Այսինքն՝ դատավորների համար ստեղծենք անպատժելիության մթնոլո՞րտ

Այսինքն՝ դատավորների համար ստեղծենք անպատժելիության մթնոլո՞րտ

Դատական համակարգում վերջին օրերին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում։ Բարձրագույն դատական խորհուրդն օրերս թույլ տվեց, որ քրեական հետապնդում իրականացվի սնանկության դատարանի 2 դատավորի՝ Արա Կուբանյանի եւ Գեւորգ Նարինյանի նկատմամբ։ Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, իսկ Նարինյանին կալանավորեց։ Զրուցեցինք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

- Դուք օրեր առաջ ասացիք՝ վեթինգը դատական համակարգում սկսվել է․ ի՞նչ ասել է վեթինգ։

- «Վեթինգն» օտարահունչ բառ է, որը թարգմանաբար հայերեն հնչելու է «զտում», իսկ եթե ավելի պարզ լեզվով ասենք, ապա վեթինգ՝ նշանակում է մաքրել դատական համակարգը եւ ստեղծել այնպիսի դատարան, որը մեր երազանքների դատարանն է։ Ես վեթինգ ասելով՝ դա եմ հասկանում։

- Իսկ ո՞րն է մեր երազանքների դատարանը։

- Ազատ, անկախ, որը գործում է օրենքով եւ իրավունքի գերակայության սկզբունքով, եւ որը պատվեր կատարող դատարան չէ։ Իմ պատկերացմամբ՝ դա է մեր երազած դատարանը։

- Իսկ ինչո՞ւ հիմա չունենք ազատ, անկախ եւ պատվեր չկատարող դատարան։

- Ունենք, բայց միշտ դա բարելավելու կարիք ունի, եւ մենք ուզում ենք դա ավելի շատ ունենալ։ Ազատ, անկախ եւ պատվեր չկատարող դատարան ասելով՝ ես նկատի ունեմ նաեւ հանրային ճնշումներին դիմադրող եւ հրապարակում հնչեցված կարծիքներին չտրվող դատարան։ Այսօր մենք ունենք հետեւյալ պատկերը, որը շատ զավեշտալի եւ ծիծաղելի է․ մեկ քրեական գործով նախաքննական մարմինը անձին բերում է կալանքի, եւ այն դատավորը, որն այդ կալանքի միջնորդությունը լսելու է, արդեն հանրային դաշտում թիրախավորվում է։ Կեսը գրում են՝ քանի որ դատարանն իշխանությունների տակ է աշխատում, իշխանությունների կարծիքն է արտահայտում, ուրեմն կալանքը կտա, եւ հակառակ դաշտն ասում է՝ այ, դատարանը կատարում է նախկինների պահանջը, նրանց ցուցումով է աշխատում, հետեւաբար՝ կմերժի։ Դատավորը մի որոշում ունի կայացնելու՝ կա՛մ անձին կալանավորել, կա՛մ մերժել (կա՛մ գրավ կիրառել)։ Էս 2 որոշումներից մեկն ունի կիրառելու։ Եվ դատարանը, անկախ նրանից՝ ինչ որոշում էլ կայացնի, արդեն թիրախավորվելու է, եւ արդեն նշանակում է, որ դատարանը վատն է, դատավորը սխալ է, ազատ չէ, անկախ չէ եւ քաղաքական պատվեր է կատարում՝ կա՛մ նորերի, կա՛մ հների։

- Ինչո՞վ եք վստահ, որ վեթինգի իրականացումից հետո հանրային ճնշումները կվերանան, ընկալումները կփոխվեն դատական համակարգի վերաբերյալ։

- Վստահ չեմ, դա ընդամենը իմ ցանկությունն է։ Ու վեթինգի արդյունքում այս դատական կորպուսից կմնա 90 տոկոսը, թե 20 տոկոսը՝ էական չէ, բայց գոնե ինչ-որ մի պահ կգա, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կամ արդարադատության նախարարը, կամ հանրային լսարան ունեցող որեւէ անձ կասի, որ մենք ավարտեցինք վեթինգը, այժմ մենք էս պահից սկսած՝ հավատում ենք մեր դատավորներին, մեր դատական համակարգին։ Եվ եթե դատավորը հանուն Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ անունից որոշում, որեւէ դատական ակտ կայացրեց, անկախ նրանից՝ դա իմ դուրը գալիս է, թե չի գալիս, ես դա ընդունում եմ որպես իրողություն։

- Դուք ասացիք՝ մենք ուզում ենք անել վեթինգ եւ ունենալ մեր երազանքների դատարանը։ Այդ «մենք»-ն ովքե՞ր են՝ Դուք եւ ԲԴԽ անդամնե՞րը, թե՞ քաղաքական իշխանությունը՝ ի դեմս վարչապետի։

- Ես նկատի ունեմ ինձ, Ձեզ, Ձեր հարեւանին, որին չեմ ճանաչում, ե՛ւ քաղաքական իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը՝ բոլորին։

- Ինչո՞ւ հիմա առաջացավ վեթինգի անհրաժեշտություն՝ իշխանափոխությունից հետո, ինչո՞ւ նախորդ 10 կամ 20 տարիներին այդ մասին չէր խոսվում։

- Նոր իշխանությունն ընդամենը բարձրաձայնեց այդ ցանկությունը, դատական համակարգը զտելու, մաքրելու, ունենալու անաչառ ու անկախ դատարան։ Նման ցանկություն բոլոր իշխանություններն ունենում են, ե՛ւ նախկիններն են ունեցել, ե՛ւ ներկաներն ունեն։ Ուղղակի նոր իշխանությունների համարձակությունը ներեց, նրանք բարձրաձայնեցին, ու ավելի հնչեղ դարձավ այս հարցը։

- Վերջին օրերին աղմուկ բարձրացավ սնանկության դատարանի 2 դատավորի հետ կապված՝ ԲԴԽ-ն թույլ տվեց, որ նրանց նկատմամբ թե՛ քրեական հետապնդում իրականացվի, թե՛ կալանավորում։ Ինչո՞ւ է խորհուրդն այդպես հեշտությամբ «հանձնում» իր դատավորներին։

- Դա թյուր կարծիք է, որ ԲԴԽ-ն հեշտությամբ «հանձնում» է իր դատավորներին, բացարձակ համաձայն չեմ այդ ձեւակերպման հետ։ Երբ որ գլխավոր դատախազը ներկայացնում է միջնորդություն՝ դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԲԴԽ-ն նայում է դրա հիմնավորվածությանը կամ ոչ հիմնավոր լինելուն։ Ինչպե՞ս եք պատկերացնում, եթե նյութերով եւ ապացույցներով անձը, որը կասկածվում է հանցագործության մեջ, երեւում է, որ այդ կասկածը հիմնավոր է, ի՞նչ ասի, ասի՝ թույլ չեմ տալիս, քանի որ դատավո՞ր են։ Այսինքն՝ դատավորների համար ստեղծենք անպատժելիության մթնոլո՞րտ։ Դա՞ է մեր երազած դատարանը, որ դատավորն ինչ ուզենա, անի, եւ Բարձրագույն դատական խորհուրդն ասի՝ եթե դատավոր է, ուրեմն թույլ չեմ տալիս քրեական հետապնդում իրականացնել։ Մենք նայում ենք, եթե հիմնավոր է, թույլ ենք տալիս, եթե հիմնավոր չլինի, միանշանակ թույլ չենք տա։

- Գուցե միայն քրեական հետապնդմա՞ն մասով թույլ տաք, այլ ոչ թե կալանքի, հատկապես, որ շատ է քննադատվում, որ դատարաններն ամեն փոքր հարցով անմիջապես կալանքի որոշում են կայացնում, ինչը վատ պրակտիկա է։

- Ձեր կարծիքով՝ վատ պրակտիկա է, իմ կարծիքով՝ դա վատ պրակտիկա չէ։ Առաջինը՝ բավականին նվազել է կալանքի միջնորդություն ներկայացնելը դատարան։ Երկրորդը․ եթե Դուք նայեք վիճակագրությանը, ապա բավականին մեծ է տոկոսը, երբ որ դատարանը մերժում է կամ գրավ է կիրառում։ Եթե մենք համադրենք այդ երկու հանգամանքը, որ նախաքննական մարմինը շատ հաճախ չի բերում, եւ ինչքան ենք մենք մերժում եւ գրավ կիրառում, ապա Դուք կտեսնեք, որ մենք իրականացնում ենք այն գործառույթը, որը դատարանը պետք է անի։ Եթե դատարանը ղեկավարվի այն սկզբունքով, որ վիճակագրությունը շտկելու համար եկեք մերժենք, ապա մենք չենք ունենա մեր երազած դատարանը, որի մասին խոսում ենք։ Դուք տեսե՞լ եք, մենք ունե՞նք անհիմն տրված կալանք։ Ես, համենայնդեպս, էս վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում չեմ հանդիպել այնպիսի դեպքի, որ դատարանն անհիմն կալանք է տվել, այսինքն՝ մարդն անմեղ է, կալանքի հիմք չի եղել, բայց դատարանը կալանավորել է։ Հետո՝ Դուք հաշվի առեք, որ դատարան ասվածը միայն առաջին ատյանի դատարանները չեն, դրանք վերաքննիչ դատարաններն են, դա վճռաբեկ դատարանն է, որոնք որ, այո, կարող է առաջին ատյանի դատարանը թույլ տա սխալ, եւ վերադաս ատյաններն այդ սխալը շտկեն։

- Բայց ինչի՞ց ելնելով եք ասում, որ չենք ունեցել անհիմն կալանքներ։

- Որովհետեւ մենք չունենք ակնհայտ անարդարացի դատական ակտ կայացնելու վերաբերյալ որեւէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Մի դատավորի իրավական մոտեցումը մի տեսակ է, մյուսինը ուրիշ տեսակ է։ Եղել է, որ առաջին ատյանը գրավ է կիրառել, բայց վերաքննիչը համարել է, որ գրավն անթույլատրելի է, եւ անձին կալանավորել է, եղել է հակառակը։

- Բայց մենք ունենք նաեւ քաղաքական բնույթ կրող գործերի օրինակներ՝ Քոչարյանի գործը, Գագիկ Խաչատրյանի, Սամվել Մայրապետյանի, որը հասավ ՄԻԵԴ, եւ պարզվեց՝ Հայաստանի դատարանները սխալ որոշում էին կայացրել․․․

- Ոչ, համաձայն չեմ։ Խոսքը վերաբերում է Մայրապետյանի գործին, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մայրապետյանի գործով որոշում կայացրեց, Մայրապետյանն այդ ժամանակ արդեն ազատության մեջ էր, կալանքի տակ չէր։ Խնդրում եմ այդ խնդիրը դատական համակարգի հետ չկապել։ Կարող եք ստուգել, դրանից մի քանի օր առաջ դատարանը նրա նկատմամբ գրավ էր կիրառել եւ ազատել էր կալանքից նույն հիմքով՝ բուժման նպատակով։