Ովքեր են Աշխարհի առաջնության իրական ֆավորիտները

Ովքեր են Աշխարհի առաջնության իրական ֆավորիտները

Երեկ Բրազիլիա- Սերբիա խաղով ավարտվեց Աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրը, որում մի շարք անակնկալներ գրանցվեցին։ Նախ մասնագետների կողմից առաջնության գլխավոր ֆավորիտ հանդիսացող Արգենտինայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց Սաուդյան Արաբիայի ընտրանուց։

Հետո արդեն Գերմանիայի հավաքականը սայթաքեց ու զարմանալիորեն զիջեց Ճապոնիային, իսկ Գերմանիայի հավաքականը նույնպես ֆավորիտների ցանկում է։ Ֆավորտիների ցանկից Պորտուգալիայի հավաքականը մի կերպ կարողացավ առավելության հասնել Գանայի հավաքականի նկատմամբ։ Թե Գերմանիայի, թե Արգենտինայի ու Պորտուգալիայի հավաքականները իրենց խաղով առաջնության անդրանիկ տուրում որևէ մեկին չեն տպավորել, ավելին՝ տրամաբանական հարց է ծագում, թե այսպիսի խաղով վերոնշյալ հավաքականները մինչև ուր կարող են հասնել Աշխարհի ընթացիկ առաջնությունում։

Գերմանիայի ու Արգենտինայի պարագայում անգամ խոսվում է, որ նրանք դժվար թե կարողանան հաղթահարել խմբային փուլի արգելքը, քանի որ առաջիկայում իրոք բարդ երկու հանդիպումներ են սպասվում։ Իսպանիայի, Անգլիայի, Բրազիլիայի ու Ֆրանսիայի հավաքականների մասին, չգիտես ինչու, առաջնության մեկնարկից առաջ այդքան էլ չէր խոսվում, քննադատությունների հեղեղ էր տեղում այս հավաքականների գլխավոր մարզիչների հասցեին՝ կապված հայտացուցակների, կազմերի ընտրության հետ։ Բայց արի ու տես, որ այս հավաքականները հակառակը ապացուցեցին, գրագետ ու ստաբիլ խաղով ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը թեքեցին հենց իրենց կողմը։ Իսպանիայի ընտրանին պարզապես ջախջախեց Կոստա Ռիկայի հավաքականին ոչ ֆուտբոլային 7-0 հաշվով։ Ֆրանսիա- Ավստրալիա խաղի մեկնարկը թեպետ լավ չդասավորվեց աշխարհի գործող չեմպիոնների համար, սկզբում պարտվում էին 0-1 հաշվով, սակայն հանդիպման հետագա ընթացքը ցույց տվեց՝ ինչի են ունակ ֆրանսիացիները։ Դե իսկ Բրազիլիայի հավաքականի խաղը, ավելի ճիշտ երկրորդ խաղակեսը, իսկական մաստեր կլաս էր բոլորի համար։ Սերբիայի հետ խաղում բրազիլացիներին, ճիշտ է, չհաջողվեց շատ գոլեր խփել, հաղթեցին ընդամենը 2-0 հաշվով, բայց ֆուտբոլային կախարդների խաղը չափից դուրս տպավորիչ էր։