Ավելացավ պաշտոնյաների թիվը, որոնք կերթեւեկեն փարոսիկներով մեքենաներով

Կառավարությունն այսօրվա նիստում ավելացրեց այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց վրա եւս կտեղադրվեն կապույտ առկայծող փարոսիկներով կամ կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով։
«ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2329-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելվածով սահմանվում է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք ենթակա են կահավորման կապույտ առկայծող փարոսիկներով կամ կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով։
Այդ ցանկից դուրս են մնացել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի տրանսպորտային միջոցները։
Այս համատեքստում հատկանշական է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքների կարգավորումներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն օժտվել է քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու լիազորություններով։ Իսկ Պետական եկամուտներին կոմիտեն, չնայած ունի նման գործառույթ, բայց ներառված չի եղել ցանկում։
Ցանկում ներառված չեն նաև Անվտանգության խորհրդի անդամների և Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տրանսպորտային միջոցները, այնինչ վերջիններիս բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտություն է առկա» նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Փաստորեն, կառավարությունը արտոնյալների շարքերն է ընդգրկում Արայիկ Հարությունյանին, Ռուստամ Բադասյանին, Արմեն Գրիգորյանին եւ Սասուն Խաչատրյանին։
Կարծիքներ