Այդ օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով

Այդ օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները ՀՀ նախագահը, ինչպես հայտնի է, չի ստորագրել, եւ հայտնի չէ՝ կդիմի այդ հարցով ՍԴ, թե ոչ, որի համար ունի 21-օրյա ժամկետ: Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցինք՝ եթե Արմեն Սարգսյանը ոչ ստորագրում է, ոչ էլ դիմում է ՍԴ, ինքն ունի՞ սահմանադրական լիազորություններ օրենքը հրապարակելու վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ միանշանակ, ունի, ասաց նաեւ, թե այս թեմայով չի զրուցել ՀՀ նախագահի հետ .«Օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ օրենսդրորեն ԱԺ նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորություն: Ես հետեւել եմ քննարկումներին: Մի մասն ասում է, որ այն պահից, երբ ՀՀ նախագահը նամակով ինձ տեղեկացրել է, որ չի ստորագրելու օրենքը, ես այդ պահից սկսած կարող եմ ստորագրել: Մյուս մասը, իմ կարծիքով, իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը, ընդ որում քաղաքական ամենատարբեր ճամբարներից, կարծում են, որ անկախ այդ գրությունից, նախագահն ունի իրեն տրված 21 օրը, նա կարող է  փոշմանել, կարող է վիճարկել ՍԴ-ում, 21 օրը պետք է լրանա, որից հետո նախագահի չստորագրելու դեպքում եւ ՍԴ չդիմելու դեպքում՝ ԱԺ նախագահի համար առաջանում է իրավական հնարավորություն ստորագրելու կամ չստորագրելու օրենքի նախագիծը»,-ասաց  Միրզոյանը: