Փակենք այդ էջը

Փակենք այդ էջը

Նախօրեին ռեստորաններից մեկի այցելուների նկատմամբ ոստիկանությունը ուժ էր կիրառել, եւ «զոհերից» մեկը հայտնվել էր հիվանդանոցում։ Ծեծի ենթարկվածը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետն է՝ օլիգարխ Ալեքսանյանի ազգականը։ Հետեւում եմ նյութի արձագանքներին։ Մի հսկա բանակ ասում է՝ լավ են արել ոստիկանները, բոլորը հավասար են օրենքի առաջ, այլեւս մեր երկրում արտոնյալներ, «հաբռգածներ» չպետք է լինեն։ Ոսկե խոսքեր։ Բայց ոչ ոք չի հետաքրքրվում, թե որն է եղել այդ մարդկանց մեղքը, եւ ինչու է ոստիկանությունը նման բիրտ ուժ կիրառել։ Իհարկե, ողջ աշխարհում էլ ոստիկաններին տրված է ուժ, անգամ զենք կիրառելու իրավունք։ Բայց այդ ուժի կիրառումը պետք է լինի մարդկանց գործած հանցանքին համարժեք։ Եթե հանցագործ են վնասազերծում, մեկ այլ հանցագործություն են կանխում՝ թող կիրառեն։ Բայց եթե մարդիկ հանգստանում են, նույնիսկ եթե չափն անցել են ու հայհոյել իրենց, նման ուժի կիրառումը, որը մարմնական լուրջ վնասվածքներ է հասցրել մարդկանց, ինչո՞վ է բացատրվում։ Մի՞թե մենք վերադառնում ենք այն ժամանակները, երբ ոստիկանությունում միայն խոշտանգումով էին ցուցմունք կորզում, երբ հանրահավաքները ցրելու համար ռետինե մահակներ ու ջրցան էին օգտագործում։ Երբ ոստիկանին հայհոյողներին 15 օր էին տալիս՝ «զազրախոսելու» համար, իսկ ընդդիմության հանրահավաքներին գնացողները վարչական տուգանքի էին ենթարկվում ու աշխատանքից ազատվում։ Այս բոլորը եղել է մեզանում, եւ հիմա մենք այդ ամենը հիշում ենք որպես ծանր երազ՝ հույս փայփայելով, որ այն չի կրկնվելու։ Այլեւս Հայաստանում ինչ-որ մեկի իշխանությունը պահպանելու համար մարդկանց չեն ծեծելու եւ տուգանելու։ Ընդդիմությանը բանտերը չեն նետելու, քաղաքական հակառակորդների վրա կոմպրոմատներ չեն հավաքելու։