանին» համացանցից

Ով է ջնջել «Ռեգինա Պռազյանին» համացանցից

«Հրապարակը» արդեն գրել է, որ ֆեյսբուքի ամենահայտնի իշխանական ֆեյքը անհետացել է: Մեզ հաջողվեց պարզել այս և մեկ այլ ֆեյքի ջնջման մանրամասները:

Պարզվում է ֆեյսբուքը շատ բծախնդիր է և ամեն ինչ անում է, որ իր հարթակում ֆեյքեր չլինեն, անգամ ստուգման և մարդու ինքնությունը հաստատելու մեխանիզմներ է կիրառում: Օրինակ, եթե ինչ-որ էջի վրա ռիփորթները (բողոքները) շատ են լինում առաջին հերթին ստուգում է ոչ թե այդ էջը, այլ այն մարդկանց էջերը ովքեր բողոքում են: Եթե բողոքները ֆեյք էջերից են ապա բողոքի առարկա էջին ոչինչ չի սպառնում, գանգատները անպատասխան են մնում: Իսկ եթե բողոքողները իրական մարդիկ են և բողոքում են նույն պատճառը մատնանշելով՝ ասենք ատելության քարոզ կամ ռասայական խտրականություն, այս պարագայում ֆեյսբուքը առանց երկմտելու փակում է անգամ ամենապոպուլյար և շատ հետևորդներ ունեցող էջը: 

Հիմա վերադառնանք «մեր» Ռեգինա Պռազյանին, որը իշխանական թիմում քարոզվում ու տարածվում էր՝ ինչպես հավատացյալ մարդկանց մոտ Ավետարանը: Այս ֆեյքի պռոֆիլը դարձել էր ճշմարտության վերին աստիճան, պատգամավորներից սկսած պետական ապարատի աշխատողներով վերջացրած, բոլորը օր ու գիշեր Ռեգինա Պռազյան էին կարդում՝ ապահովելով այդ ֆեքի բարձր դիտումները:

Պարզվում է Ռեգինան վերջին շրջանում սևեռվել էր քաղաքականություն նոր մուտք գործող Արտակ Թովմասյանի (Դվինի Արտակի) վրա: Դժվար է ասել թե ի՞նչ շարժառիթներ է ունեցել իշխանության խոսափողը, հավանաբար վտանգ է տեսել անգամ կուսակցություն դեռ չգրանցած Արտակ Թովմասյանի վարկանիշի աճի մեջ և փորձել է իր հին «հնարքներով», անհիմն ու հայհոյախառը մեղադրանքներով կանխել նոր խաղացողի մուտքը քաղաքականություն: 
Դե Դվինի Արտակն էլ հասարակ մարդ չի, աշխատողների մեծ բանակ ունի, բարեգործություն է անում, մի խոսքով թիմ ունի, հեղինակություն և այս գրառումները տեսնելով կարգադրել է հարցը լուծել: 

Մեր տեղեկություններով լուրջ մոնիտորինգ են արել, անգամ պարզել են ով է ֆեյքի հետևում կանգնած ու եկել եզրակացության, որ լավով` բացատրելով, հետը շփվելով բան դուրս չի գա, իշխանության կողմից սնվող, պահվող ֆեյքը ուրիշ խնդիր ունի լուծելու, իրեն փաստերը հետաքրքիր չեն: Այստեղ գործի է դրվել Արտակ Թովմասյանի ռեսուրսները, ռեալ մարդկանց, ռեալ օգտահաշիվներից կազմակերպված ռիփորթ են արել, ասում են բավական մեծ թվով ու «Ռեգինա Պռազյանի» վաղաժամ մահվան պատճառ դարձել, ձեռքի հետ էլ մի ուրիշ պակաս հայտնի ֆեյք են փակել, որ համացանցը մաքրեն, պրծնեն: 

Հիմա հարց, եթե Արտակ Թովմասյանը կարողանում է այնքան իրական մարդ հավաքել ու իշխանական ֆեյք փակել, ինչու՞ իշխանությունը 4 ամիս չի կարողանում «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի հարցը լուծել: Դեռ ավելին, ԱԱԾ 10 աշխատակցի է նստեցնում, որ գտնեն հակաիշխանական այս էջի հետևում կանգնած մարդուն, մարդկանց է ձերբակալում: Միթե՞ նրանք այդքան ռեսուրս (իրական մարդկանց պատկանող էջեր) չունեն: 
Թե՞ այնքան անգրագետ են, որ ֆեյսբուքի տարրական կանոններից տեղյակ չեն:

Մի խոսքով մնում է միայն տարակուսել, թե ինչու՞ հետպատերազմյան այս ծանր շրջանում ԱԱԾ-ն անվտանգություն ապահովելու փոխարեն ֆեյքերի դեմ է պայքարում: