Հույս ունեմ, որ բանը ոստիկանությանը չի հասնի․ Բաբկեն Թունյան

Հույս ունեմ, որ բանը ոստիկանությանը չի հասնի․ Բաբկեն Թունյան

Հանքի շահագործման համար պետք է շինարարական աշխատանքներ արվեն, որոնք կարող են մինչեւ մեկ տարի տեւել։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ամուլսարի թեմային, ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Այսինքն՝ այդ ընթացքը ժամանակ է տալիս, որ եթե բնապահպանական ռիսկեր կան, լրացուցիչ փորձաքննություն արվի եւ դրանց պատասխաններ տրվեն։ Այս պահին որոշումը հետևյալն է, որ հանքի շինաշխատանքների նախապատրաստական փուլը չպիտի խոչընդոտվի, ինչը նորմալ է։ Ես ի սկզբանե ասել և ասում եմ, եթե պետք է հանքը փակվեր, ապա դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր։ Ես վարչապետի ելույթից լսեցի, որ էս պահին իրավական հիմքեր չկան։ Եթե մի տարվա ընթաքում իրավական հիմքեր առաջ ի հայտ կգան, որոնք թույլ կտան հանքը փակել, նշանակում է այդ ժամանակ որոշակի գործողություններ կլինեն։ Իսկ այս պարագայում, երբ, ըստ էության,առանց իրավական հիմքի, ուղղակի թողնում եք, որ այդ ընկերության աշխատանքը կազմաքանդվի, դա անընդունելի է, որ Հայաստանը՝ որպես պետություն, դարձնում է շատ կասկածելի, անվստահելի գործընկեր»,-ասաց Թունյանը։

Հարցին, եթե ժողովուրդը թույլ չտա, որ հանքը շահագործվի, ոստիկանությո՞ւնը կխառնվի գործին, Բաբկեն Թունյանն ասաց․ «Հույս ունեմ, որ բանը ոստիկանությանը չի հասնի։ Ճանապարհը պետք է բացվի, որպեսզի էդ ընկերությունն իր շինարարական աշխատանքները կատարի։ Կոպիտ ասած՝ հետևյալն է դառնում, որ ռիսկը մնալու է էդ ընկերության վրա, իրեն էլ ոչ մեկը չի փոխհատուցի։ Ու սա շատ նորմալ լուծման տարբերակ է»։