ՄԱԿ-ի զեկույցը խոսում է բիզնեսում ոչ մրցակցային միջավայրի մասին 

ՄԱԿ-ի զեկույցը խոսում է բիզնեսում ոչ մրցակցային միջավայրի մասին 

ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումը զեկույց է հրապարակել Հայաստանում ներդրումային միջավայրի խնդիրների մասին: Զեկույցը, թեև նշում է որոշակի դրական տեղաշարժերի մասին, այդուհանդերձ վարչապետի խոստացած ներդրողների հերթերը դեռևս շատ հեռու են իրականությունից: Ավելին, մի քանի տեղ նշվում է, որ ներդողները քաղաքական անկայունությունը հաշվի առնելով «սպասենք-տեսնենք» դիրքորոշումն ունեն: Չնայած վարչապետի նախնական խանդավառությանը «հեղափոխություն» բրենդով,  այն ակնհայտորեն չի ներգրավել ներդրումներ, ավելին՝ խրտնեցրել է դրանք: Զեկույցը մատնանշում է այս առումով որոշակի բացասական միոտւմներ: Ի դեպ, հատկանշական է, որ առնվազն մի քանի անդրադարձ կա Ամուլսարի խնդրին՝ որպես մեծ խոչընդոտ ներդրողների վստահության առումով: 

Հետաքրքիր է, որ Ամուլսարի խնդիրը հիշատակվում է մասնավորապես բիզնեսի հանդեպ ոչ մրցակցային գործընթացների համատեսքտում, ինչը լուրջ մեղադրանք է: Այսպես զեկույցում ասվում է․

«Խոշորագույն ներդրումային ծրագրերի, մասնավորապես Լիդիան ինթերնեյշնլ ընկերության Ամուլսարի ծրագրի շուրջ կոնֆլիկտը, բիզնեսի հանդեպ ոչ մրցակցային պայմանների (խտրական) դրսևորումները և վերջին քաղաքական փոփոխությունների հետ ասոցիացվող անորոշությունները ներդրողների շրջանում առաջ են բերել «դեռ սպասենք, տեսնենք» վերաբերմունքը: 

Ներդրողները զեկույցի հեղինակներին ասել են, որ թեև քաղաքական փոփոխություններից հետո նկատելի բարելավում կա կառավարման ոլորտում, դեռևս վստահություն չկա, որ այդ փոփոխությունները կպահպանվեն: «Նման «սպասենք և տեսնենք» վարքագիծը բացասաբար է ազդում պոտենցիալ ներդրումների վրա. Լիդիանի Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված խնդրի կարգավորումը կարևոր քայլ կլինի այս ուղղությամբ»,- ասվում է զեկույցում: 

Ի դեպ, այս առիթով թերևս հարկ է հիշեցնել, որ մի քանի ամիս առաջ, երբ ԱԺ «իմքայլական» պատգամավորներին հարցնում էին, որքանո՞վ կազդի Լիդիանի դեպքը պոտենցիալ ներդրումների վրա, հաշվի առնելով,  որ Լիդիանը կառավարությանը մեղադրում է խտրական վերաբերմունքի մեջ, իշխող կուսակցության ներկայացուցիչները վստահաբար պնդում էին, որ չի ազդի: Ու ցավոք, սա կառավարության միակ անհեռատես "լավատեսության" օրինակը չի: Ներառյալ վստաությունը, որ որքան շատ խոսեն հեղափոխության մասին, այնքան շատ ներդրումներ կբերեն: