Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը

Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը

Օգոստոսի 23-30-ը Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը: 

8 օր շարունակ «Ֆրեսկո»-ն կստեղծի ժողովրդական տոնակատարություն: Փառատոնը կունենա երկու բացում. «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում-քննարկում ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի եւ քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Օգոստոսի 24-ին արդեն կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի Կոմիտաս՝ Արտո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու եւ Վահագն Հայրապետյանի կատարմամբ: Փառատոնային օրվա յուրաքանչյուր մեկնարկ կտրվի համերգային ծրագրով: Փառատոնի շրջանակներում կլինեն միջազգային ֆիլմերի դիտում-քննարկումներ՝ ֆիլմերի հերոսների հետ։  

Այս տարի «Ֆրեսկոյում» կան նաեւ նոր ծրագրեր. աշխարհի 5 փառատոներ՝ Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, «Ֆրեսկոյի» շրջանակներում կներկայացնեն սեփական փառատոների փորձառությունը եւ լավագույն ֆիլմերը, որոնց մեջ՝ «Պատուհան» դեպի Եվրոպա» ռուսական կինոյի, «Պոկրով» միջազգային ուղղափառ կինոյի, «Սակրոֆիլմ» կաթոլիկ ֆիլմերի, «Կրոնն այսօր» միջազգային ֆիլմերի փառատոները:

Հյուրերի ցանկում կլինեն նաեւ կինոփառատոների նախագահներ, կինոգործիչներ, հոգեւորականներ: Փառատոնը կամփոփվի վրանային կինոճամբարով, որը կկայանա Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Սաղմոսավանքում: