«Խնդրում եմ որեւէ մեկին խանդով չվերաբերվել», «Սերը պահեք Ձեզ»․ Հայկ Մարությանն ու Դավիթ Խաժակյանը վիճեցին

«Խնդրում եմ որեւէ մեկին խանդով չվերաբերվել», «Սերը պահեք Ձեզ»․ Հայկ Մարությանն ու Դավիթ Խաժակյանը վիճեցին

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարցադրում կատարեց․ «Այս օրերի ընթացքում ասֆալտապատման իրականացվող աշխատանքների վերաբերյալ, երբ հետեւում ենք գնումների գործընթացին, տեսնում ենք, որ գնման գործընթաց հայտարարված չի, բայց ինչ-որ կազմակերպություններ ասֆալտապատում են անում, ի՞նչ հիմունքներով է սա տեղի ունենում։ Թե՞ ուղղակի գիտենք՝ իրենք հաղթելու են, ասել ենք՝ աշխատանք արեք,  հետո կանդրադառնանք»։

Խաժակյանի հարցին արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշեց․ «Պարոն Խաժակյան, էդպիսի բաներ տեղի էին ունենում ձեր կողմից սիրված Վահե Նիկոյանի, Տարոն Մարգարյանի ժամանակ»։

Նրան ընդհատեց Խաժակյանը՝ ասելով, թե Մարությանը վիրավորական խոսքեր է ասում եւ թույլ չի տալիս շարունակել։

Քաղաքապետն ասաց․ «Հիմա էդպիսի բաներ չի կարող կատարվել, միգուցե դուք լինեիք քաղաքապետը, եւ էդպիսի բաներ կատարվեր, բայց քանի ես եմ քաղաքապետը, էդպիսի բաներ չի կարող կատարվել»։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով այդ թեմային, ասաց․ «Քանի որ անցած տարի գնումների հետ կապված խնդիրներ կար, կհիշեք, որ ասֆալտապատումն անցած տարի մի փոքր ուշացավ, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ յուրաքանչյուր տարի իրականացվի հաջորդ տարվա գնումները: Ասֆալտապատման հետ կապված մրցույթը հայտարարվել է 2019-ին՝ առանց ֆինանսական միջոցների առկայության՝ համաձայն օրենքի»։

Դավիթ Խաժակյանն արձագանքեց Մարությանին․ «Ես որքան սիրում եմ Վահե Նիկոյանին, Տարոն Մարգարյանին, այդքան էլ ձեզ եմ սիրում։ Խնդրում եմ որեւէ մեկին խանդով չվերաբերվել։ Միշտ իմացեք, որ ես հարթությունները համաչափ եմ դնում։ Ես հասկացա, որ դուք փոքր-ինչ սրտնեղեցիք, որ ակնարկեցի, որ ոչ օրինական բաներ կան»։

Մարությանն էլ ասաց, թե քանի արտակարգ դրություն է երկրում, սերը պահի իրեն։