Ադրբեջանի իշխանությունները Սանասարի (Կուբաթլիի) շրջանում հեռուստառադիոհեռարձակումն ապահովող աշտարակ են գործարկել 

Ադրբեջանի իշխանությունները  Սանասարի (Կուբաթլիի) շրջանում հեռուստառադիոհեռարձակումն ապահովող աշտարակ են գործարկել 

Ադրբեջանի իշխանությունները գրավյալ Կուբաթլուի շրջանում գործարկել են նախկինում եղած 50 մետրանոց հեռուստառադիոհեռարձակման համար նախատեսված աշտարակը, որով ադրբեջանական հեռուստա եւ ռադիո ալիքները /ութ հեռուստա եւ երկու ռադիոալիք/ սկսել են հեռարձակվել այդ շրջանի մեկ քաղաքում եւ հարակից տասներկու գյուղերում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 31-ից Շուշիում նույնպես սկսել էին հեռարձակվել ադրբեջանական հեռուստա եւ ռադիոալիքները, ընդ որում, այնպես, որ նաեւ Ստեփանակերտում դրանք հասանելի կարող են լինել։

Դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից, ադրբեջանական իշխանությունները փորձում են իրենց հսկողության տակ անցած տարածքները ինտեգրել ադրբեջանական հեռուստառադիո եւ թվային հեռարկձակման ընդհանուր համակարգին եւ ակտիվորեն զբաղված են տեղական հեռարձակող ցանցերի ստեղծմամբ եւ սփռող աշտարակների կառուցմամբ եւ գործարկմամբ։