Մանվել Գրիգորյանի եղբորորդին ոչ մի կերպ չի ցանկանում լքել համայնքապետարանը

Մանվել Գրիգորյանի եղբորորդին ոչ մի կերպ չի ցանկանում լքել համայնքապետարանը

Արշալույս համայնքի նախկին համայնքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանը ոչ մի կերպ չի ցանկանում լքել համայնքապետարանը։ «Հրապարակի» հետ զրույցում համայնքի բնակիչներ Վիրաբ Շահբազյանն ու Գրիգոր Գրիգորյանն ասացին, որ Զարզանդ Գրիգորյանը դե ֆակտո ղեկավարում է համայնքը, գնում համայնքապետարան, նստում իր աշխատասենյակում, մինչդեռ նրա լիազորությունները` որպես համայնքապետի, վաղուց դադարեցված են։

«Արշալույս համայնքի նախկին համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները դադարեցրին, իրեն հանեցին գործից, իր տեղակալին նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար։ Հիմա իրեն փաստացի մարզպետարանով, դատախազությունով զրկել են գործունեությունից, քանի որ իր վրա կա 23  քրեական գործ։ Ու չնայած որ դադարեցրել են, ինքը նորից նույնությամբ գնում է աշխատանքի, նստում է համայնքապետարանի իր աշխատասենյակում։ Երեկ մեր համագյուղացիներն էլի գնացել, իրեն էնտեղ նստած են տեսել, հանել՝ դուրս են վռնդել։ Զանգել է ոստիկանապետի տեղակալին՝ Վարդան Վարդանյանին։ Տեղակալը եկել է գյուղապետարան, ասել է՝ դե, ինքն իրավունք ունի գալ գյուղապետարան, նստել։ Դրանից հետո գնացել ենք մարզպետարան, մարզպետը տեղում չի եղել, զրուցել ենք մարզպետի տեղակալի հետ։ Ասածներս այն է, որ օրենքը դեռ չի գործում, այս մարդն անպատժելի է։ Զարզանդ Գրիգորյանն ասում է՝ եթե ինձ հեռացրել են, ապա թող ոստիկանությունը գա, ձերբակալի ինձ, դա հենց այնպես, ձեզ հանգստացնելու համար են ասել»,- ասաց Վիրաբ Շահբազյանը։

Գրիգորյանի հարցով անգամ վարչապետին են դիմել, վերջինս, ըստ մեր զրուցակցի, հաստատել է նրա լիազորությունների դադարեցման հանգամանքը։

«Կասեցումից հետո մեր վարչապետը եկել է, մենք իրեն մայրուղու վրա կանգնեցրել ենք։ Վարչապետն անձամբ ինքն իր բերանով ասաց, որ Գրիգորյանն էլ գործունեություն չունի, ինքը կասեցված է, իր տեղակալը կլինի պաշտոնակատար՝ մինչև նոր ընտրություններ»,- ասաց  Գրիգոր Գրիգորյանը, որը մինչև Զարզանդ Գրիգորյանի՝ համայնքապետ դառնալը շուրջ 12 տարի ղեկավարել է համայնքը, այժմ էլ համայնքապետ դառնալու մտադրություն չունի․ ասաց՝ «մեծ մարդ եմ արդեն»։

Հարցրինք՝ Գրիգորյանը պարզապես նստո՞ւմ է համայնքապետարանի շենքում, թե՞ աշխատում է, որոշումներ ստորագրում։

«Ինքն աշխատում է, կնիքն իր մոտ է, երեկ իրեն նկարել են։ Ոստիկանապետի տեղակալին մարզպետի որոշումը ցույց ենք տալիս, ասում է՝ թող մարզպետն էդ որոշումը մեզ ցույց տա, դուք ինչո՞ւ եք ցույց տալիս, թող մարզպետն ասի՝ գնացեք-կալանավորեք, մենք իրավասու չենք իրեն կալանավորենք։ Մենք գնացել ենք մարզպետի մոտ, ասացինք՝ պարոն մարզպետ, դու որ էս թուղթը տվել ես, որ ինքը կասեցված մեղադրյալ է․․․։ Իրեն մարզպետարանն է պահում, ոնց որ մարզպետարանին մի մեշոկ փող տված լինի։ 15 հոգով գնացել ենք, Զարզանդ Գրիգորյանին ասել ենք ՝ դու կասեցված մեղադրյալ ես, ինքը զանգեց ոստիկանություն, մի 40 հոգով եկան։ Ոստիկանապետի տեղակալն ասաց՝ տղերք ջան, քելեք էրթանք, թող էդ որոշումը տան, ես իրեն ճամփից ձերբակալեմ։ Գնացինք, մարզպետն էնտեղ չէր, Քիմ Քարդաշյանը եկել էր Էջմիածին, ինքն էլ էր գնացել, տեղակալը եկավ՝ Կարեն Գրիգորյան է անունը։ Սա էլ դրել՝ լոլո է կարդում գլխներիս։ Ասում եմ՝ լսի, պարոն Գրիգորյան, մենք եկել ենք մեր դարդուցավով, ինքն էլ իր պաշտոնեական դիրքերից ելնելով՝ մեզ ասում է՝ ես որ խոսում եմ, դուք լռեք։ Ասում ենք՝ այ ախպեր, մենք քո աշխատողները չենք, որ դու էլ ժողով ես անում, ասում ես՝ լռեք, մենք մեր հարցով ենք եկել։ Ասում եմ՝ սա ձեր մարզպետարանի տված թղթերն են, որ ուղարկել եք գյուղապետի պաշտոնակատարին, որ ոչ մեկ իրավունք չունի Զարզանդ Գրիգորյանի հետ գործարք կատարելու, ինքն իրավունք չունի, որպես պաշտոնյա անձ, մտնի գյուղապետարան։ Էսի կանգնում, ըսենց ա ասում՝ դե, իր նախկին աշխատանքի տեղն է, էլի, կարա գա, ընկերական նստի։ Այսինքն՝ եթե Վանեցյանին գործից հանել են, ուրեմն ինքը կարող է գնալ ԱԱԾ-ում նորից նստել, նույնը՝ Օսիպյանը։ Ոնց որ մեզ ձեռ առներ էդ Կարենը։ Ինքը եղել է բանկի աշխատող, ինքը սովոր է, որ մարդկանցից տոկոսներ քամի, հիմա ինքը գիտի, թե Զնդոյից՝ Զարզանդ Գրիգորյանից, ինչ տոկոսներ է քամել։ Ասում ենք՝ լավ, մի օր գնաց-նստեց, բայց 6 ամիս է՝ իր լիազորությունները դադարեցված են, 6 ամիս ինքն ամեն օր գնում-նստում է այնտեղ, նույնիսկ ավագանու նիստ է անում։ Ասում է՝ դուք գնացեք, դեմն ընտրություններ են, ընտրություններին իրեն մի ընտրեք, հաղթեք իրեն։ Փաստորեն, փոխմարզպետը Զնդոյի փաստաբանն է»,- ասաց Վիրաբ Շահբազյանը։

Մեր զրուցակիցներն իրենց պատճառներն են առաջ քաշում, թե ինչու է պետք չսպասել ընտրություններին։ Նրանց խոսքով՝ Զարզանդ Գրիգորյանը լուրջ աշխատում է իր ռեյտինգի վրա և հույս ունի վերընտրվելու։

«Ինքը գյուղի բյուջեից աշակերտներին գրենական պիտույքներ ա գնում, Ֆեյսբուքում գցում է, թե ինքն է գումարը տվել։ Էսօր գյուղում ջուր են քաշում, իր անունն են տալիս, որ ռեյտինգը բարձրանա, մեզ էլ՝ բողոքական, ճիշտ արտահայտվողներիս, սարքում են փողոցի խուժաններ։ Լավ, բա մենք ինչի՞ համար հեղափոխություն արեցինք, «Իմ քայլը» խմբակցության համա՞ր էր մեր արած հեղափոխությունը, որ էդ մի քանի հոգին նստեն վերևը, թե՞ որ Նիկոլ Փաշինյանի նեղ «կռուգը» պաշտոնի նստի։ Նիկոլ Փաշինյան, դու անձամբ քո բառերով ասացիր, որ ինքը կասեցված է, մեղադրյալ է, այլևս գործ չունի, ինքն այդքան օրենք է խախտել՝ այդքան սանկցիա է խախտել, բայց նա քո խոսքն էլ է գետնով տալիս»։ 

Թեմայի առնչությամբ զանգահարեցինք Զարզանդ Գրիգորյանին, ով ասաց՝ եթե մենք ուշադիր նայեինք իրենից բողոքողների աչքերին, ապա կհասկանայինք, որ նրանք «հոգեկան հիվանդ են»․

«Լավ են անում, իրենք մի քիչ հոգեկան շեղումներ ունեն, որ ուշադիր նայեք իրենց աչքերին, կզգաք, որ իրենք հոգեկան շեղում ունեն, անկապ եկել-բողոքում են, անկապ-անկապ խոսում են»։

Հարցրինք՝ ճի՞շտ է, որ ինքը մինչ այժմ գնում է համայնքապետարան, նստում իր աշխատասենյակում, մինչդեռ իր լիազորությունները դադարեցված են։ Պատասխանեց․ «Կարևորը՝ դուք լավ եղեք, դեռ կխոսենք», և անջատեց հեռախոսը։