Ի՞նչ է կատարվում առողջապահության առանց այդ էլ փոքր բյուջեում

Ի՞նչ է կատարվում առողջապահության առանց այդ էլ փոքր բյուջեում

Բացառապես  առողջապահական լրատվություն լուսաբանող Medmedia.am  լրատվական կայքն անդրադարձել է ՀՀ առողջապահական բյուջեին և դրա ուղղություններին։

«ՀՀ 2019թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով առողջապահության համար նախատեսված է եղել շուրջ  շուրջ 103,8 մլրդ դրամի: Սա առողջապահության բյուջեի ամենաէական ավելացումն էր վերջին տարիներին, ինչը ողջունելի է։ 

Սակայն, ըստ վերծուծության՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի «ինտերակտիվ բյուջե» հատվածի ուսումնասիրությունը ի հայտ է բերում առողջապահության բյուջեի կատարողականի մտահոգիչ պատկեր, որը խոսում է առկա ռեսուրսների անարդյունավետ բաշխման, շահառուների խմբերի ու պետական պատվերի շրջանակներում հասանելի ծառայությունների վերանայման անհրաժեշտության, դրամաշնորհային ծրագրերի կառավարման ցածր որակի, ինչպես նաև կապիտալ ներդրումների համապատասխանեցումը երկրի իրական պահանջներին:

2019թ.-ի 9-րդ ամսվա տվյալներով՝ համաձայն վերոնշյալ կայքում զետեղված տվյալների առողջապահության համար նախատեսված միջոցներից ծախսվել է ընդամենը 54%, եթե ենթադրենք, որ 9-րդ ամսվա վճարումները դեռևս չեն իրականացվել,  ապա առաջին 8 ամիսների վճարումները պետք է կազմեին շուրջ 66%, ինչը անուղղակի հաստատվում է արտահիվանդանոցային ծառայությունների կատարողականը` 63%, որն իրականացվում է ըստ մարդաշնչի սկզբունքով և գործնականում կախված չէ ծրագրերի կառավարման արդյունավետությունից:

Ծայրահեղ ցածր է, օրինակ, ահռելի բյուջեով` շուրջ 8,6 մլրդ դրամ, առողջապահության այլ դասերին չպատկանող ծրագրի կատարողականը` 26%, որտեղ առանձնանում են և պարզաբանման կարիք ունեն Գլոբալ Հիմնադրամի դրամաշնորհներով իրականացվող ծրագրերի ցածր ցուցանիշները, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ դրամից ավել:

2 մլրդ դրամից ավել նախատեսվել և դեռևս չի ծախսվել ու, հավանաբար, մինչև տարեվերջ չի  էլ ծախսվի առողջապահական հիմնարկների վերազինման վրա, ընդ որում հանրությանը չի պարզաբանվել սարքավորումների ընտրության չափանիշները, օրինակ՝ ինչու չի  նախատեսվել այդքան անհրաժեշտ ՊԵՏ շերտագրի և դրա աշխատանքի համար անհրաժեշտ այլ սարքավորումների գնումը:

Պետք է պարզաբանվի մարդկանց առողջության համար կարևորագույն իմունականխարգելման ծրագրով նախատեսված միջոցների ծախսման արդյունավետությունը, այսպես` համաձայն ինտերակտիվ բյուջեի տվյալների` 2019թ.-ի սեպտեմբերի դրությամբ նախատեսված 2,3 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 511 մլն-ը:
Այս բոլոր միջոցները նախատեսված են մարդու առողջության պահպանման ու վերականգնման համար, և եթե դրանք չեն ծառայում իրենց նպատակին, կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել պլանավորման, բյուջետային ծրագրավորման, ֆինանսական միջոցների կառավարման սխալ:

Ծայրահեղ ցածր է ԱԱՊ օղակում դեղորայքային ապահովման ծրագրի շրջանակներում ծախսված գումարների ցուցանիշը, ինչը խոսում է համակարգային խնդիրների մասին թե ԱԱՊ օղակում, թե առողջապահության համակարգում, քանի որ անհրաժեշտ դեղորայքով ապահովումը համարվում է այնպiսի հիվանդությունների բարդությունների կանխարգելման լավագույն միջոցը, ինչպիսինն են, օրինակ ինսուլտը, սրտամկանի ինֆարկտը, բրոնխիալ ասթման և այլն: Այստեղ տեղին է հիշել, որ մի քանի ամիս առաջ կառավարությունն ընդլայնեց շահառուների ցանկը, որը, ըստ էության, չի անդրադարձել ծրագրի վրա:
Այս ամիսների ընթացքում ծախսված գումարները կազմել են ընդամենը 44%:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։