Արարատ Միրզոյանի համար իր մասին նախագծի տապալումն անսպասելի է եղել

Արարատ Միրզոյանի համար իր մասին նախագծի տապալումն անսպասելի է եղել

Անվտանգության խորհրդի նիստերին ԱԺ նախագահի մասնակցության մասին նախագծի տապալումը անսպասելի է եղել նաեւ Արարատ Միրզոյանի համար։ Այս մասին վերջինս խոստովանեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով մեր հարցին․ «Եթե ցանկանանք, կարող ենք նորից շրջանառել: Եթե այնպես լիներ, որ ուզենայինք ամեն գնով ընդունել, մենք կարող էինք գործուղում մեկնող գործընկերներին խնդրել նամակով տեղեկացնել իրենց «կողմ» քվեարկության մասին, ունեինք նաեւ բացականեր, կարող էինք հորդորել, որ չբացակայեն»,- նշեց նա։

Մեր դիտարկմանը, որ նախագիծն անցկացնելը գերխնդիր չէր, ինչու է քվեարկությունից հետո Միրզոյանն իր աշխատասենյակ հրավիրել խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին եւ պատգամավոր Սիփան Փաշինյանին՝ բացատրություն պահանջելու նախագծի տապալման վերաբերյալ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Իմ աշխատասենյակում պարբերաբար պատգամավորներ լինում են, անկեղծ ասած, գրեթե մենակ չեմ լինում, անընդհատ շատ տարբեր պատգամավորների հետ քննարկում եմ ունենում, այստեղ ֆորսմաժոր չկա, ժողովուրդ ջան: Ապրենք՝ կտեսնենք»: Մեր պնդմանը՝ ձեզ համար կարծես անսպասելի էր, որ օրինագիծը տապալվեց, ինչո՞ւ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Էն առումով էր անսպասելի, որովհետեւ ինձ թվում էր՝ սա այն  նախագիծն է, որին բոլորը կողմ կլինեն, ոչ միայն իմքայլականները: Վստահեցնում եմ, չեմ ձեւացնում, իսկապես, մեծ խնդիր չեմ տեսնում այստեղ: Կլինի անհրաժեշտություն քննարկել՝ կքննարկենք, նորից կառաջարկեն այս կամ այն մոտեցումը: Մենք ջանք չենք գործադրել, որ ասենք՝ վայ, այսպիսի օրենք է պետք, պետք է անպայման գալ: Հերթական օրենքի նախագիծն է, որը  մարդիկ լսել են հիմնական զեկուցողի շուրթերից, հնարավորություն են ունեցել հանձնաժողովում քննարկել, վերջում որոշել են ոնց քվեարկել»: