Նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ մարզպետի

Նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ մարզպետի

Նորաշեն համայնքի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ Արարատի մարզպետարանի։ Հիշեցնենք, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանին ազատել էր աշխատանքից։ Արձակուրդում գտնվող համայնքապետը այդ մասին իմացել էր համայնքապետարանի պահակից։ Գարիկ Սարգսյանը իր որոշումը բացատրել էր նրանով, որ Գրիգորյանը, ըստ մարզպետի, 6 ամիս շարունակ ավագանու նիստ չէր հրավիրել, ինչն էլ հիմք է հանդիսացել համայնքապետին պաշտոնից ազատելու համար, մինչդեռ ավագանու նիստի արձանագրությունները տեղադրված են եղել Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում։ Մարզպետի որոշումից հետո նորաշենցիները բողոքի ակցիաներ էին սկսել՝ պահանջելով չեղարկել որոշումը։ Գրիգորյանի փոխարեն համայնքապետի պաշտոնակատար էր նշանակվել ավագանու անդամ Արտակ Հարությունյանը։ Մեզ հետ զրույցում Գրիգորյանի Փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ դատարանը արդեն իսկ հայցադիմումը վարույթ է ընդունել, ինչը նշանակում է, որ Գրիգորյանը պետք է վերականգնվի համայնքապետի պաշտոնում․

«Մենք հայցադիմում ենք ներկայացրել Վարչական դատարան, վիճարկել ենք ավագանու արձանագրությունը և դրա հիման վրա մարզպետի կայացրած կարգադրությունը՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։ Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ, ինչը Վարչական դատավարության օրենսգրքի ուժով նշանակում է, որ վիճարկվող վարչական ակտի գործողությունը կասեցվում է, մինչև որ վեճի վերաբերյալ վերջնական որոշումը կմտնի ուժի մեջ։ Այսինքն՝ դա նշանակում է, որ մարզպետի կարգադրությունը արդեն իսկ օրենքի ուժով կասեցված է, այսինքն՝ պետք է վերկանգնվի նախկին համայնքապետի փաստական և իրավական վիճակը, մինչև վերջնական դատական ակտը օրինական ուժի մեջ մտնի։ Ես այսօր՝ առավոտյան, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը արդեն իսկ ուղարկել եմ մարզպետին՝ համապատասխան միջնորդությամբ, որ կարգադրություն արձակի նախկին կարգադրությունը վերացնելու վերաբերյալ»,- ասաց Մակինյանը։