Սիսիանում ՔՊ-ն աժիոտաժ է ստեղծել. ինչ է կատարվում
«Հրապարակ»-ի տեղեկություններով` այսօր Սիսիանում ՔՊ-ականները հավաքվելու են։
Սիսիանի մեր աղբյուրները պատմեցին, որ վաղ առավոտից փողոցները, դրանց հարակից տարածքները պլպլացրել են, ամենայն հավանականությամբ` սպասում են ՔՊ֊ական բարձրաաստիճան պաշտոնյաների։
Բնակիչները ապշած էին, ասում են` երբեք այսպես քաղաքը չէին մաքրել։
Այս պահին քաղաքի կենտրոնական հատվածում, ուր նաեւ ՔՊ֊ի գրասենյակն է, մեծ աժիոտաժ է, տասնյակ մեքենաներ են կանգնած, ոստիկանները գնում-գալիս են։
Մեզ նաեւ պատմեցին, որ «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի արտաքին տեսքն են փոփոխել։ Ընտրությունների ժամանակ այն ծառայել է նաեւ շտաբ, «ապագա կա» պաստառները երեկ հանել, փակցրել են իրենց կուսակցության պաստառները։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Սիսիանի նոր քաղաքապետ է ընտրվել։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանն է։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չէին․ ասում էին՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։
Կարծիքներ