Ծաղրածուները գնացին, կրկեսը մնաց

Ծաղրածուները գնացին, կրկեսը մնաց

Ինչպես կասեր Հովիկ Աղազարյանը՝ Նիկոլին մե՛կ սիրում եմ, մե՛կ չեմ սիրում: Անձամբ ես շատ հազվադեպ եմ սիրում Նիկոլին: Դրանք այն դեպքերն են, երբ Նիկոլը հաշվեհարդար է իրականացնում իր նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Իսկ թե ինչքան կսիրեմ Նիկոլին, երբ նա հաշվեհարդար տեսնի անձամբ իր հետ, թույլ տվեք երկար-բարակ չպատմել:

Ինձ համար իսկական տոն էր այն գիշեր, երբ Նիկոլ Փաշինյանը SMS-ի մի հարվածով երկու նախարարի, կոմիտեների 3 նախագահի եւ մեկ ԲԴԽ նախագահի պաշտոնանկ արեց: Հիշենք անկածներին անուն առ անուն՝ Արգիշտի Քյարամյան, Սասուն Խաչատրյան, Վահե Ղազարյան, Գնել Սանոսյան, Կարեն Անդրեասյան, Ռուստամ Բադասյանն էլ՝ ձեզ նվեր: Այդ գիշեր, ճիշտ եմ ասում, ինձ համար իսկական տոն էր՝ հոգվույս կիրակի… Զանգեր էին, որ գալիս էին իմ հայրենակիցներից՝ ի՞նչ է կատարվում, Նիկոլն էս ի՞նչ ա անում… Այնքան ուրախ էի, որ անկապ պատասխաններ էի տալիս՝ տո լավ է անում, դեռ մի բան էլ քիչ է անում, դրանց պետք է կոտորել, ինչքան քիչ ՔՊ-շնիկ մնա, այնքան՝ լավ: Բայց հետո անխուսափելիորեն վրա հասավ այս հեռացումներն ինչ-որ կերպ բացատրելու ժամանակը:

Ամիսներ են անցել այդ օրվանից, իսկ մենք գրեթե ոչինչ չգիտենք, թե ինչու պաշտոնանկ արվեց Գնել Սանոսյանի նման պրոֆեսիոնալ ճանապարհաշինարարը եւ կամ վարչապետի դասընկեր Վահե Ղազարյանը: Արգիշտի Քյարամյանի հեռացումը դեռ կարելի է կապել ԱԺ-ում տեղի ունեցած էն ֆենոմենալ վեճի հետ, բայց ինչի՞ հետ կապես Սասուն Խաչատրյանին, որը, կարելի է ասել՝ իր համար հաց ու սոխ էր ուտում, մեկ էլ շրըըըխկ, շուշեն ջարդին: Անհասկանալի էր նաեւ Կարեն Անդրեասյանի պարագան: Ասում են՝ նա Նիկոլի SMS-ը ստացել է ճիշտ այն պահին, երբ պատրաստվում էր ծնրադրել ՆՐԱ նկարի առաջ: Դե եկ ու գլուխ հանիր այս ամենից:

Այսպես մտածելով հասա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ «քինդեր սյուրպրիզին»՝ Ռուստամ Բադասյանին, որ մինչ ճակատագրական գիշերը, թվում էր, թոշակի է գնալու ՊԵԿ նախագահի պաշտոնից: Բադասյանն այդ ի՞նչ էր արել, որ ջահել-ջահել՝ գնաց, հավասարվեց նախկիններին: Հեռախոսս կրկին զանգեց… ՀՀ հպարտ քաղաքացին, ինչպես ձայնից հասկացա, բավականին վրդովված, առանց բարեւ-բարիլույսի մի կրակահերթ բաց թողեց, թե լրագրողներն էս ինչ է, էշի ականջում քնա՞ծ են… Երեխաս արտերկրում մնացել է առանց մի կոպեկ փողի, քարտը բլոկել են, մի բաժակ ջուր էլ չի կարողանում առնել, որ խմի… ՊԵԿ-ն է արել, կարգադրել է ԴԱՀԿ-ին, ԴԱՀԿ-ն էլ՝ բանկին, ու քարտն արգելափակել են: Մի բան արեք, մի հոդված գրեք, մի տեղ զանգեք… Ու պատմեց ողջ եղելությունը: Նման դեպքերում ես սովորաբար հանգստացնում եմ քաղաքացուն, հավատացնում, որ առաջին անգամ եմ այդ մասին լսում, ապա խոստանում եմ օգնել՝ ինչով կարող եմ: Բայց նա իրենը պնդեց՝ մի բան արեք, իմ հույսը դուք եք: Ճարահատ գնացի ՊԵԿ:

- Բարեւ Ձեզ, աղջիկներ, ինչո՞ւ չեք բարեհաճում պատասխանել քաղաքացիների զանգերին:
- Ի՞նչ զանգ, մեզ զանգող չի եղել:
- Յա՜ա՜ա՜, իսկ այն, որ ես այստեղ եմ իմ ֆիզիանոմիայով, ինչի՞ մասին է խոսում: Մեռա ձեր թեժ գծերը թեժացնելով:
- Ի՞նչ է պատահել:
- Շատ վատ բան: Արտերկրում ՀՀ քաղաքացին ձեր պատճառով հայտնվել է, շատ ներողություն, «բոմժի» կարգավիճակում: Բանկային քարտը հանկարծակի արգելափակել եք, մարդը փող չունի ձեռքին, որ գոնե մի բաժակ ջուր առնի:
- Այդ քաղաքացու անուն, ազգանուն, հայրանունը եւ սոցիալական քարտի համարը…
- Խնդրեմ…
- Այո, տեսնում ենք, 2023 թվականի հայտարարագրով մոտ 400 հազար դրամի հարկ է կուտակել, չի մուծել, քարտն արգելափակել ենք:
- Աղջիկ ջան, 120 հազար աշխատավարձով ապրող քաղաքացին ինչպե՞ս կարող է մեկ տարում 400 հազարի չափ հարկային պարտավորություն կուտակել, կասե՞ս:
- Եսիմ, գուցե ԱՁ ունի՝ իր անունով գրանցված, տուն է վարձով տվել կամ մի ուրիշ կողմնակի եկամուտ ունի:
- Ձեր ասածներից ոչ մեկն էլ չունի, աղջիկ ջան, եւ դուք ինձնից էլ լավ գիտեք դա: Անհատ ձեռներեցների կամ ՍՊԸ-ների ցանկը չունե՞ք` ստուգեք: Ես ասում եմ՝ միայն չոր աշխատավարձ է ստանում այդ քաղաքացին եւ չէր կարող այդքան հարկային պարտավորություն կուտակել մեկ տարում: Խնդրում եմ, բացեք հայտարարագիրն ու ստուգեք, գուցե տեխնիկական սխա՞լ է…
- Ես չեմ կարող հայտարարագիրը բացել, դա փակ փաստաթուղթ է: Քաղաքացին պետք է անձամբ ներկայանա:
- Չի կարող:
- Ինչո՞ւ:
- Ասացի՝ արտերկրում է, քարտն էլ՝ արգելափակված: Հետադարձի տոմս ունի, բայց դեռ մեկ ամիս կա, որ գործերն ավարտի:
- Մենք ոչինչ անել չենք կարող: Հարկը չի վճարել, տուգանք է առաջացել, քարտն արգելափակվել է: Ամեն ինչ օրենքով է… Եվ ապա՝ նա միակը չէ, որի քարտն արգելափակել ենք:
- Ներողություն, իսկ ձեր հիմար հայտարարագրերի պատճառով ՀՀ քանի՞ քաղաքացի է արտերկրում հայտնվել հիմար վիճակի մեջ:
- Մենք այդ տվյալներին չենք տիրապետում:

Նիկոլ Փաշինյան, ահա, խնդրեմ, հիացիր այս տեսարանով, որ քո ՊԵԿ-ն է զարդարել քո գլխին: Ասում ես՝ պետությունն իր հարկային քաղաքականությամբ փարվում է քաղաքացուն, ասում է՝ դու ես իմ տերը, պետք է հարկ վճարես, որ ես քեզ ավելի լավ ծառայեմ: 120 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացու վրա այդ պետությունը 400 հազար դրամի հարկային պարտավորություն է դրել ու արգելափակել նրա բանկային քարտը, այսինքն՝ պատժել նրան, օտար երկրում մատնել անտերության: Ո՞վ է մեղավոր, ո՞վ պետք է պատասխան տա… Ռուստամ Բադասյանին ս… արեցիր՝ հասկացանք՝ քո փեշերից հեռու: Իսկ ո՞վ պետք է ուղղի Ռուստամ Բադասյանի սխալը, ո՞ւմ դիմի քաղաքացին, որ քարտը հանեն արգելափակումից, եւ նա կարողանա գոնե իր օրապահիկի հարցը լուծել օտար ափերում: Պարոն Փաշինյան, Ռուստամ Բադասյանն այլեւս չկա, եւ սրա համար քեզ են դատի տալու: Լավ, մի՞թե կարելի է խառնիփնթոր մի հայտարարագրի պատճառով ՀՀ հերոս հարկատուներին այսպես ստորացնել: Դուք բարոյականություն չունե՞ք:
ՀԳ. Այստեղ թողնում եմ իմ էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը: ՊԵԿապատկան տղաներ եւ աղջիկներ, բարի եղեք՝ արագ կարգավորել հարցը եւ ապաշրջափակել քաղաքացիների՝ ձեր սխալների պատճառով կալանքի տակ հայտնված գումարները: Եվ մի խորհուրդ՝ աշխատեք դա անել մինչեւ Դավոսից նորին պայծառափայլության վերադարձը: Այդպես ավելի լավ կլինի:

Հեռախոս՝  095-48-39-30:
Էլ. հասցե՝ [email protected]: