Խնամքի հաստատությունները կփակեն եւ 260 երեխայի կհանձնեն բախտի քմահաճույքին

Խնամքի հաստատությունները կփակեն եւ 260 երեխայի կհանձնեն բախտի քմահաճույքին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» և «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները: Ըստ նախարարության ուսումնասիրությունների խնամքի այս 4 կենտրոններում ընդհանուր առմամբ 260 երեխաներից միայն շուրջ 20 երեխայի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում նրանց ապրելը կենսաբանական ընտանիքներում, մյուս բոլոր դեպքերում երեխաները կարող են ապրել իրենց ընտանիքներում․

«Երեխաների շուրջ 92 %-ը հաստատությունում է գտնվել ընտանիքի սոցիալ-տնտեսական վատ դրության և դրանից բխող հետևանքների արդյունքում։ Սա անթույլատրելի իրավիճակ է։ Պետության աջակցությունը դրա կարիքն ունեցող երեխային չպիտի պայմանավորված լինի նրա՝ հաստատությունում գտնվելու փաստով։ Եթե երեխան ունի շոր ու կոշիկի, գրենական պիտույքների, այլ աջակցության կարիք, ապա պետք չի նրան հանել ընտանիքից։ Աջակցությունը և ծառայությունները երեխան պետք է ստանա իր ընտանիքում գտնվելով, և պետությունը շարունակելու է աջակցությունը տրամադրել երեխաներին՝ առանց նրանց կտրելու իրենց ընտանիքներից։

Չորս գիշերօթիկ հաստատություններում 260 երեխաների խնամքի համար պետությունը 2019 թվականի բյուջեով հատկացրել է շուրջ կես միլիարդ ՀՀ դրամ․․․Կես միլիարդը կբավականացնի հասարակական կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ ցերեկային անհրաժեշտ ծառայություններ տրամադրել ՀՀ բոլոր մարզերում շուրջ 4000 երեխաների և նրանց ընտանիքներին՝ ծառայությունների ծածկույթ ապահովելով նաև այնպիսի բնակավայրերում, որտեղ նման ծառայություն ուղղակի չկա»,- ֆեյսբուքյան էջում գրել էր փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք․ «2016 թվականին Հայաստանում եղել է 7 գիշերօթիկ հաստատություն, 3-ը արդեն իսկ վերակազմավորվել են, մյուս 4-ի լուծարման գործընթացը ընթացքի մեջ է եղել։ 2019 թ․ հունվարին այդ գործընթացը մենք ժամանակավորապես կասեցրել էինք, որպեսզի կարողանայինք երեխաների և այդ ընտանիքների կարիքների գնահատում կատարել, որպեսզի հետո նոր անցնեինք բուն լուծարման պրոցեսին։ Ամառային արձակուրդների ընթացքում, երբ երեխաները գտնվում էին իրենց ընտանիքներում, մեր գործընկեր կազմակերպությունների հետ, «Յունիսեֆն» ու «Վորլդ վիժնն» են եղել, արդեն իսկ իրականացրել ենք կարիքների գնահատումը։ Այս պահի դրությամբ, այո, մեկնարկել է լուծարման գործընթացը։ Լուծարման համար պետք է կառավարության որոշում, որը դեռ չկա, այսինքն՝ հաստատությունների վերջնական լուծարման մասին կարող ենք խոսել այդ ժամանակ։ Մենք պետք է հասկանայինք, թե երեխաները ինչի պակաս ունեն, ինչ է իրենց պետք կենսաբանական ընտանիքներում ապրելու համար», ասաց նախարարության խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Իսկ 20 երեխաները, որոնք շաբաթ-կիրակի օրերին և արձակուրդների ժամանակ ընտանիք չեն վերադարձել, նրանց տեղավորել են այլ հաստատություններում՝ երեխաների ճգնաժամային խնամքի կենտրոն, ցերեկային խնամքի կենտրոններ, մանկատներ, նրանց հետ կապված էլ քննարկվում է մի քանի տարբերակ, մեկը «Սոս» մանկական գյուղերն են, որոնք ընտանիքի մոդելով կառուցված հաստատություններ են, մյուսը խնամակալ ընտանիքների տարբերակն է։

Այնպես որ կարելի է լուծված համարել այդ 4 հաստատությունների լուծարման հարցը։ «Բայց քանի որ բոլորս հասկանում ենք, որ կարիք է առաջանալու ցերեկային խնամքի կենտրոնների և այլնի, մենք այդ հաստատությունների աշխատակազմերի հետ մայիսից հանդիպումներ անցկացրել ենք, իրենց առաջարկվել են շատ տարբեր տարբերակներ, որոնցից մեկը եղել է պետական զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը, քանի որ կան մասնագետներ, որոնք նեղ մասնագիտացումներ ունեն՝ սոցիալական մանկավարժ են, հատուկ կրթության մասնագետ են և այլն, այսինքն՝ այդ մասնագետների կարիքը մենք ունենալու ենք այլ հաստատություններում։ Մենք իրենց առաջարկել ենք գալ, մրցույթով մասնակցել, եթե իրենց կոմպետենցիաներն ու գիտելիքները համապատասխանում են, անցնում են մյուս հաստատություններում աշխատանքի։ Մենք իրենց առաջարկել ենք մասնակցել նաև մեր՝ խնամատար ծնողների վերապատրաստման դասընթացներին, և այդ նույն երեխաներին, որոնք իրենք խնամել են, որոնք գնալու տեղ չունեն, դառնան իրենց խնամատար ծնողները, որի համար իրենք նաև կվճարվեն»։

Համաձայնե՞լ են աշխատողները․ «Մենք անցյալ շաբաթ Գյումրիում աշխատանքի տոնավաճառ ենք ունեցել, և հրավիրել ենք Գյումրու գիշերօթիկների աշխատակիցներին, որ գան, ծանոթանան զբաղվածության մեր ծրագրերին, որպեսզի հասկանան, թե իրենց շրջանում ինչ թափուր աշխատատեղերի մասին է խոսքը, իրենք չեն ներկայացել։ Մենք իրենց մի քանի առաջարկ արել ենք, հաջորդ քայլը իրենցն է՝ համաձայնելու կամ չհամաձայնելու, դեռ իրենցից չենք ստացել ոչ մի հուսադրող վերաբերմունք»։ 

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաև նախարարության՝ երեխաների հիմնահարցերի վարչության պետի ժՊ Անահիտ Քալանթարյանի հետ։ Ինչպե՞ս են պատրաստվում լուծարվող գիշերօթիկների գումարը ուղղել ընտանիքներին․ 

«Այդ 4 հաստատությունների գումարը, որը 2019-ին տրամադրվել է՝ կես միլիոն դրամ, մենք նախատեսում ենք ուղղել ամբողջ հանրապետությունում ծածկելու համար ցերեկային աջակցության կենտրոնների միջոցով երեխաների խնամքի կազմակերպումը։ 30 խոշոր քաղաքներում կունենանք շարժական կենտրոններ, և եթե մի հեռավոր գյուղում երեխան մասնագիտական աջակցության կարիք ունի, աշխատակիցները կարող են գնալ, ծառայություն մատուցել՝ որոշ ժամանակացույցով հաստատված, և հետ վերադառնալ։ Կունենանք նաև սոցիալական օգնականի ինստիտուտը, որի դեպքում նույնպես նախատեսվում է աջակցություն երեխային թե՛ տանը, թե դպրոցում, եթե դրա կարիքը կա և այլն։ Եթե, օրինակ, երեխան ունի հաշմանդամություն, և եթե մորը 1 -2 ժամով պետք է փոխարինել, ապա սոցիալական օգնականը կարող է աջակցություն ցուցաբերել»։

Այսինքն գումարը ոչ թե ընտանիքներին է փոխանցվելու այլ ցերեկային խնամքի կենտրոնների՞ն․ «Պատվիրակված կազմակերպությունների միջոցով իրականացվելու է երեխաների ցերեկային խնամք։ Եթե նկատի ունեք, որ առձեռն ընտանիքին փոխանցվի, ապա՝ ոչ։ Մենք այդ 260 երեխաների կարիքների գնահատումը իրականացրել ենք, և ըստ այդմ երեխաների համար մշակված են պլաններ, և այս պարագայում մենք խնդիր ունենք ոչ թե գումարը ընտանիքին հանձնելու, այլ թե ընտանիքը ինչի կարիք ունի՝ սկսած բժշկականից մինչև բնակարանային և այլն։ Մենք երեկ մի դեպք էինք քննարկում, որ մարդը հովիվ էր և ընդամենը կարիք ուներ, որ իրեն անասնագոմ տրամադրվեր»։

Իսկ ինչպե՞ս կարող է երեխան վերադառնալ ընտանիք, երբ, օրինակ, հայրը հարբեցող է, չէ՞ որ այդ երեխաների՝ ընտանիքներում չգտնվելը միշտ չէ, որ պայմանավորված է սոցիալական վիճակով․ «Ըստ կարիքի բոլոր երեխաները գնահատված են, կան ռիսկայնության ցածր խմբի ընտանիքներ, որոնց ուղղակի անհրաժեշտ է նյութատեխնիկական ապահովվածություն, ունենք միջին ռիսկայնության խմբի ընտանիքներ, որոնք ոչ միայն ունեն այս սոցիալական ապահովության կարիքը, այլև ծնողներն ունեն մասնագիտական աջակցության կարիք, երբ, օրինակ, հայրը հարբեցող է, իրեն կարող ենք ընդամենը ուղարկել բուժման։ Եվ եթե հայրը այլևս հարբեցողությամբ չզբաղվի, ապա երեխան կարող է հանգիստ ապրել ընտանիքում։ Բայց ունենք նաև բարձր ռիսկայնության ընտանիքներ, որտեղ նույնիսկ երկարատև մասնագիտական աջակցության դեպքում չի նախատեսվում երեխայի  մուտքը ընտանիք, շատ ռիսկային է․ օրինակ՝ երեխան սեռական բռնության է ենթարկվում ընտանիքում, ոչ մի հնարավորություն չկա երեխայի ապահով ապրելու համար, ծնողի ոչ ճիշտ վարքագծի հետևանքով երեխա է մահացել, մայրը անբարոյական է, մայրը հաշվառված մարմնավաճառ է, և այլն, այս դեպքերում մենք բացառում ենք»։