Հրայր Թովմասյանից ու մյուսներից ազատվելու համար արժե՞ պետբյուջեից վճարել 905 մլն դրամ

Հրայր Թովմասյանից ու մյուսներից ազատվելու համար արժե՞ պետբյուջեից վճարել 905 մլն դրամ

Այսօր `ԱԺ ճեպազրույցների ժամին, «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ այն հարցին, որ եթե ՍԴ անդամները ցանկանան գնալ քաղաքական ուժի հետ գործարքի՝ վաղ կենսաթոշակի նախագծի մասով, ապա պետբյուջեից իրենց չաշխատելու և թոշակի գնալու համար վճարվելու է 905 մլն դրամ։ Եվ դա արդեն իսկ որակվել է որպես օրինական կոռուպցիա։

Գրիգոյանն ասաց, որ համաձայն չէ այն բնորոշմանը, թե դա կլինի գործարք իշխանությունների հետ։ Բայց ինքը լեգիտիմ է համարում գումարի հետ կապված հարցը, որ բարձրացվում է լրագրողների, հանրության կողմից։

«Բայց ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասել, նույնը կրկնեմ հիմա․ իրավիճակը, որը ստեղծված է մեր երկրում ՍԴ-ի շուրջ, ոչ ստանդարտ է՝ դրանից բխող վտանգներով, և լուծումները ստանդարտ լինել չեն կարող, երբ որ իրավիճակն ինքնին ոչ ստանդարտ է։ Կոռուպցիա կամ կաշառք դա գնահատելը, բնականաբար, անհիմն է, որովհետև եթե նման իրավիճակ մենք ունենայինք, դժվար թե միջազգային կառույցները դրան արձագանքած չլինեին, ավելին՝ դրականորեն արձագանքած լիներ Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ իրենք նախագծով ՍԴ անդամներին չեն պարտադրում գնալ վաղ կենսաթոշակի, այլ առաջարկում են գնալ, եթե ցանկանան։

Դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանից ու մյուսներից ազատվելու համար արժե՞ պետբյուջեից վճարել 905 մլն դրամ, «Իմ քայլի» պատգամավորն ասաց, որ որևիցե մեկից զուտ ազատվելու համար մի լումա անգամ չարժե վճարել պետբյուջեից։ 

«Անձանց հետ՝ որպես անձ, ոչ մեկը խնդիր չունի։ Ես հիշեցնեմ, որ անգամ իր ամենաթեժ ընդդիմադիր ժամանակաշրջանում, երբ որ ներկայիս վարչապետը խոսում էր Սերժ Սարգսյանի մասին, շատ կարևոր արձանագրում էր կատարում, որ ինքը Սերժ Սարգսյան անձի հետ խնդիր չունի և չի էլ կարող ունենալ, ինքը խնդիր ունի Սերժ Սարգսյան քաղաքական ֆենոմենի հետ։ Նույնն էլ հիմա է, այդ անձինք, ցավոք սրտի, ունեն այնպիսի հետագիծ, այնպիսի փոխկապակցություններ և իրենց գործողություններով դրսևորել են այնպես, որ մենք չենք կարող իրենց կողմից սահմանադրական արդարադատությանը վստահել»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։