Հայկական թավշյա փայտոջիլ (armenus velvetus takhtabiti)

Հայկական թավշյա փայտոջիլ (armenus velvetus takhtabiti)

Մակաբույծների (այլոց վաստակը ապրելու միջավայր եւ սննդի աղբյուր դարձնող) դասի արյունածուծ միջատ: Գիտնականներին այս միջատը հայտնի է 2018 թվականի գարնանից, տարածված է բացառապես հայկական լեռնաշխարհի արեւելյան հատվածում՝ նախկին խորհրդային Հայաստանում, տարածվել է դեպի արեւելք՝ պատմական հայկական Արցախ նահանգ:

Հայկական թավշյա փայտոջիլի էգն ու արուն արտաքնապես իրարից չեն տարբերվում, տարբերությունը կարող են տեսնել միայն մասնագետներին: Թե էգը, թե արուն կարող են միանգամից ծծել մի քանի լիտր արյուն: Հայկական թավշյա փայտոջիլը կարող է ողջ մնալ ու որոշակի միջավայրում դառնալ գերիշխող տեսակ, անգամ եթե այդ միջավայրի միայն 25 տոկոսն է նրա համար բարենպաստ: Բնության մեջ նման այլ շնչավոր չկա: Հայկական թավշյա փայտոջիլի էգն էլ, արուն էլ ծայրահեղ ագրեսիվ են ու պահվածքով հիշեցնում են չաշխատող մեղուներին՝ բոռերին, բերք չեն հավաքում, փեթակի ընդհանուր նպատակին չեն ծառայում: Գիտնականները պարզել են, որ հայկական թավշյա փայտոջիլը կարողանում է ձայներ արտաբերել, բայց այդ ձայների ավելի քան 90 տոկոսը անիմաստ, ոչինչ չասող ձայներ են, մնացածն էլ՝ այլոց հասցեին վիրավորական ձայներ:

Գիտնականները պարզել են, որ աշխատանքը ամենաատելի բանն է հայկական թավշյա փայտոջիլների համար: Ու առաջարկում են հայկական թավշյա փայտոջիլի դեմ պայքարի բացարձակ արդյունավետ միջոց: Հայկական թավշյա փայտոջիլի տարածման միջավայրում բոլորը պետք է ակտիվ լինեն՝ ձայներ արձակեն, գործողություններ նախաձեռնեն: Այս դեպքում նրանց անիմաստ ձայները լսելի չեն լինի, իսկ աշխատանքով հարուստ միջավայրում 25 տոկոսով գերիշխող տեսակ չեն դառնա: Եթե միջավայրը ակտիվ չլինի, հայկական թավշյա փայտոջիլը կծծի ողջ կենսական նյութերն ու անապատի կվերածի միջավայրը: Այս փայտոջիլն այնքան ցածր ինտելեկտ ունի, չի էլ մտածում, թե ինչպես է ապրելու եղածն ուտելով ու նոր բարիք չստեղծելով: Մեկ-երկու փայտոջիլ գուցե եւ իրենց համար այլ միջավայր գտնեն, բայց գերակշիռ մասը մնալու է իր իսկ ավիրած միջավայրում ու խանգարելու է բոլոր նրանց, ովքեր կփորձեն վերականգնել միռջավայրի կենսական ռեսուրսները: Ուստի հայկական թավշյա փայտոջիլին ուսումնասիրած գիտնականները չեն դադարում կրկնել. հայկական թավշյա փայտոջիլի տարածման միջավայրում բոլորը պետք է ակտիվ լինեն՝ ձայներ արձակեն, գործողություններ նախաձեռնեն: Այս դեպքում նրանց անիմաստ ձայները լսելի չեն լինի, իսկ աշխատանքով հարուստ միջավայրում 25 տոկոսով գերիշխող տեսակ չեն դառնա:

Արեգ Մարգարյան